ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 24 » Մինչեւ 2050 թ. կրկնապատկել անտառային մակերեսը
12:16
Մինչեւ 2050 թ. կրկնապատկել անտառային մակերեսը

Հայաստանի այս հանձնառությունը ջանադիր աշխատանք ու հետեւողական քայլեր է պահանջում

«Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչեւ 2050 թվականը, նաեւ ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության եւ վերականգնման խնդիրների շուրջ։ Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է անտառագիտության ոլորտում հետազոտական եւ կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը։
Միջոցառմանը մասնակցում են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր «Կանաչ գոտի շարժում» քենիական ծրագրի, ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի, իսրայելական KKL—JNF բնապահպանական կազմակերպության, ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի եւ «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչները։ Համաժողովի օրերին կազմակերպվելու են այցելություններ «Դիլիջան» ազգային պարկ, «Էյ Թի Փի»—ի տնկարաններ, ծառատունկի վայրեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին եւ կարեւորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերը։ Կառավարության ղեկավարը իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի հյուրեր,
Ուրախ եմ ներկա գտնվել անտառների վերականգնման հիմնախնդիրներին նվիրված անդրանիկ համաժողովին, որին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ ողջ աշխարհից։ Ողջունում եմ բոլորին, բոլոր մասնակիցներին եւ բանախոսներին եւ ուզում եմ ասել՝ բարով եք եկել Հայաստան։
Ողջունում եւ շնորհակալություն եմ հայտում «Armenia Tree Project»—ին եւ Ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական ուսումնասիրությունների կենտրոնին՝ այս կարեւոր միջոցառումը նախաձեռնելու համար։ Ուրախ եմ ողջունելու «Հակոբյան» կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանին, «Armenia tree project»—ի գործադիր տնօրեն Ժան—Մարի Փափելյանին, փոխտնօրեն Ջեյսոն Սոհիգյանին, ինչպես նաեւ բարերար ու հասարակական գործիչ Քերոլայն Մուգարին։ Ուրախ եմ նաեւ ողջունելու այսօրվա միջոցառման գլխավոր բանախոս, Օրեգոնի համալսարանի անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր Էնթընի Դեյվիսին։
Հարգելի բարեկամներ,
Բնապահպանական խնդիրների լուծումը եւ, մասնավորապես, անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են։ Ցավոք, մեր երկիրն արդեն տեւական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ։ Այս բացասական երեւույթը ծնվել է մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում։ Դրան, սակայն, որպես որոշիչ գործոն հետագայում ավելացել է նաեւ կլիմայի փոփոխության գլոբալ միտումը։ Ինչպես հայտնի է, բնապահպանական խնդիրները մեկուսի խնդիրներ չեն։ Դրանք գրեթե միշտ ունենում են գլոբալ ազդեցություն եւ լուծման համար պահանջում են համատեղ ջանքեր, եւ այս առումով շատ կարեւոր են միջոցառումները, որոնք հարթակ են տրամադրում մտքերի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրության եւ հնարավոր համագործակցության եզրերի բացահայտման համար։
Ուրախ եմ տեսնել, որ այսօրվա համաժողովը միավորում է ոլորտի համաշխարհային մասնագետներին, որոնցից, վստահ եմ, շատ բան ունենք սովորելու։ Մեր միջազգային գործընկերներից շատերը գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կայուն ու արդյունավետ ծրագրեր են մշակել ու ներդրել։ Կարծում եմ՝ Հայաստանի փորձը եւս կարող է հետաքրքրություն ներկայացնել նրանցից շատերի համար։
Հարգելի բարեկամներ,
Այսօրվա միջոցառման առանցքում, անշուշտ, «Armenia tree project»—ն է։ Ծրագիրը, որն արդեն 25 տարեկան է, մեծապես նպաստել է Հայաստանի անտառային տարածքների վերականգնմանն ու պահպանմանը։ Նրա ջանքերով՝ Հայաստանում տնկվել է շուրջ 6 միլիոն ծառ։ Սակայն «Armenia tree project»–ն իր գործունեության մեջ չի սահմանափակվել միայն անտառների վերականգնման ու բնապահպանական խնդիրների լուծմամբ։ Այն լուրջ ներդրումներ է կատարել գյուղական համայնքների զարգացման, տնտեսության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման եւ կրթական ծրագրերի իրականացման համար։ Նրա մեծագույն ձեռքբերումներից է գյուղական համայնքներում մարդկանց մշտական աշխատանքով ապահովելը՝ այդպիսով դառնալով մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկը։ 
Համոզված եմ, որ «Armenia tree project»—ը շարունակելու է նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը։ Մենք երախտապարտ կլինենք ձեր մասնակցությանը՝ մինչեւ 2050 թվականը Հայաստանի անտառածածկը կրկնապատկելու ռազմավարական ծրագրի իրականացմանը։ Եվ հույս ունեմ՝ տեղյակ եք 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկող 10 մլն ծառ տնկելու մեր նախաձեռնության մասին։ Հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կդառնա այդ ուղղությամբ ձեռնարկվելիք առաջին նշանակալից քայլը, նկատի ունեմ՝ Հայաստանի անտառածածկ տարածքները կրկնապատկելը։
Բայց ես ուզում եմ արձանագրել նաեւ, որ վերջերս կառավարությունն իր ծավալներով աննախադեպ որոշում կայացրեց, եւ մենք հատկացրեցինք 424 մլն դրամ՝ մինչեւ տարեվերջ Հայաստանում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար։ Այդ առումով մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչեւ տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել, եւ կարեւոր է ընդգծել, որ այս նախագիծը շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ այս պահի դրությամբ համալրված են այդ աշխատատեղերից ընդամենը 500—ը, եւ այս պահի դրությամբ մենք այս ծրագրի շրջանակում ունենք 300 աշխատատեղ Լոռվա մարզում, 200 աշխատատեղ Տավուշի մարզում եւ 50 աշխատատեղ՝ Սյունիքի մարզում։ Այնպես որ, մեր սիրելի հայրենակիցները, ովքեր ուզում են ներգրավել այս գործընթացի մեջ, աշխատանքը, բնականաբար, վճարովի է, կարող են դիմել իրենց տարածքների «Հայանտառ» ՊՈԱԿ—ի մասնաճյուղեր։ Շատ կարեւոր եմ համարում արձանագրել նաեւ, որ մենք վերջերս էական փոփոխություններ ենք մտցրել նաեւ քրեական օրենսգրքում եւ վարչական օրենսգրքում եւ էականորեն խստացրել ենք պատիժները եւ սանկցիաները ապօրինի անտառահատումների վերաբերյալ։ Կարծում եմ՝ այս փոփոխությունները, այս ծրագրերն իսկապես իրենց մասշտաբներով աննախադեպ են եւ ցույց են տալիս Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը եւ քաղաքական կամքը՝ Հայաստանում անտառների պահպանության, անտառների վերականգնման եւ անտառների, անտառածածկ տարածքներն ընդլայնելու գործում։
Հարգելի ներկաներ,
Խոսելով Armenia Tree Project—ի մասին՝ իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ ու ԱՄՆ—ում հայանպաստ օրակարգի առաջամարտիկ Քերոլայն Մուգարին՝ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագրի սկիզբը դնելու համար։ Անգնահատելի է Ձեր կատարած աշխատանքը, տիկին Մուգար, նաեւ որպես Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուղղված ԱՄՆ—ում Հայաստանին վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը, Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարին, ԱՄՆ—Հայաստան ու ԱՄՆ—Արցախ երկխոսության զարգացմանը։ Ձեր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններն ու ծրագրերը Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել են երկրի զարգացմանը։
Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ հայտնել, որ «Armenia Tree Project»—ի 25–ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մարգահովիտի անտառի տարածքում «Մուգարի պուրակի» ստեղծման վերաբերյալ։
Շնորհավորում եմ Ձեզ, տիկին Մուգար, մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու Ձեր բոլոր երազանքների, մտահղացումների իրականացում։
Ավարտելով խոսքս՝ հարգելի ներկաներ, վերստին ցանկանում եմ ողջունել այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցներին եւ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք։ Ցանկանում եմ նաեւ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս հիասքանչ միջոցառման կազմակերպման գործում։

Շնորհակալ եմ ուշադրության համար»։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 330 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024