Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին։ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որեւէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով։ Սերժ Սարգսյանը կարեւորել է, որ պարոն Մինասյանը ոչ միայն չի կորցրել կապը հայրենիքի հետ, այլեւ Հայաստան է այցելել իր գործունեությամբ մեր պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությամբ։
Նիկոլյա Մինասյանը նշել է, որ ուրախ է հայրենիք այցելելու եւ նաեւ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցություն սկսելու համար։ Նա նախագահին ներկայացրել է իր ծրագրերը, ընդգծելով, որ շուրջ 25 տարի է, ինչ զբաղվում է ավտոմոբիլային սպորտաձեւով, եւ իր երազանքն է Հայաստանում հիմնել այդ սպորտաձեւի դպրոց, մարզել երիտասարդներին, ինչպես նաեւ ստեղծել Հայաստանի դրոշի ներքո աշխարհում հանդես եկող ավտոմրցավարորդների լավ թիմ։ Այդ սպորտաձեւը, Նիկոլյա Մինասյանի հավաստմամբ, կծառայի բարեգործական նպատակների՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կարիքավորներին։
Սերժ Սարգսյանը ողջունել է հանրաճանաչ ավտոմրցավարորդի ծրագրերը եւ պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, աջակցել դրանց իրականացմանն ու Հայաստանում այդ սպորտաձեւի զարգացմանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|