
ՌԴ Կեմերովո քաղաքում նախօրեին տեղի ունեցած ողբերգությունը անտարբեր չի թողել նաեւ հայաստանցիներին։ Ի հիշատակ զոհվածների Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են թողել, մոմեր վառել։ «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». այս գրությունն էր երեւում ծաղիկների շարքերի միջից։
«Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի մոտ եւս երեկ մարդկանց հոսքը չէր դադարում. շատերը թողել են ծաղիկներ ու խաղալիքներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում հրդեհի հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ մարտի 28—ը ՌԴ—ում համազգային սգո օր հայտարարելու հրամանագիր է ստորագրել։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկրի ամբողջ տարածքում կխոնարհվեն ՌԴ—ի պետական դրոշները, մշակույթի հիմնարկներին եւ հեռուստառադիոընկերություններին առաջարկված է չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։
Երեկ Վլադիմիր Պուտինը այցելել է Կեմերովո։ Այնտեղ նա չպլանավորված հանդիպում է անցկացրել քաղաքացիների նախաձեռնող խմբի հետ, տեղի ունեցածը «հանցավոր անփութություն» անվանել եւ խոստացել, որ հրդեհի բոլոր մեղավորները պատիժ կկրեն։
Հավաքված քաղաքացիներին, որոնց թվում էին նաեւ հրդեհից զոհվածների եւ տուժածների հարազատներ, նախագահը վստահեցրել է, որ ողբերգության հետաքննությունը կկատարվի հանգամանորեն՝ չնայելով պաշտոններին եւ կոչումներին։ «Այժմ այստեղ աշխատում է հարյուր մարդուց բաղկացած քննչական խումբը։ Դրա աշխատանքը գլխավորում է քննչական կոմիտեի ղեկավարը։ Նույնիսկ մի կասկածեք՝ բոլոր մեղավորները կպատժվեն»,–ասել է Պուտինը։ Նա հորդորել է վստահել պաշտոնական տվյալներին, նկատի ունենալով այն, որ Կեմերովոյի բնակիչները քաղաքային վարչակազմի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ պնդել են, որ զոհերի եւ տուժածների մասին հրապարակված պաշտոնական թիվը չի համապատասխանում իրականությանը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ վերջին տվյալներով զոհերի թիվը 64—ն է։ Հոսպիտալացվել է 14 մարդ, այդ թվում եւ 3 երեխա, 53—ը բուժումը ստանում են ամբուլատոր պայմաններում։
ՌԴ նախագահը Կեմերովոյի շտապ բժշկական օգնության մարզային հիվանդանոցում այցելել է տուժածներին, շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը հայտնել է, որ առեւտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանը չի աշխատել դեռ մարտի 19—ից, ոչ ոք չի զբաղվել այն կարգի բերելով։ Բացի այդ, կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհը սկսվելուց հետո չի միացրել ազդանշանային համակարգը, որը, ի տարբերություն հակահրդեհային ազդանշանի, սարքին է եղել։ «Մենք չենք կարող որեւէ խելամիտ բացատրություն տալ դրան, ինչ—որ անպատրաստ մարդ է եղել»,–հայտնել է նա։
Նա Պուտինին հայտնել է, որ մինչ այժմ հրդեհի բռնկման ամենահավանական տարբերակը էլեկտրականության կարճ միացումն է եղել։ Հրդեհի հետաքննության շրջանակում հարուցված քրգործով ձերբակալվել է հինգ մարդ։ hhpress.am
Հ. Ա.
|