ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ճեպազրույցի էր հրավիրել լրագրողներին։ Անդրադառնալով նախորդ շաբաթների կարեւոր արտաքին քաղաքական իրադարձություններին՝ նա հստակեցրել է, որ մայիսին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կատարել է 23 աշխատանքային եւ պաշտոնական այց, որոնց ընթացքում ունեցել է 150—ից ավելի հանդիպումներ, որոնցից 53 երկրների ԱԳ նախարարների, մեկ տասնյակ միջազգային կառույցների ղեկավարների հետ։ Այս ժամանակահատվածում ԱԳ նախարարի պաշտոնակատարը ունեցել է 20 ելույթ եւ 18–ից ավելի հարցազրույց հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցներին։ Այնուհետեւ պատասխանել է հարցերին։
Լրագրողները դարձյալ մեկնաբանություն են խնդրել Բելառուսի նախագահի հայտնի հայտարարությունների վերաբերյալ
Աննա Նաղդալյանը պատասխանել են, հարցին համալիր անդրադարձել է եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, եւ նրա մամուլի խոսնակը։
«Արտաքին գործերի նախարարության անունից միայն կարող եմ հավելել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում, եւ դրա մասին վերջերս բարձրաձայնել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաեւ ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում։ Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը եւ մատակարարումն ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը եւ դրա կիրառման սպառնալիքի աճին, եւ մասնակից պետությունները պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը։
Բայց այստեղ մեկ այլ ավելի կարեւոր դիտարկում կա, որը բազմիցս շահարկման առարկա է դարձել. մեր այս հայտարարությունը երբեւէ չպետք է շփոթել վճռականության պակասի հետ։ Մենք վստահորեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ զինված ուժերն ունեն բարձր պատրաստվածություն, վճռականություն եւ ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։ Պարզապես մենք գիտակցում ենք տարածաշրջանում լարվածության աճի հետեւանքները հենց մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ դրանից դուրս, եւ մշտապես մեր օրակարգում է սպառազինությունների մրցավազքի կանխարգելումը, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորումը։ Այս հարցում որեւէ այլ, երկրորդ մեկնաբանություն պարզապես չի կարող լինել»,–ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանում կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ Լավրովի հայտարարությանը՝ Աննա Նաղդալյան ասել է. «Գիտե՞ք, այս հարցով կարող եմ նշել հստակորեն, որ սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ—ռուսական օրակարգի մի մաս է կազմում, եւ այդ հարցի շուրջ համագործակցության երկխոսություն կա։ Իսկ ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է պարզապես վերահաստատեմ, որ այդ լաբորատորիաները Հայաստանինն են, պատկանում են Հայաստանին, վերահսկվում են մեր կողմից։ Այդտեղ աշխատում են բացառապես հայ փորձագետներ։ Եվ դրանք ունեցել են, ունեն եւ կունենան բացառապես քաղաքացիական բնույթ»։
Որքանո՞վ է հավաստի այն լուրը, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո արտգործնախարարությունը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում առաջարկել է Հայաստանը հանել մոնիտորինգի տակ գտնվող երկրների շարքից, բայց բացասական արձագանք է ստացել։ Այս հարցին ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է. «Գիտե՞ք, այստեղ մեկ ճշգրտող հանգամանք պետք է ընդգծենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստերը դռնփակ են եւ գաղտնի, եւ առաջին հարցը, որ ծագում է, ինչպես են մոնիտորինգի ժամանակ քննարկումները հայտնվել լրատվական դաշտում։ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստերին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը, եւ արտաքին գործերի նախարարությունը չի մասնակցում այդ նիստերին, ուստի երկրորդ զարմանալի հարցն այն է, թե ինչպե՞ս է արտաքին գործերի նախարարությունն առաջարկ կամ նախագիծ ներկայացրել մի նիստին, որին ինքը չի մասնակցում»։
Իսկ ի՞նչ կարծիքի է մամուլի խոսնակը այն հայտարարությունների մասին, թե Հայաստանի վրա ԱՄՆ—ը ճնշումներ է բանեցնում ի վնաս այլ երկրների. «Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է սուվերեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա։ Մենք որեւէ երկրի հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ երկրի դեմ, երբեւէ չենք կառուցել եւ երբեւէ չենք կառուցելու։ Դա մեր օրակարգի մեջ պարզապես չկա։ Այս սկզբունքն է ընկած Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում՝ սուվերեն իրավահավասարություն։ Որեւէ մեկի դեմ մեր արտաքին քաղաքականության օրակարգն ուղղված չէ»։
Արդյոք մադրիդյան սկզբունքները շարունակելո՞ւ են մնալ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի առանցքում։ Նշյալ հարցին Աննա Նաղդալյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Առաջին հարցի առնչությամբ պետք է վերահաստատեմ այն, ինչ մենք այս ամբողջ ընթացքում հաստատել ենք, որ մենք մշտապես ներկայացրել ենք մեր դիրքորոշումը եւ մոտեցումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Այն է՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, եւ մեզ համար այդ ամբողջ գործընթացում գերակա նշանակություն ունի Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը, որոնք միմյանց հետ փոխկապակցված են։ Նաեւ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն ունենա տեւական խաղաղության հաստատման գործընթացում։ Որեւէ այլ մեկնաբանության կարիք չկա։ Ես նշեցի, որ երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են առաջիկայում նույնպես պահպանել հանդիպումների դինամիկան, եւ բոլոր հանդիպումներից հետո մենք հստակ ներկայացրել ենք, թե ինչ է քննարկվել, ինչ է եղել օրակարգում, եւ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այս փուլում որեւէ այլ բան չեմ կարող ասել, քան այն, որ մեր սկզբունքները եւ մոտեցումները հստակ են»։
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, որ 2019—ը, այսպես կոչված, բեկումնային է լինելու հակամարտության կարգավորման համար՝ Աննա Նաղդալյանը նշել է. «2019—ի հետ կապված՝ պետք է ասեմ, որ եղավ նաեւ վարչապետի պատասխան հայտարարությունը, որ շարունակելու ենք գործընթացը համապատասխան հիմքերի վրա։ Այս ընթացքում Ադրբեջանից եղած հայտարարություններին տարբեր ածականներ են տրվել, թե 2019—ին ինչ է լինելու, թե ինչպիսի միջավայր է ստեղծվել համապատասխան գործընթացի համար, որ բարենպաստ միջավայր է ստեղծել գործընթացը առաջ մղելու համար։ Այս առումով պետք է նորից արձանագրեմ, որ այն մասին, թե պետք է ստեղծվի բանակցային գործընթացը առաջ մղելու բարենպաստ միջավայր, մենք բազմիցս ենք նշել, նաեւ այն մասին, թե այդ միջավայրի կոմպոնենտները որոնք են, եւ որ պետք է կատարվեն, ըստ էության, մեխանիզմների ներդրման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է հրաժարվել ռազմական հռետորաբանությունից եւ ատելության քարոզից։ Այս ամեն ինչի պարագայում ես կարող եմ ասել՝ լավ է, որ առաջին անգամ նման հայտարարություն է արվել Բաքվում, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ»։
|