ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 9 » ՆԱՏՕ—ն Ղարաբաղի հարցով չի զբաղվում
16:07
ՆԱՏՕ—ն Ղարաբաղի հարցով չի զբաղվում

Իսկ ընտրովի մոտեցումներն ու կողմնակալ ձեւակերպումները վնասում են հակամարտության կարգավորմանը
Ուելսում ՆԱՏՕ—ի անդամների կողմից ընդունված վերջնական հռչակագրում մեզ համար ոչ այնքան «հաճելի» մի փաստ կա. մասնավորապես նշվում է, որ դաշնակիցները հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ ինքնավարությանը։ Սա մտահոգիչ է մեզ համար, քանի որ եղած մյուս սկզբունքներից, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը։
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ավստրիացի իր պաշտոնակից Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով նշված մտահոգությանը՝ նշեց. «Վստահ եմ՝ գիտեք, որ ՆԱՏՕ—ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Ավելին՝ իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին եւ ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են՝ նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, եւ որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։ Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են։ Չնայած դրան՝ ՆԱՏՕ—ի վերջին գագաթնաժողովների ընթացքում՝ գագաթնաժողովից գագաթնաժողով որոշ փոփոխություններով, նաեւ վերջին՝ Ուելսի գագաթնաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում եւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձեւակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին եւ մոտեցումներին, չի համապատասխանում նաեւ այն բազմաթիվ հայտարարություններին եւ որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում՝ ԵԱՀԿ շրջանակներում»։ 
Նալբանդյանն ընդգծեց, որ դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաեւ տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի ու ավելի է կտրվում իրականությունից, եւ իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման՝ միջազգային հանրության մոտեցմանը. «Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ—ի Կանոնադրությանը, նաեւ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտին»։ 
Սեբաստիան Կուրցը չմեկնաբանեց ՆԱՏՕ—ի գագաթնաժողովում հրապարակված փաստաթուղթը, քանի որ իր երկիրը ՆԱՏՕ—ի անդամ չէ։ Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Կուրցն ասաց, որ կողմերը պետք է գտնեն խաղաղ լուծում. «Վիեննան պատրաստ է օժանդակել նրանց, ովքեր կցանկանան իրականացնել քաղաքական երկխոսությունը։ Նախորդ տարի Վիեննայում նախագահների հանդիպումը օգտակար է եղել, եւ հույս ունեմ, որ հետագայում բախումներ այլեւս չեն լինի»։


Ադրբեջանին «Ա» տառն է օգնել դառնալ նախագահող երկիր
 

Մեկ այլ մտահոգություն էլ կապված է հարեւան երկրում իրավունքների պաշտպանության ոլորտում անմխիթար վիճակի հետ։ Կարծիքներ կան, որ այդ իրավիճակը հարվածում է նաեւ ԵԽ—ի հեղինակությանը, քանի որ այդ երկիրը ստանձնել է վերջինիս նախագահությունը։
«Ցանկանում եմ շեշտել, որ Ադրբեջանը չի ընտրվել, զուտ այբբենական հերթականության պատճառով է դարձել ԵԽ նախագահող երկիր։ Սա կարեւոր փաստ է։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին եւ խոսքի ազատության սահմանափակումներին, անշուշտ մենք մտահոգված ենք այն վիճակով, որ առկա է Ադրբեջանում։ Ավստրիան ԵՄ անդամ պետություն է եւ շատ է կարեւորում մարդու իրավունքները»,– ասաց նախարար Սեբաստիան Կուրցը։
Ավստրիացի դիվանագետը տեղեկացրեց, որ մի քանի օրից այցելելու է Ադրբեջան եւ տեղում քննարկելու մարդու իրավունքների վիճակը. «Մեզ հատկապես անհանգստացնում է Բաքվում քաղաքական բանտարկյալների իրավիճակը, եւ մենք կօգտագործենք մեր հնարավորությունները արտահայտելու քննադատական դիրքորոշում այդ իրավիճակի վերաբերյալ»։
Ի դեպ, Ավստրիացի լրագրող Յուտտե Բաուերին չեն թույլատրել մուտք գործել Ադրբեջան՝ 2011 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Թեպետ «Die Press» պարբերականի լրագրողը այն միտքն էր առաջ քաշել, թե Ադրբեջան այցելելու մուտքի արտոնագիր իրեն չեն տվել երկրի վերաբերյալ քննադատական հոդված գրելու պատճառով, այդուհանդերձ Ավստրիայում Ադրբեջանի դեսպանատանն այլ բացատրություն են տվել կատարվածին։ «Յուտտե Բաուերի անունը ներառվել է «սեւ ցուցակի» մեջ այն բանից հետո, ինչ նա առանց պաշտոնական Բաքվի համաձանության այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա կարող է մուտքի արտոնագիր ստանալ միայն այն պարագայում, եթե պաշտոնապես ներողութուն խնդրի Ադրբեջանից»,–հայտարարել է Ավստրիայում Ադրբեջանի դեսպանությունը։


Ղարաբաղի հարցը ԵՏՄ—ին միանալու համար խոչընդոտ չէ
 

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ նաեւ ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցելու գործընթացին եւ այդ գործընթացքում Ղարաբաղի դերին։ «Բանակցություններն ընթանում են բնական հունով եւ կարծում եմ՝ շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն»,– ասաց Է. Նալբանդյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից, եւ հստակորեն ասվել է՝ խոսքը այն մասին չէ, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին։ «Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»,–շեշտեց նա։
Իսկ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը արդյոք նշանակո՞ւմ է, որ ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորությունը ամբողջովին փակվել է։ Հարցին նախարարն այսպես պատասխանեց. «Դուք գիտեք, որ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը եւ Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին՝ համագործակցությունը շարունակելու հնարավոր բոլոր ոլորտներում։ Սա է մեր մոտեցումը, սա է Եվրոպական միության մոտեցումը, եւ մենք շարունակելու ենք աշխատանքները եւ ջանքերն այդ ուղղությամբ։ Ավելին՝ Հայաստանի արտգործնախարարը եւ Քեթրին Էշթոնը փոխանակեցին նամակներ՝ այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը»։
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաեւ Ուկրաինայի հարավ—արեւելքում հրադադարի մասին պայմանավորվածությանը. «Կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք հրադադարի ձեռքբերման պայմանավորվածությունները եւ հուսով ենք, որ դրանք կյանքի կկոչվեն, արդեն սկսել են կյանքի կոչվել, եւ դա ճանապարհ կբացի բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու, հարատեւ կարգավորման հասնելու»։ 


Քննարկվել է հարցերի լայն շրջանակ
 

Ասուլիսին նախորդել էր երկու երկրների նախարարների հանդիպումը։
Ողջունելով սեպտեմբերի 8—ին պաշտոնական այցով Երեւան ժամանած Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման համար։
Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը բովանդակալից զրույց են ունեցել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել ս.թ. հունիսին ՀՀ նախագահի՝ Ավստրիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկել առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները, տարածաշրջանային, միջազգային հարցեր։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Կուրցը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջան է այցելում իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում, քանի որ այն շատ հետաքրքիր եւ հեռանկարային է։ Նախարար Կուրցն ընդգծել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության նպատակն է քննարկել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ հարկավոր է առավել ջանքեր գործադրել՝ ամրապնդելու համագործակցությունը երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում, կարեւորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Երեւանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումը (պաշտոնական բացումը կատարվել է երեկոյան)։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է նախարար Կուրցի պատվիրակության կազմում ավստրիացի գործարարների ներկայությունը, որոնք հետաքրքրված են հայ գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։ Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ՝ դա կարող է նոր խթան հանդիսանալ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման համար։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան — Եվրոպական միություն օրակարգի հարցերին, այդ ձեւաչափով համագործակցությանը։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդի փուլը։ Երկուստեք ընգծվել է, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների եւ դրույթների հիման վրա։
Հայաստանի եւ Ավստրիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել միջազգային կարեւորության մի շարք խնդիրների շուրջ։
«Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք խոսելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակից,–ասուլիսի ընթացքում ասաց Էդվարդ Նալբանդյանը.–Կարեւորեցինք պարբերական խորհրդակցությունների անցկացումը արտաքին գործերի նախարարությունների միջեւ։ Մենք մշտապես հանդիպումներ ենք կազմակերպում արտաքին գործերի նախարարների, ԱԳՆ—ների ներկայացուցիչների միջեւ տարբեր միջազգային ֆորումների ընթացքում եւ մենք շարունակելու ենք այդ բարի ավանդույթը, որը, ստեղծվել է երկու արտաքին գործերի նախարարությունների միջեւ»։
Սեբաստիան Կուրցը նշեց, որ երկրում հետաքրքիր իրավիճակ է, եւ Եվրոպան պատրաստ է փոխգործակցել Հայաստանի հետ։ Նրա խոսքով՝ հանրապետության համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարեւոր են, սակայն կարեւոր է նաեւ Եվրոպայի հետ կապերի ընդլայնումը։ Ավստրիայի արտգործնախարարը կարծում է, որ երկու կողմերի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համար շատ լավ հնարավորություններ կան, ինչի մասին վկայում է պատվիրակության կազմը։ Ավստրիացի ձեռնարկատերերը շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ եւ հենց դրան է ուղղված Զարգացման ավստրիական գործակալության Երեւանի մասնաճյուղի գործունեությունը։


Այլ հանդիպումներ
 

Պաշտոնական այցի շրջանակներում Ավստրիայի արտգործնախարարը այցելեց Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նա նաեւ եղավ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ավստրիական գրադարանում։ Նախարարը եւ նրա պատվիրակությունը շրջեցին համալսարանում, ծանոթացան գրադարանի գործունեությանը, հանդիպեցին ուսանողների հետ։
«Մենք շատ ուրախ ենք համագործակցել Հայաստանի հետ։ Ինչպես տեղեկացա, համալսարանում 500 ուսանող գերմաներեն է ուսանում։ Նրանք կարող են իրենց ուսումը շարունակել Ավստրիայում»,–նշեց Կուրցը։ Նա նաեւ լսեց գերմաներեն ուսումնասիրող երիտասարդների ելույթները, շփվեց, լուսանկարվեց ուսանողների հետ։
Ավստրիայի արտգործնախարարն այցելեց Հայաստանում ավստրիական զարգացման գործակալություն, որտեղ մասնակցեց գործակալության գրասենյակի բացման արարողությանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 456 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024