Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է այս օրերին փոքր եւ միջին ձեռնարկատերերին հուզող հարցերին։ Պարզաբանմամբ հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը։ Ամփոփելով թեման, Հովիկ Աբրահամյանը անհիմն է համարել փոքր եւ միջին ձեռնարկատերերի անհանգստությունը, քանի որ կառավարությունը մտադրություն չի ունեցել ճնշելու փոքր եւ միջին բիզնեսը, այլ հակառակը, այս փաթեթով խնդիր է դրել կայացնել եւ զարգացնել այն (տե՛ս առանձին)։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն՝ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ եւ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կմեծանա սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, եւս ութ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է։ Այժմ այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն այլ համայնքներում համանման գործունեություն իրականացնող սուբյեկտների համեմատությամբ գործում են հարկման հավասար պայմաններում։ Որոշմամբ այդ սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից։ Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների եւ այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին եւ այլն։ «Իրոք, մենք լավ գործ ենք անում,–հարցի վերաբերյալ նշել է վարչապետը։–Ես համոզված եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն։ Եթե այնտեղ նոր բիզնես–ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր։ Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի»։ Ամփոփելով հարցի քննարկումը, Հովիկ Աբրահամյանը հավելել է. «Իհարկե, սա շատ լավ փաթեթ է։ Մենք այն քննարկել ենք ԱԺ Հանրապետական խմբակցության հետ եւ առաջարկել ենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն։ Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է։ Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, եւ եթե կան ողջամիտ առաջարկներ եւ կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2014թ. սեպտեմբերի 4–ին տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով գործադիրը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է մոտ 69 մլն դրամ։
Կգործի ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը, որի համաձայն՝ դեպարտամենտը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է քննչական կոմիտեին ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը։ Գործադիրը սահմանել է քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովության եւ ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները, քննչական կոմիտեի ծառայողի՝ լրացուցիչ արձակուրդից օգտվելու իրավունքը։ Ընդունված որոշումները կնպաստեն կառույցի ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը։
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ ՊՆ, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների եւ քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների համար 2014թ. հուլիսի 1–ից ուժի մեջ մտած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով նախատեսված դրամական օգնության տեսակների կարգը, չափերը եւ պայմանները։
Նիստում հավանություն է տրվել երեխաների սնուցման բարելավման հայեցակարգին, դրա 2015–2020թթ. գործողությունների ծրագրին, որոնց ընդունումը եւ դրան հաջորդող գործողությունների իրագործումը կնպաստեն վաղ հասակի երեխաների սնուցման վիճակի բարելավմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության նվազեցմանը։
Կառավարության հավանությունն են ստացել «Սարանիստ» ՍՊԸ կողմից իրականացվող գործարար ծրագիրը, որի իրականացմամբ լրացուցիչ կստեղծվի առնվազն 100 աշխատատեղ, ՀՀ տեղական համակարգի օպտիմալացման հայեցակարգը եւ գործողությունների համառոտ ծրագիրը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխման հայեցակարգը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ Գործադիրը հաստատել է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015թ. միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը։
Կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եւ օգտագործման պետական ծրագիրը, 2014–2020թթ. միջոցառումները։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ եւ կենսագործմամբ կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը, համակարգում կապահովվի կենսաբանական եւ լանդշաֆտային ներկայացվածությունը, կստեղծվի ազգային էկոլոգիական ցանց։
Քանի որ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին» ս.թ. հունիսի 21–ի ՀՀ օրենքով սահմանվել են կառավարության մի շարք որոշումներով կարգավորվող խնդիրները, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած իր չորս որոշումը։
Իր ընդունած վեց որոշմամբ կառավարությունը թույլատրել է լուծարված մի շարք օբյեկտների գույքը մասնավորեցնել դասական աճուրդով։
Կառավարության որոշմամբ Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում գտնվող հողամասը նվիրաբերվել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ «Վարդուհի» արվեստի դպրոց ստեղծելու եւ տարածքում գործունեություն ծավալելու պայմանով։ Ըստ հաստատված ներդրումային ծրագրի, արվեստի դպրոցի կառուցման համար ծախսվելու է ավելի քան 370 մլն դրամ։
Կարեւորվել է սոցիալական ոլորտի օրենսդրությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի վեց, առողջապահության ոլորտի մեկ, գիտության ոլորտի մեկ, ֆիզկուլտուրայի եւ սպորտի ոլորտի մեկ ծրագրի, Սեւանա լճի, Գյումրի քաղաքի վերականգնման 2015թ. ծրագրերի նախագծերին եւ դրանք «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացնի ՀՀ Ազգային ժողով։
Նիստում հավանություն է տրվել «Ֆինանսական համահարթեցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» եւ այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների, եւս երկու օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով կհստակեցվի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որն իրավասու է քննել օրենսգրքի 195.1–196–րդ եւ 201–րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները։
Նիստում հավանություն է ստացել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» եւ եւս չորս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը։
Գործադիրը քննարկել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքում եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել բռնությամբ կատարած հանցագործության զոհերին՝ եթե հանցագործություն կատարած անձը չի բացահայտվում կամ նա անհասանելի է ՀՀ իրավապահ մարմինների համար, կամ մահացել է, կամ անվճարունակ է։ Կառավարության եզրակացության համաձայն՝ քրեական դատավարության գործող օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է պատճառած վնասի փոխհատուցում, ուստի նախագծերի փաթեթն ընդունելի չէ եւ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի։
Նիստում քննարկվել է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Քանի որ ս.թ. դեկտեմբերի 31–ին լրանում է օրենքի գործողության ժամկետը, հեղինակներն առաջարկում են այն երկարաձգել չորս տարով։ Ըստ կառավարության եզրակացության, նշված օրենքը հռչակագրային բնույթ ունի, եւ դրա գործողության ժամկետի երկարացումն արդյունավետ եւ նպատակահարմար չէ։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. մայիսի 31–ին ՀՀ կողմից ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների իրականացման պատասխանատու պետական մարմին է նշանակվել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը։
Նկատի առնելով օպերային երգիչ, դիրիժոր եւ խմբավար Սիփան Հակոբյանի ծավալած երաժշտական գործունեությունը, բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, գործադիրը որոշել է նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչեւ 2015թ. ամառային զորակոչը։
ՀՀ կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նրան եւ մաղթել արդյունավետ աշխատանք։
Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը ներկաներին հակիրճ տեղեկացրել է, թե ինչպես է անցել Հայաստան–սփյուռք համաժողովը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ կարեւորելով Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը։
|