Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ հավելել, որ դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար եւ կարեւորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը։ «Այժմ էլ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հայ—կանադական հարաբերություններն առավել զարգացնելու, խթանելու համար, եւ ժամանակն է աշխատելու այդ ուղղությամբ»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Ջասթին Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը եւ անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար։ Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում, եւ իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ավելացրել է, որ Հայաստանի համար կարեւոր է կանադական ներդրումների ներգրավումը, ինչը մեր երկիր կբերի նաեւ կառավարման բարձր ստանդարտներ։ «Մենք հանձնառու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կանադական բիզնեսի եւ ընդհանրապես ներդրողների համար դառնա հնարավորինս հրապուրիչ։ Մենք քաջ գիտակցում ենք, որ դրա համար շատ կարեւոր է անկախ դատական համակարգի առկայությունը, եւ հանձնառու ենք բարեփոխել մեր արդարադատության համակարագն ու այն բերել ամենաբարձր չափանիշների՝ այնպես, ինչպես Կանադայում։ Ուրախ եմ, որ կիսում ենք ժողովրդավարության միեւնույն տելականը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ առաջիկայում առիթներ կունենան հանդիպելու եւ քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը։
|