ՀՀ պետական մրցանակ է հանձնվել Ջեյմս Թրուշարդին
Երեկ տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդին եւ նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.
«Հարգարժան պարոն Թրուշարդ,
Տիկնայք եւ պարոնայք,
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն այսօր շնորհվում է «Նեշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Ջեյմս Թրուշարդին։
Մի մարդու, որ իր նորարարությամբ բացառիկ դերակատարություն է ունեցել ողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ տարածման գործում։ Ես մասնագիտական մանրամասների մեջ չեմ մտնի։ Բայց կասեմ հետեւյալը։
Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է՝ տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաեւ մարտահրավեր են բոլոր նրանց, ովքեր ուզում են քայլել մարդկության առաջընթացին համընթաց։
Հայաստանի եւ ընդհանրապես ողջ հայության համար այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ Նախեւառաջ, ապրելով աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում՝ մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաներն այն վիրտուալ կապն են, որ ապահովում են արտաքին աշխարհի հետ մեր անխափան հաղորդակցությունը, ինչո՞ւ չէ, նաեւ մեր տնտեսական աճն ու զարգացումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն սակավաթիվներից է, որոնց զարգացման համար անհրաժեշտ չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով, հարուստ ընդերք։ Դրա համար անհրաժեշտ է մարդկային կապիտալ։ Իսկ դա այն ռեսուրսն է, որով Հայաստանը մշտապես աչքի է ընկել։
Մենք ոչ միայն ուրախ ենք այդ նոր բացվող հնարավորությունների համար, այլեւ պիտի ամեն ջանք գործադրենք այդ հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ։ Հենց այդ է պատճառը, որ ես մեր նոր ձեւավորվող կառավարության առաջնային խնդիրներից եմ համարում Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը։
Եվ բնավ նկատի չունեմ գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցում։
Ընդհակառակը, մենք պետք է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական մոտեցումների օգտագործմամբ զարգացնենք եւ նոր մակարդակի հասցնենք նաեւ մեր գյուղատնտեսությունը եւ հանքարդյունաբերությունը։ Մենք պետք է ինովացիոն լուծումներով ոչ միայն դյուրացնենք համապատասխան ոլորտում եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում աշխատողների հոգսը, այլեւ բարձրացնենք արտադրանքի որակն ու արդյունավետությունը։
Այն, ինչ արել եւ անում են տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, անհնար է մեկնաբանել այլ կերպ, քան հեղափոխություն։
Մենք հեղափոխականներ ենք, եւ հեղափոխություն բառով հասկանում ենք կտրուկ առաջընթաց, ոչ շաբլոն լուծումներ, նորարարություն, ինչպես նաեւ կյանքի ու աշխատաոճի երիտասարդացում։
Սիրելի պարոն Թրուշարդ,
Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Մեր համագործակցությունը Ձեզ հետ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի։ Այդ ժամանակահատվածում Դուք՝ «Նեյշնլ ինսթրումենթսի» հայաստանյան գրասենյակի միջոցով արդեն իսկ հասցրել եք մեծապես նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետներին միջազգային շուկաներում դրսեւորվելու հնարավորություն եք ընձեռել։
Մենք Ձեզ ընկալում ենք որպես դաշնակից՝ աշխարհն ավելի խելացի, ավելի ուժեղ, ավելի նորարար դարձնելու համամարդկային գործում։ Այս մրցանակով մենք նաեւ ցանկանում ենք օրինակ ցույց տալ մեր երիտասարդներին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից մարդը եւ ինչ իդեալների հետեւից պետք է գնա։
Այս մրցանակով մենք ցանկանում ենք նաեւ գնահատել Ձեր գործը եւ պարզապես մեծարել Ձեզ։ Եթե նույնիսկ Դուք չունեք դրա կարիքը, դրա կարիքն ունենք մենք։ Մենք հասարակություն ենք, որը գնահատում է մարդու աշխատանքը եւ ներդրումը, առավել եւս գնահատում է մեծ մարդու մեծ ներդրումը։
Պարոն Թրուշարդ,
Մեզ համար մշտապես պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր երկրում եւ վայելել Ձեր ներկայությունը։ Կրկին շնորհավորելով այս մրցանակին արժանանալու առիթով՝ մաղթում եմ Ձեզ նոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ։ Գիտեմ, որ սա Ձեր առաջին այցելությունը չէ Հայաստան, եւ թույլ տվեք հույս հայտնել, որ նաեւ վերջինը չէ։
Շնորհակալություն»։
Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը։
Նա ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը եւ կարեւորել «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներկայությունը Հայաստանում, մեր երկրի հետ համագործակցությունը եւ համատեղ ծրագրերը։ Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ եւ համոզմունք հայտնել, որ դրանց թիվը գնալով կավելանա՝ հաշվի առնելով կառավարության՝ ոլորտի զարգացմանը միտված քայլերն ու ծրագրերը։
Իր խոսքում նա անդրադարձել է նաեւ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում կրթության դերակատարությանը՝ ընդգծելով դրա կարեւորությունը եւ մասնավորապես ինժեներական բարձրակարգ կադրերի պատրաստման ուղղությամբ հետեւողական աշխատանքը։
|