«Մեծ Բրիտանիան գոհ է այն արդյունքներից, որ բերեց ՆԱՏՕ—ի ուելսյան գագաթնաժողովը»,–ասաց Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպան Քեթի Լիչը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» (ՏՀԿ) եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած «ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» քննարկման ժամանակ։
Տիկին դեսպանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններին. «Մենք գնահատում ենք Հայաստանի հետ փոխհարաբերությունները»։ Նա հույս ունի, որ Հայաստանն եւ ՆԱՏՕ—ն կուժեղացնեն համագործակցությունը։
Վրաստանում ՆԱՏՕ—ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն կարեւոր համարեց պաշտպանական հնարավորությունների զարգացումը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որպեսզի որոշեն՝ ինչպես պատասխանեն տարատեսակ սպառնալիքներին։
Լահյուն նշեց, որ ՆԱՏՕ—ն շարունակելու է իր գործընկերությունը Հայաստանի հետ, եւ ՀՀ—ն շարունակելու է մասնակցել ՆԱՏՕ—ի ծրագրերին։
«Չափազանց կարեւոր էր Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով ՆԱՏՕ—ի գագաթնաժողովին։ Այդ մասնակցությամբ վերջ դրվեց այն բացասական պրակտիկային, որ Հայաստանը նախորդ երկու գագաթնաժողովներին՝ Լիսաբոն, Չիկագո, ներկայացված չէր բարձր մակարդակով»,–ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը։
Նա նշեց, որ Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը գագաթնաժողովին կանխեց Թուրքիայի ադրբեջանամետ մտահղացումների իրագործումը, բացի այդ, Հայաստանը ցույց տվեց, որ ի վիճակի է կատարել ինքնուրույն քայլեր. «Այս ուղղությունը պետք է զարգացնել եւ հարմար առիթով օգտագործել»։ Անդրադառնալով տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթներ ընդգրկող ՆԱՏՕ—ի հռչակագրին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Պետք չէ ՆԱՏՕ—ի շրջանակներում ձեւակերպումների վերաբերյալ կենաց—մահու պայքար մղել։ ԼՂ հակամարտությունը ՆԱՏՕ—ի տիրույթում չէ, եւ այդպիսի պայքար մղելով՝ թուլանում է Մինսկի խմբի դերը»։
Թուրքիան ինքն է որոշում իր քաղաքականությունը
Ինչ վերաբերում է նրան, որ ՆԱՏՕ—ի անդամ է Թուրքիան՝ մի երկիր, որի սահմանը շարունակում է փակ մնալ, Ուիլիամ Լահյուն նշեց, որ բոլորը պետք է հասկանան, որ ՆԱՏՕ—ն չի թելադրում անդամ երկրներին ինչ անել, այլ յուրաքանչյուր անդամ, որպես անկախ պետություն, ինքն է որոշում իր գործողությունները։
Դեսպան Քեթի Լիչն էլ ավելացրեց, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ—ի անդամ, կարող է հարաբերություններ եւ ընթացիկ երկխոսություններ ունենալ տարբեր երկրների հետ։
«Այս համատեքստում մենք Կիպրոսի խնդիրը չենք լուծել»,–ասաց նա եւ նշեց, որ այդ հարցում Հունաստանը եւ Թուրքիան բարելավում են գրանցել, եւ ՆԱՏՕ—ն կարող է այս սկզբունքներն օգտագործել այլ լայն գործողությունների համար։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը աբսուրդ համարեց, որ Թուրքիան ՄԱԿ—ի, ԵԽ—ի անդամ լինելով՝ փակ սահմաններ է պահում։ Նրա համոզմամբ, դա անընդունելի է։ «Թուրքիայից պետք է պահանջել, որ բացի սահմանները, դիվանագիտական հարաբերություններ ստեղծի, բայց սա կապված է ոչ թե ՆԱՏՕ—ի, այլ Թուրքիայի հետ»,–ասաց նա։
Խաղաղության եւ համագործակցության խորացման նոր հեռանկարներ
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքերով ՆԱՏՕ—ի ուելսյան գագաթնաժողովն առանձնահատուկ էր մի շարք պատճառներով. «Առաջին, գագաթնաժողովը տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ ականատես ենք մի քանի հակամարտությունների զուգահեռ խորացմանը տարբեր տարածաշրջաններում»։ Միջոցառումների օրակարգում ներգրավված էին այնպիսի կարեւորագույն թեմաներ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը, Աֆղանստանի ապագան, նոր մարտահրավերները, Իրաքի, Սիրիայի շուրջ զարգացումները, ՆԱՏՕ—ի ընթացիկ եւ պլանավորվող ծրագրերը, ՆԱՏՕ—ի եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցության ամրապնդումը եւ այլն։ Գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ—ի 28 անդամ երկրներն ընդունեցին հայտարարություններ, որոնցից հիմնականն, իհարկե, ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի հռչակագիրն էր դաշինքի հետագա գործունեության, իրականացվող միջոցառումների եւ ծրագրերի, գործունեության ռազմավարական ուղղությունների եւ միջազգային հարաբերություններում առկա տարբեր իրադարձությունների, հակամարտությունների եւ դրանց լուծման սեփական տեսլականների վերաբերյալ. «Երկրորդ, գլոբալ զարգացումների տարբեր փուլերում ՆԱՏՕ—ն միշտ էլ ընկալվել է որպես ռազմաքաղաքական կառույց, սակայն ժամանակ առ ժամանակ առկա էր նրա առաքելության բնույթի փոփոխություն ի օգուտ քաղաքական եւ նույնիսկ «փափուկ ուժի» տարրերի»։
Նահապետյանի խոսքով, այս գագաթնաժողովի ընթացքում շեշտը միանշանակորեն դրվեց արձագանքման ռազմական տարրի վրա, սակայն այլ հարց է, թե որքանով են պատրաստ անդամ—երկրները համապատասխանեցնելու իրենց պաշտպանական կարողությունները ՆԱՏՕ—ի այժմյան պահանջներին. «Երրորդ, առանձնակի ուշադրություն դարձվեց գործընկերներին՝ միջազգային անվտանգության խնդիրներին համակարգային մոտեցում ցուցաբերելու շեշտադրումով, ընդ որում մոտեցումը ենթադրում է ոչ միայն ռազմական բաղադրիչ, այլեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ճգնաժամերի կառավարում, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն։ Այսինքն, թեպետ ՆԱՏՕ—ն վերականգնում է ավանդական ռազմական դաշինքի էությունը, առաջնային է համարում գործընկեր երկրներում բարեփոխումների իրականացումը»։
Պատգամավորը ներկայացրեց ուելսյան գագաթնաժողովի հիմնական շեշտադրումները եւ նշանակությունը Հարավային Կովկասի համար։
Կ. Նահապետյանը նկատեց, որ Հայաստանի համար կարեւոր է, որ ՆԱՏՕ—ն եւ Ռուսաստանը պահպանեն երկխոսության խողովակը. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ ՆԱՏՕ—ի կամ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու վրա։ Հայաստանը պարզ գիտակցում է ազգային անվտանգության իր պահանջները, իսկ ՆԱՏՕ—ն եւ Ռուսաստանը իրենց հերթին կարեւորում են Հայաստանի դերակատարությունը միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության գործում»։
Վեհաժողովի օրակարգի կարեւոր հարցերից էր տարածաշրջանային հակամարտությունները. «Դաշնակիցներին ուղղված սպառնալիքների առանցքը զբաղեցնում էին այսպես կոչված «հիբրիդ պատերազմները», որոնց տակ հասկացվում է զինվորական, կիսազինվորական եւ քաղաքացիական կառույցների համահունչ ներգրավմամբ գործողությունների մի համակարգ»։
Հիբրիդ պատերազմների թեման բավականին ակտուալ է նաեւ Հայաստանի համար, երբ ավանդական եւ ոչ ավանդական պատերազմների տարրերը կիրառվում են հակառակորդի կողմից Հայաստանի նկատմամբ։ Մասնավորապես դա վերաբերում է սաբոտաժ, դիվերսիոն գործողություններին, ինչպես նաեւ տեղեկատվական եւ կիբեռ մակարդակներով հարձակումներին։ Հայաստանը պետք է ուժեղացնի դիմադրողականությունը հիբրիդ պատերազմների տարրերի նկատմամբ՝ «ավելի բարձր արդյունք նվազ ծախսերով» սկզբունքի հիման վրա։
Այնուհետեւ նա դիտարկեց Հայաստանի մասնակցությունը վեհաժողովի շրջանակներում հանդիպումներին քաղաքական, ռազմական—գործողութային եւ ինստիտուցիոնալ. «Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին՝ կցանկանայի մեջբերել Ուելսի գագաթնաժողովում ընդունված անդրանտլանտյան կապերի վերաբերյալ հայտարարությունը, որում, ՆԱՏՕ—ն մեծապես կարեւորում է ասոցացված եւ գործընկեր երկրների հետ համագործակցությունը հանուն ընդհանուր արժեքների, կայունության եւ անվտանգության։ Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եւ մինչ այսօր էլ պահպանում է իր կարեւորությունը, հետեւաբար՝ այլեւս անշրջելի է»։ Իսկ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ անդամակցելու Մաքսային Միությանը, չպետք է դիտարկել որպես Հյուսիս—ատլանտյան դաշինքի հետ զարգացող հարաբերությունների արդյունավետությունն իջեցնող կամ կանխող գործոն. «Մենք կարծում ենք, որ անդամակցումը Մաքսային միությանն ու միաժամանակ քաղաքական երկխոսության զարգացումը Եվրոպական գործընկերների հետ միայն վերահաստատում է այն, որ Հայաստանը շարունակում է իր բազմավեկտոր քաղաքականությունը եւ արդյունավետ համագործակցության եզրեր գտնում տարբեր ոլորտներում, շահագրգիռ բոլոր գործընկերների հետ, ելնելով սեփական ազգային անվտանգության շահերից՝ միաժամանակ ապահովելով ՀՀ միջազգային բոլոր պարտավորությունների իրականացումը։
Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի ինքնիշխան իրավունք՝ ինքնուրույնաբար ընտրելու անվտանգության այն համակարգերը, որոնց կազմում տվյալ պետության ժողովուրդը ընտրություն է կատարել լինելու։ Միաժամանակ կարծում ենք, որ նման ընտրությունը չպետք է լրացուցիչ անվտանգության խնդիրներ առաջացնի ինչպես տարածաշրջանային երկրների, այնպես էլ համաշխարհային անվտանգության համակարգերի միջեւ լարվածություն, անգամ հնարավոր բախումներ առաջացնելու տեսակետից»։
Մեծ Բրիտանիան ցանկանում է խաղաղ տարածաշրջան տեսնել
Լրագրողների հետ ճեպազրույցում Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձավ ԵՏՄ—ին Հայաստանի սպասվելիք անդամակցությունից հետո Հայաստանի հետ համագործակցությանը. «Հայաստանը կայացրել է իր որոշումը՝ ստորագրելով համաձայնագիրը։ Մենք հարգում ենք այդ որոշումը եւ մեր կողմից մենք պատրաստ ենք հասկանալու, թե Հայաստանն ինչ պարտականություն ունի համագործակցության շրջանակներում եւ դրանից հետո խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները՝ հատկապես տնտեսական համագործակցության շրջանակներում»։
ՆԱՏՕ—ի հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքի առանձին ներկայացման հետ կապված ՀՀ իշխանությունների դժգոհության վերաբերյալ էլ ասաց. «Հասկանում եմ ՀՀ իշխանություններին իրենց տեսակետի համար, բայց որպես ՆԱՏՕ ներկայացնող երկիր պետք է նշեմ, որ ՆԱՏՕ—ն կողմնակից է հակամարտությունների խաղաղ լուծմանը, եւ նաեւ որպես ՆԱՏՕ—ի անդամ երկիր պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես բանակցությունների միջնորդ, ուստի պետք է ասել, որ այնտեղ արվել է հնարավորը՝ ցույց տալու, որ խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»։
Ինչ վերաբերում է օգոստոսին սահմանին լարված իրավիճակի հետ կապված՝ Մեծ Բրիտանիայի հայտարարություններին, ասաց, որ Բրիտանիան միշտ էլ հետաքրքրված է եւ կողմնակից, որ մեր տարածաշրջանում սահմաններին կայուն իրավիճակ լինի. «Հայտարարությունն արվեց, քանի որ կարծում էինք, որ վիճակը այդ պահին աննախադեպ լարված էր, եւ մեզ պետք էր, որ այն հանդարտվեր եւ տարածաշրջանում հնարավորինս խաղաղություն հաստատվեր»։
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հարցում Բրիտանիայի դերին, ապա Լիչը նշեց. «Ես հուսով եմ, որ Բրիտանիան կատարում է լարվածությունը զսպողի դեր, սակայն ոչ այնքան, որքան ԱՄՆ—ը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որովհետեւ նրանց դերն է այդ բանակցությունների կարգավորումը։ Բայց հուսով եմ, որ Բրիտանիան կարողանում է իր դերն ունենալ՝ պաշտպանելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն այս առումով»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|