ՀՀ դատական օրենսգրքի 84 եւ 166 հոդվածների համաձայն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հինգ օրվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները պետք է ընտրեն խորհրդի նախագահ, ընդ որում ա՛յն անդամների (5) կազմից, որոնք ընտրվել էին Ազգային ժողովի կողմից, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։ Ըստ այդմ էլ առաջին նիստը տեղի ունեցավ մարտի 5—ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում։
Օրակարգի միակ հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունն էր։ Գեւորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով։ Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։
Առաջին նիստում, զուտ աշխատանքային կարգով, նորընտիր նախագահ Գ. Հարությունյանը ներկայացրեց խորհրդի առաջիկա անելիքները։
Նիստից առաջ Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանում ՍԴ անդամներին եւ աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում սկսվել է սերնդափոխության գործընթաց եւ գոհունակությամբ ավելացրեց՝ շատ ուրախ է, որ դատարանից գնացածները կրկին վերադառնում են։ «Սահմանադրական դատարանն իր գործառույթները լիարժեք իրականացնելուց եւ միջազգային մակարդակով շոշափելի ներդրում կատարող ինստիտուտ լինելուց զատ, նաեւ կադրերի լավ դարբնոց է։ Դատարանի նախկին աշխատակիցները լուրջ պաշտոններ են զբաղեցնում՝ այստեղի փորձառությունը լավագույնս օգտագործելով»,—նշեց Գագիկ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ Թովմասյանը աշխատանքային նոր լիցք կբերի։
Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իր լիազորությունները կդադարեն մարտի 23—ին։ «Շուտով Սահմանադրական դատարանի նախագահի իմ լիազորությունները կդադարեցնեմ, ի վիճակի չեմ լինի ծանր մի աշխատանքը մյուսին զուգակցել։ Ձեզ հետ կլինեմ մինչեւ մարտի 23—ը, քանի որ իրավունքի ուժով դատարանի անդամի լիազորությունները դադարում են մարտի 23—ին»,– ասաց Գագիկ Հարությունյանը։ ՍԴ նախագահը մարտի 23—ին կբոլորի 70 տարին, ինչով պայմանավորված էլ չի կարող շարունակել լիազորությունները։
ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանին բնութագրեց որպես կայացած իրավաբան եւ նրան հանձնեց դատավորի զգեստ, որը վերջինս սիրով հագավ եւ, նկատի ունենալով, որ 22 տարի առաջ սահմանադրական դատարանում աշխատել է որպես առաջատար մասնագետ, ասաց. «Ես վերադարձա իմ արմատներին»։
Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում աշխատանքը նմանեցրեց թիմային խաղի, ինչպես ֆուտբոլում եւ բասկետբոլում է, իսկ ՍԴ—ում աշխատանքը համեմատեց շախմատի հետ՝ ավելացնելով, որ այն բարդ է ու նուրբ։ «Սա այն վերջին հանգրվանն է, որտեղ պետք է մաքրվի, ֆիլտրվի օրենքը, բացառվի, որ հակասահմանադրական դրույթները կյանքի կոչվեն։ Սա զուտ մասնագիտական մի աշխատանք է, որտեղ փորձում ես լուծումներ գտնել մյուս գործընկերներիդ հետ»,—ասաց ՍԴ նորընտիր անդամը։
|