Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստան—Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19—20—ը Երեւանում կայացած Հայաստան—Եվրոպական միություն հանձնաժողովի 15—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Նախագահը ողջունել է հյուրերին եւ հանձնաժողովի նիստի անցկացումը Երեւանում լավ առիթ համարել մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ տեսակետների անկաշկանդ փոխանակման եւ անկեղծ երկխոսության համար։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նիստի արդյունքում ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության խորացմանը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի կողմից ընդունված եզրափակիչ հայտարարությունը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման տարում 20—րդ դարի այդ մեծ ոճրագործությունը դատապարտող դրույթները։ Նախագահն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը եվրոպական կառույցների կողմից այս ամսվա ընթացքում ընդունված թվով 4—րդ կարեւոր ուղերձն էր Թուրքիային առ այն, որ եվրոպական ընտանիքը ոչ միայն չի մոռանում 20—րդ դարի առաջին ցեղասպանությունը, այլեւ միակարծիք է վերջինիս ճանաչման եւ դատապարտման հարցում։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ԼՂ հակամարտության հարցում եվրոպացի խորհրդարանականների անկողմնակալ վերաբերմունքը։
Հայաստան—Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներն ընթացիկ շաբաթը բավականին օգտակար են համարել Հայաստան—Եվրամիություն համագործակցության օրակարգը հանգամանորեն քննարկելու, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացման հեռանկարին անդրադառնալու տեսանկյունից։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին եւ մի շարք այլ թեմաների վերաբերյալ խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|