2012 թվականից ՀՀ—ում պետական ծառայողների, ուսուցիչների եւ բյուջետային աշխատակիցների համար գործում է սոցիալական փաթեթ, որը տալիս է նրանց հնարավորություն՝ օգտվելու որոշակի ծառայություններից՝ առողջապահական, զբոսաշրջության, հիփոթեքային վարկի մարման եւ ուսման վարձի վճարման։ Այս տարվանից ընդլայնվել են սոցփաթեթի ծառայությունները եւ որոշ փոփոխություններ են ներմուծվել։
ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25—ի եւ մարտի 27—ի որոշման մեջ կատարված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում 2015թ. հունվարի 1—ից հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը։ Ի՞նչ է այն ենթադրում։
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության համակարգի ներկայացուցիչները իրազեկեցին ծրագրի մանրամասները։ Այսուհետ, սոցփաթեթի շահառուները պետք է յուրաքանչյուր տարի ենթարկվեն կանխարգելիչ բժշկական քննության։ Որոշումն, ի դեպ, դիտարկվում է որպես պարտադիր նախապայման սոցփաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար։
Այս տարվանից սոցփաթեթի ծառայությունների ցանկում ավելացել է նաեւ արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ծառայությունը։ Ըստ երրորդ փոփոխության, սոցփաթեթի շահառուները հնարավորություն են ստացել սոցփաթեթի տարեկան 72 հազար դրամ գումարն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերման համար։
Շահառուն այդ փաթեթները կարող է ձեռք բերել իր կողմից ընտրված այն ապահովագրական ընկերություններից, որոնց առաջարկող առողջության ապահովագրության փաթեթների օրինակելի ձեւերը ՀՀ առողջապահության նախարարության դրական եզրակացությունն են ստացել։
Նշենք, որ 2015—ի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը կակտիվացնի սոցիալական փաթեթի 2016թ. ծառայությունները։ 2016—ից սկսած՝ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները տվյալ եւ հաջորդ տարվա համար։
ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի տեղեկացմամբ, սոցիալական փաթեթի շահառուի տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը ներառում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հետեւյալ բժշկական ծառայությունները՝ ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն, զարկերակային ճնշման չափում, հիպերտոնիայի վաղ հայտնաբերում, կանանց կրծքագեղձերի զննում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով, ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող՝ 40 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության եւ ակնահատակի զննում՝ գլաուկոմայի վաղ հայտնաբերում, գինեկոլոգիական եւ ուրոլոգիական խորհրդատվություն՝ արյան ընդհանուր հետազոտություն, խոլեստերինի որոշում, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) եւ այլն։
Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1—ից մինչեւ դեկտեմբերի 31—ը) սոցիալական փաթեթի շրջանակում շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել կանխարգելիչ բժշկական քննություն, իսկ եթե դա տեղի է ունեցել տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդ քննությունը նա կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց։
ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանի վստահեցմամբ, տարեկան հազարավոր մարդիկ մահանում են տարբեր ոչ ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով, իսկ փրկվածներն էլ դառնում են հաշմանդամներ։ «Մեր նպատակն է ստիպել մարդուն՝ հետաքրքրվելու իր առողջությամբ, նույնիսկ այն պարագայում, երբ ախտածին նախանշաններ չկան։ Այս փոփոխությունը, կարծում ենք, կհանգեցնի վարքագծի փոփոխության, եւ յուրաքանչյուր մարդ տարին մեկ անգամ հետազոտման ենթարկվելուց հետո միայն կզգա դրա կարեւորությունն ու կդարձնի այն պարտադիր սովորույթ»,–նշեց տիկին Յուզբաշյանը։
Սարո Ծատուրյանն էլ հավելեց, որ այս առումով կարեւոր է իրազեկվածության բարձրացումը, եւ որքան մարդիկ շատ ինֆորմացիա ունենան փաթեթի շրջանակներում մատուցվող ծառայությունների մասին, այնքան ավելի արդյունավետ կդառնա ծրագրի ներդրումը. «Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթի ներդրումը ԱՆ ոլորտի ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է շեշտադրելու հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը»։
Շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում իրականացվում է ամբուլատոր—պոլիկլինիկական այն բժշկական կազմակերպություններում, որտեղ գրանցված է տվյալ շահառուն։ Փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունների լիարժեք իրականացումից հետո բժշկական կազմակերպության կողմից պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցած շահառուին տրամադրվում է տեղեկանք (երկու օրինակից)։
Բացի այդ, ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25—ի որոշմամբ կատարված փոփոխություններով եւ լրացումներով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն ընձեռվեց բժշկական ցուցումների առկայության դեպքում արտահիվանդանոցային պայմաններում օգտվել հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից։ Առանձին հետազոտություններ (մագնիսական—ռեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, գլխուղեղի անգիոգրաֆիա) պետք է իրականացվեն համավճարային սկզբունքով։ Նշված հետազոտությունների համար համավճարների չափը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Նշենք, որ եթե նախկինում շահառուները նման հետազոտություններ անցնելու համար պետք է բուժհաստատություն դիմեին, ապա այժմ նրանք կարող են այդ նույն ծառայությունները ստանալ արտահիվանդանոցային պայմաններում, պետության փոխհատուցման դիմաց։
Սոցիալական փաթեթի մոտ 90 հազար շահառուների հետազոտությունների եւ բուժման համար 2015թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 3.3 մլրդ դրամ, որից շուրջ 700 մլն—ը տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար է։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
|