ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 08:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 25 » Ժխտման եւ քողարկման նոր դրսեւորում /Էրդողանի հայտարարությունը կրկին կեղծ էր/
16:48
Ժխտման եւ քողարկման նոր դրսեւորում /Էրդողանի հայտարարությունը կրկին կեղծ էր/

Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ նախօրեին արած հայտարարությունը լայն արձագանք է գտել թե պաշտոնական, թե քաղաքագիտական շրջանակներում։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանել է «Արմենպրեսի» թղթակցի հարցին։
—Պարո՛ն Սարգսյան, ապրիլի 24—ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի հայտարարություն արեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանում շարադրված մոտեցումները։
—Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման եւ քողարկման հերթական՝ թերեւս ավելի կատարելագործված դրսեւորում է։
Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը՝ զոհին եւ դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետեւանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձեւավորման կոչը։
Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը եւ աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները։ Քրիստոնեության մեջ դա կոչվում է ապաշխարանք։ 
Վստահ եմ՝ դրա համարժեքը կա նաեւ այլ կրոններում։ Ինչպես նշել է նախագահ Սարգսյանն իր ուղերձում. «Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը»։ Ընդ որում, դատապարտել անցյալի հանցագործությունները՝ չի նշանակում հանցագործ ճանաչել այդ պատմությունը կրող ողջ ժողովրդին։ Անհրաժեշտ է հստակ մատնանշել կոնկրետ քաղաքականության մշակողներին եւ իրականացնողներին։ Դա անհրաժեշտ է առաջին հերթին հենց պատմությունը կրող ժողովրդին, քանի որ միայն դա է հնարավորություն տալիս տարանջատել ժողովրդին պատմության ամոթալի էջերից։
Թուրքիայի վարչապետը խոսում է պատմությունը թշնամանքի եւ քաղաքական հակասության չվերածելու անհրաժեշտության մասին։ 
Սակայն փաստ է, որ հայերի եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմություն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքականության մեջ։ Դրա դրսեւորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում։
Ինչ վերաբերում է երկխոսությանը, որին կոչ է անում վարչապետ Էրդողանը, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այդպիսի երկխոսություն մենք ունեցել ենք, եւ այն իր տրամաբանական ձեւակերպումն է գտել ցյուրիխյան արձանագրություններում, որոնց վավերացման գործընթացից թուրքական կողմը հետ կանգնեց։ Հայաստանի Հանրապետության նախագահը իր ուղերձում նշել է՝ «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող այլեւս բառերով չափվել», իսկ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետներ» ձեւակերպումն առավել քան արդիական է դառնում։ 
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակիի սա դրական քայլ է. «Մենք ողջունում ենք Էրդողանի՝ 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած տառապանքի պատմական հրապարակային ընդունումը։ Հավատում ենք, որ սա դրական նշանն է այն բանի, որ կարող է լինել դեպքերի լիարժեք, ազնիվ ու արդար ճանաչում, որը, հավատացած ենք, նպաստելու է հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,–ասել է նա։
«Թվիթերի» իր էջում Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւս ընդհանուր առմամբ ողջունել է Էրդողանի հայտարարությունը եւ մասնավորապես նշել. «Հարաբերությունների կարգավորումը ԵՄ առանցքային արժեքներից մեկն է։ Հուսով եմ՝ այս ուղղությամբ հետագայում եւս քայլեր կլինեն»։
Կանխատեսելով ոչ միանշանակ վերաբերմունք վերոնշյալ հայտարարությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շտապել է մեկնաբանել այն. «Պատմությունը միայն սեւ ու սպիտակ գծերից չի բաղկացած։ Մոխրագույն տարածքում յուրաքանչյուրը պետք է առաքինություն ունենա անցյալի տառապանքների ցավը կիսելու։ Այս հայտարարությունը միաժամանակ նաեւ կոչ է։ Հուսով ենք, որ այդ կոչն անպատասխան չի մնա»։
Իսկ պատասխանը ավելի շատ սթափեցնող երանգներ ունի։
«Թուրքիայի իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք չեն համապատասխանում իրականությանը,–ասել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը։–Թուրքիայի իշխանություններն իրենց ժողովրդին եւ պետությանն ավելի կօգնեն, երբ օրինակ վերցնեն գերմանական իշխանություններից, որոնք երկրորդ աշխարհամարտից հետո հստակ ընդունեցին իրենց սխալը եւ ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից՝ ճանաչելով Հոլոքոստը»։
Նա ընդգծել է, որ անընդունելի է ժողովրդավարական ժամանակաշրջանում խոսել վերջնագրերով եւ կեղծել պատմությունը։ Դիտարկմանը, թե այս պահին Թուրքիայի վրա ճնշում չկա, Շարմազանովը պատասխանել է, որ աշխարհը պետք է գնա ոչ թե երկակի ստանդարտների, այլ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհով։ «Վստահ եմ, որ Թուրքիային հեշտ տարի չի սպասվում։ Եթե, իհարկե, չսթափվեն մեր հարեւանները»։
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը նկատել է, որ ճիշտ է՝ թուրք պաշտոնյան ցավակցություն է հայտնել, բայց «ի վերջո Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը»։
«Եթե ոմանք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը դիտում են փոփոխություն, ցավոք, դեռեւս չեմ կարող համաձայնել նման գնահատականի հետ»,–հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը։
Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչը նկատել է. «Շատ լավ հասկանում եմ այդ քայլի իմաստը։ Այն զուտ քաղաքական դրդապատճառներ ունի։ Ընտրված է պատշաճ պահը՝ իբրեւ երկրի զարգացման հետ կապված, այն խայտառակ պատմությունները, որում հայտնվել էր թուրքական վերնախավը։ Կարծում եմ՝ այդ քայլը զուտ քաղաքական խաղ էր»։
Սակայն այսքանով հանդերձ Հարությունյանը վստահ է, որ Թուրքիան կընդունի ցեղասպանությունը. «Բացարձակապես չեմ կասկածում, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը։ Վստահ եղեք՝ հեռու չէ այն օրը, որ Թուրքիան իրականում կճանաչի ցեղասպանության փաստը»։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կարծիքով, Թուրքիայի վարչապետը հերթական անգամ ցանկանում է քողի ներքո ցույց տալ, որ ինքը ինչ—որ բան ընդունում է։ «Անընդունելի եմ համարում նրա հայտարարությունը, որովհետեւ նա փորձում է զոհի եւ դահճի միջեւ հավասարության նշան դնել։ Դա հնարավոր չէ, իսկ Հայոց ցեղասպանությունը ժխտել, չընդունել՝ նշանակում է, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները շարունակում են ոճրագործությունը, որովհետեւ ակնհայտ ցեղասպանությունը չընդունելհ եւս հանցագործություն է»,–ընդգծել է սփյուռքի նախարարը։
«Էրդողանի երեկվա հայտարարությունը հենց վկայությունն է նրա, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը»,–հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում նշել 100—ամյա տարելիցը, Քոչարյանը նշել է, որ հետեւողական աշխատանքը տեսանելի է եւ ոչ միայն Թուրքիան, այլեւ աշխարհը ուշ թե շուտ կճանաչի ցեղասպանությունը։
Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի. «Բովանդակության առումով սա ժխտողական քաղաքականության շարունակությունն էր եւ միտված էր նրան, որ ցույց տա աշխարհին, թե Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների կողմնակից է, բաց է քննարկումների համար, բայց պարզ է, որ ամենը, ինչ կատարվում է, հենց ժխտողական քաղաքականության շրջանակում»։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, արձագանքելով Էրդողանի ուղերձին, ընդգծել է, որ նա փորձում է առաջին հերթին մոլորեցնել թուրք երիտասարդությանը։ «Պետք է ընդունել, որ դա կարեւոր քայլ է, սակայն, ցավոք, ուղղված չէ պատմական ճշմարտությունը բացահայտելուն, որը կնպաստեր հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանը»։
Դիմելով Էրդողանին, նա ասում է, որ ապրիլի 24—ը հատուկ նշանակություն ունի Հայաստանի բոլոր քաղաքացիների եւ ողջ աշխարհում սփռված հայերի համար։ «Մենք՝ ցեղասպանություն վերապրածների ժառանգներս, ցանկանում ենք նաեւ նրանց հետ լինել գործընկեր եւ ընկեր, նրանց հետ, ովքեր ազատ են մտածում եւ ցանկանում են ճշմարտությունն իմանալ, այլ ոչ թե հարյուրամյա սուտը եւ կեղծիքը»,–ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ Թուրքիայի կառավարությանը շատ ժամանակ հարկավոր կլինի ճշմարտությանը մոտենալու համար։
Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի խոսքով, Էրդողանի վերջին հայտարարությունը «հետապնդում է քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակ, որովհետեւ թվում է, թե նրանք շահագրգռված են փաստաթղթերն ուսումնասիրել, բայց եթե կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, ապա կարծում եմ ուղղակի տեղին չէ խոսել լրացուցիչ հաշտարար կամ տարաբնույթ այլ անուններով հանձնախմբեր ստեղծելու մասին»։
«Թուրքական կողմը պարզապես հերթական անգամ հնչեցրեց ցեղասպանության վերաբերյալ իր «պաշտոնական տեսակետը», ոչ ավելին,–համոզված է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։–Կրկնվեց այն թեզը, որ վերջին տարիներին թուրքական կողմը առաջ է քաշում, առ այն, որ ցեղասպանության մասին ճշմարտությունը պարզելու համար պետք է ստեղծել հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով, որը եւ իբր պետք է պարզի, թե ինչ է եղել։ Այսինքն՝ այստեղ ընդամենը խտացված ձեւով ներկայացվեց ցեղասպանության վերաբերյալ թուրքական կեղծարար մոտեցումը»։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 426 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024