ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 8 » Մենք ենք, մեր սարերն ու մեր շահերը /Ու մեզնից լավ այն ոչ ոք չի պաշտպանի/
10:43
Մենք ենք, մեր սարերն ու մեր շահերը /Ու մեզնից լավ այն ոչ ոք չի պաշտպանի/

Հանրահայտ է, որ ներկայիս աշխարհում քաղաքական եւ տնտեսական շահերը սերտաճել են եւ վերածվել քաղաքատնտեսական հարաբերությունների։ Սա ոմանք փորձում են չնկատել, անգամ հերքել՝ բացառապես տնտեսական զարգացումը առաջնային դիտարկելով եւ, ըստ այդմ էլ, Արցախի խնդիրը պետք է անգամ զիջումների գնով լուծել, քանզի խանգարում է մեր երկրի տնտեսական զարգացմանը։
Բայց այնքան պարզ է, որ նույնիսկ ասելու կարիք էլ չկա, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե հայկական կողմը վերցնի եւ ում եւ ինչ շահերի համար զիջի ազատագրված մեր տարածքները՝ հայտարարվող խաղաղության դիմաց։
Ո՞վ պետք է պահպանի այդ խաղաղությունը։
Ադրբեջա՞նը։ Այն Ադրբեջանը, որի նախագահները փոխնիփոխ ձգտում են Երեւա՞նը նվաճել, Սեւանն ու Զանգեզու՞րը եւ մեր այլ տարածքնե՞ր։
Նորից հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում որերորդ անգամ հայտարարել էր. «Չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան եւ դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը»…
Իսկ գուցե միջազգային խաղաղապահ զորքե՞րը կպահպանեն խաղաղությունը։ Եվ այդ ո՞ր միջազգային՝ ՀԱՊԿ—ակա՞ն, թե՞ ՆԱՏՕ–ական, թե՞ սրանց «ոսկե միջինը»։ Բայց ցայսօր ակնհայտ է, որ այս ուժերը բոլոր հարցերում հակամարտող կողմեր են։ Եվ ինչ, նրանց հակամարտությունը մենք մեր ձեռքերով ներդնենք հայ—ադրբեջանական հակամարտության մե՞ջ։ Թուրքիան ՆԱՏՕ—ի կենտրոնական ռազմաբազան է Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։ Արժե՞ այստեղ խորը վերլուծություն անել։ Իսկ Հայաստանում տեղակայված է տարածաշրջանային նշանակության ռուսական ռազմաբազա։ Թերեւս այստեղ էլ վերլուծության կարիք չկա։ ՆԱՏՕ—ի անդամ Թուրքիան եւ Հունաստանը պարբերաբար հայտնվում են միմյանց հետ պատերազմելու շեմին, թե՛ Կիպրոսի հարցով, թե՛ հունական այս կամ այն կղզու նկատմամբ թուրքական ոտնձգությունից հետո։ Այս դեպքում, մեր զիջումներից հետո ինչպե՞ս կարող ենք վստահել, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը ապահովագրված կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հնարավոր ոտնձգություններից։
Սեպտեմբերի 25—ին Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 74—րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում կայացած եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Նիկոս Խրիստոդուլիդեսի եւ Նիկոլաոս Դենդիասի միջեւ, անչափ կարեւոր էր։ Քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ, ինչը թերեւս միս ու արյուն կստանա գալիք տարի Երեւանում նախատեսված Կիպրոս—Հայաստան—Հունաստան ձեւաչափով գագաթնաժողովում։
Այդ ի՜նչ խաղաղության մասին պետք է խոսք լինի, երբ խիստ տարակուսելի իրավիճակներ են եղել նաեւ ՀԱՊԿ գործունեության հետ կապված, երբ հայ—ադրբեջանական սահմանային բախումների կամ տարաբնույթ խախտումների ժամանակ մեր զինակից ընկեր—երկրները ոչ միայն չեն սաստել Բաքվին, այլեւ հայկական կողմի ինքնապաշտպանությունն ամրացնելու եւ հակառակորդին կարգի հրավիրելու առաջարկներն են կասեցրել։ Կամ՝ նշյալ կառույցի անդամ Ղազախստանը տարբեր դաշինքների մեջ է, սակայն մշտապես ասել է, որ ամենաառաջնայինը համաթուրքական դաշինքն է (այս դաշինքում են՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը)։ Ռուսաստանն ու Բելառուսն էլ զենք—զինամթերք են վաճառում Ադրբեջանին՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է վստահ լինի, որ իրենք ոչ մի քայլ ընդդեմ Հայաստանի չեն անի երրորդ երկրի հետ…
Այդ ի՜նչ երաշխիքով ենք խաղաղության պարտադրվելու… Այո՛, Հայաստանը համբերատար դաշնակից է, ինչը գուցե մեր հատկապես վերջին դարերի պատմությունն է մեզ պարտադրում, բայց ընդամենը 3 տասնյակ առաջվա պատմությունն էլ փաստեց, որ մենք կարող ենք ինքնապաշտպանական քայլեր անել՝ բացառապես մեր շահերով պայմանավորված։


Մեր սարերում միջազգային շահեր են խաչվում
 

Այսօր Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի պայթյունավտանգ հակամարտություններից մեկը, որը կարող է վերսկսվել ամեն պահի, քանի որ հայ—ադրբեջանական հակամարտության՝ մեզ հակառակ կողմում պատերազմ հրահրելու անվերահսկելի իրավիճակ է։ Հակամարտությունն ավելի է լարվում, երբ թուրքական կողմը պարբերաբար եղբայրական աջակցության կոչերով է հանդես գալիս հօգուտ Ադրբեջանի՝ ջուր լցնելով մեր հակառակորդի ջրաղացին։
Իհարկե, կա մեկ այլ լարվածության օջախ եւս՝ ռուս—վրացականը։ Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորստից հետո այս հակամարտությունը ժամանակավորապես սառեցվել է, քանի որ վտանգ կար, որ ռուսական զինուժը կարող է մոտենալ Թբիլիսիին։ Բայց չի բացառվում, որ Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ—ն կարող է տաքացնել հակամարտությունը՝ Ռուսաստանի դեմ քաղաքատնտեսական գործողությունների համապատկերում։ Բայց վրացական կողմը ձգտում է հարցի խաղաղ կարգավորմանը, եւ սեպտեմբերի 27—ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ—ում հրավիրած ասուլիսում հաստատել էր, որ հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ՝ վրացական կողմի խնդրանքով։ Ռուս նախարարն ընդգծել է, որ վրացական կողմից հնչած մեկնաբանություններն իր մոտ ժպիտ են առաջացրել։ Հիշեցնենք, որ 2008—ի պատերազմից ի վեր Ռուսաստանն ու Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Եվ վերջին 11 տարիներին առաջին անգամ է, որ շվեյցարական կողմի միջնորդությամբ Նյու Յորքում հանդիպեցին հարեւան երկրների ԱԳ նախարարները։ Հակամարտության կարգավորման եզրեր դեռ չեն գտնվել, ինչը ռուս—վրացական հակամարտությունը պահպանում է տարածաշրջանային վտանգների շարքում։ Բայց ամենապայթյունավտանգը հայ—ադրբեջանական հակամարտության վերսկսումը կլինի։
Այստեղ խաչվում են գերտերությունների եւ տարածաշրջանի մի շարք երկրների շահերը, ինչը իր ազդեցությունն է թողնում կարգավորման գործընթացի վրա։ Այստեղ շահագրգռված են համաշխարհային երկու բեւեռները՝ Արեւմուտքն ու Ռուսաստանը, ինչպես նաեւ համաշխարհային երրորդ բեւեռին ձգտող Չինաստանը։
Արցախը եւ Հայաստանը պետք է միասնական ու միակամ գործեն, որպեսզի կարողանան այս գերպայքարում հաղթող լինել։ Մենք թշնամուն չպետք է գերագնահատենք, բայցեւ թերագնահատելն էլ ճիշտ չէ։ Ցայսօր, հետեւելով իր հոր եւ մնացյալ նախագահների ամպագոռգոռ հայտարարություններին, Իլհամ Ալիեւը ի սկզբանե դեմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչն էլ տարիներ շարունակ ձգձգում է հարցի կարգավորումը, նա եղել ու մնում է ռազմատենչ հայտարարությունների եւ դրանից բխող քայլերի կողմնակից։ Սա էլ մերթ ընդ մերթ վերածվում է տեղային զինված ընդհարումների ու բախումների, պարբերաբար սադրանքներ ու սահմանային խախտումներ են գրանցվում ադրբեջանական կողմից ոչ միայն արցախա—ադրբեջանական սահմանային հատվածներում, այլեւ՝ հայաստանա—ադրբեջանական սահմանների ինչպես արեւելյան հատվածներում, Տավուշի ուղղությամբ հատկապես, այնպես էլ արեւմտյան հատվածներում՝ Նախիջեւանի կողմից, հիմնականում Վայոց ձորի հետ սահմանային ուղղությամբ։
Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի զենքերի հազարավոր կրակահերթերից, նաեւ դիպուկահարներ է ծառայության վերցրել առաջնագծում, ինչը մշտապես լարվածություն է առաջացնում հայկական դիրքերում, երբեմն մղելով պատասխան քայլերի, որպեսզի կանխվի լարվածության ահագնացումը։
Այս անվերահսկելի իրավիճակում գրեթե անհնարին է խաղաղ կարգավորման հարցով հայ—ադրբեջանական հանդիպում նախաձեռնել բարձր մակարդակով, եւ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը պարբերաբար հետաձգվում է, չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործադրած ջանքերին։
Բայց իրականում այս հարցն անհասկանալի է մնում ինչպես միջնորդների, այնպես էլ մեր դաշնակիցների վերաբերմունքի երկակիության մշտառկայությամբ պայմանավորված։


…Ու մեր ապագան ենք կռում
 

Վերջերս հոխորտացել է նաեւ Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը՝ Հեյդար Ալիեւի կենտրոնում իրենց համախոհների հետ հանդիպմանը։ Նա հայտարարել է, թե ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղը կազատագրի մեկ օրում։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եկավ իշխանության, եւ մենք հույս ունեինք, որ հարցը կլուծվի դրականորեն, բայց նա չափազանց անհեթեթ բաներ է ասում»,–հայտարարել է Ալի Հասանովը՝ չզսպելով իր զայրույթը, թե Հայաստանի վարչապետն ասել է «Արցախը Հայաստան է եւ վերջ»։
Չնայած այս հարցը հետագայում հայկական կողմից պարզաբանվել է եւ մանրամասնվել, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է աղմկել։
Եվ հիմա էլ Ալիեւն ասում է՝ «Արցախն Ադրբեջան է եւ բացականչական նշան»։ Մեր ԱԳՆ—ն սույն հայտարարության հարցով դիմել է ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցներին, սակայն նորից լռություն է։ Մինչեւ այսօր Հավաքական անվտանգության պատասխանատուները խուսանավում էին այն պատճառաբանությամբ, թե Արցախը Հայաստանի կազմում չէ, եւ ՀԱՊԿ—ն պարտավորություններ ունի միայն Երեւանի հարցերում։ Սակայն երբ ադրբեջանական կողմը շարունակաբար ռմբակոծում է Երեւանի հարց հանդիսացող Տավուշի գյուղերը, որի ժամանակ նաեւ զոհեր են լինում, նորից լռություն է։ Թերեւս մեկ անգամ կարծես կոչ է հղել ՀԱՊԿ—ն՝ ԵԱՀԿ ՄԽ—ի կոչերից ոչնչով չտարբերվող՝ առանց մատնանշելու սադրիչին, առանց նրանից պատասխան պահանջելու…
Եվ երբ դեռ հուլիսին մեր երկրի ԱԳՆ—ն հայտարարեց, թե Հայաստանը չի գնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մյուսով՝ բանակցում, բոլոր կողմերից մի քիչ ոչ խիստ, բայց դիտողություններ արվեցին։ Այդ ժամանակ էր, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ռազմական անակնկալներ են լինելու՝ նկատի ունենալով մեր բանակի զինպատրաստվածությունը։ Ոմանց շրջանում այն կարծիքն է իշխում, թե ժամանակակից զենքեր ձեռք է բերում միայն Ադրբեջանը։
Այս օրերին Հայաստանում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ։ Դրանց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն մեր զինված ուժերի, այլեւ ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը։ Զորավարժությունների ընթացքում տեղի են ունեցել մարտավարական պարապմունքներ, կրակային եւ տեսական պարապմունքներ, ներդաշնակեցում եւ այդպես շարունակ։ Սեպտեմբերի 24—ից հոկտեմբերի 5—ն անցկացվող ռազմավարական զորավարժությունները հավաստեցին, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանում ձեւավորվել է գործող բանակին համարժեք եւս մեկ բանակ, այսինքն, վարչապետի խոսքերով, «ԶՈւ թվաքանակը կրկնապատկվում է։ Եվ դա այն բանի շնորհիվ, որ ՀՀ պահեստազորում գրանցված քաղաքացիները շատ արագ, պատրաստակամորեն եւ վճռական արձագանքել են ՀՀ կառավարության կոչին ու զինվորագրվել երկրի պաշտպանությանը»։ Մինչեւ նոյեմբեր էլ վարժական հավաքներ են լինելու, եւ դրանք շարունակական են լինելու։
Այս միջացառումները կարեւոր են, քանի որ Բաքուն օրըստօրե ահագնացնում է սպառնալիքները, ուստի մեզ համար «խաղաղություն ես ուզում՝ պատրաստ եղիր պատերազմի» կարգախոսը ինչպես միշտ արդիական է։ Առավել եւս, երբ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն էլ է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը, նշելով՝ «մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում եւ մենք երազում ենք այդ մասին։ Եվ դա կլինի մոտ ժամանակներս»։
Բայց այս սպառնալիքներին եւս չեն արձագանքել համապատասխան միջազգային կառույցները եւ մեր դաշնակիցները։ Փոխարենը դիպուկ արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Կարծում եմ՝ երազելը շատ լավ է։ Երեւի նորից ոգեւորվել են»։
Հիշեցնենք, որ դեռ մարտի վերջերին Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս հայտարարել էր, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխում է՝ «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։
Սա թերեւս ամենապարզ պատասխանն է, որ կարելի է տալ Բաքվին, որպեսզի հասկանան մեր զինված ուժերի մարտունակության եւ պատրաստվածության աստիճանը ե՛ւ զինական, ե՛ւ հոգեպես ամուր լինելու տեսանկյուններից։
«Հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ մի բան չի զիջվելու»,—ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։ Խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու հարց է դրված։ Ավելացվելու է այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։
Մեր եւ մեր սարերի պատմությունը մեզ ապացուցել է, որ այլոց նավերը մեր սարերը չեն կարողանալու բարձրանալ, այլոց զինվորները մեր քարերի վրա հոգնած ու հպարտ չեն քնելու, առավել եւս մեր շահերի համար չեն նահատակվելու…
Մե՛նք ենք մեր սարերը պաշտպանելու եւ պարտավոր ենք մեր բոլո՛ր սարերի տերը լինել։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024