Հայաստանի
հանրապետական կուսակցության համար առաջիկա հինգ տարիների ընթացքում
ուշադրության կենտրոնում է լինելու քաղաքացին՝ իր խնդիրներով եւ
մտահոգություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Աշտարակում ՀՀԿ տեղի
ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ
հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տիգրան
Սարգսյանը: «Մեր բոլոր բարեփոխումներն ուղղված են լինելու քաղաքացիների
համար բարեկեցիկ կյանք եւ նոր աշխատատեղեր ստեղծելուն: Այդ տեսակետից լուրջ
նշանակություն ունի նոր արդյունաբերական քաղաքականությունը, որով
նախատեսվում է ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Սա արմատական փոփոխություն է
մեր տնտեսական կյանքում եւ պետությունը մասնավոր հատվածի հետ միասին
կիրականացնի ճյուղային արդյունաբերական քաղաքականություն»,-ասաց Տիգրան
Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով լուրջ հարկային
արտոնություններ կսահմանի խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար,
կօժանդակի արտահանող ընկերությունների գործունեությանը: Տիգրան Սարգսյանի
տեղեկացմամբ՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում առաջիկա վեց
ամիսների ընթացքում իր գործունեությունը կսկսի առաջին ազատ տնտեսական
գոտին: Նմանատիպ գոտիներ կհիմնվեն նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում,
Գյումրիում, որոնք նոր ներդրումային միջավայրի ստեղծման լուրջ
նշանակություն կունենան: «Մենք պարտավոր ենք հաշվետվություն տալ որպես
իշխող կուսակցություն կատարած աշխատանքների համար: Այս տարիների ընթացքում
անցնելով լուրջ փորձությունների միջով՝ մեր քաղաքացիների հետ եղել ենք
ազնիվ, խոսել խնդիրների եւ բացթողումների մասին, կիսել ձեռքբերումներն ու
հաջողությունները»,-նկատեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամը: Չնայած
ճգնաժամին եւ հարեւան երկրում տեղի ունեցած ռազմական իրադարձություններին,
որոնք էապես ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա,
կառավարությունը կարողացավ իրականացնել իր բոլոր սոցիալական
պարտավորությունները: Բարձրացվեցին թոշակներն ու սոցիալական նպաստները:
«Այս տարիների ընթացքում թույլ չենք տվել նաեւ մեր հակառակորդին դիմել
ռազմական ուժի կիրառմանը, մարտունակ բանակի զարգացման ու ամրապնդման
միջոցով: Հաղթահարելով բոլոր մարտահրավերները՝ կարողացել ենք երկրում
ապահովել կայունություն եւ ամրապնդել պետականությունը»,-ասաց Տիգրան
Սարգսյանը: Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը տարածքային համաչափ զարգացումն է: «Ներկայումս
ՀՀ քաղաքացիները լքում են մարզերը՝ աշխատանք որոնելու կամ ապրելու
հարմարավետ պայմաններ գտնելու նպատակով: Տարածքային համաչափ զարգացումը մեզ
համար ունի քաղաքական բովանդակություն: Մարզային տարածքների զարգացման
տեմպերը Երեւանի համեմատ պետք է լինեն առաջանցիկ, կապիտալ ներդրումներն
առաջին հերթին պետք է ուղղվեն մարզեր»,_ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝
գյուղում ապրելը քաղաքացու համար կլինի հարմարավետ: Հայաստանի
հանրապետական կուսակցությունը նոր ծրագրեր է մշակել գյուղատնտեսության
ոլորտի զարգացման համար: Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրանց ուղղությամբ
կներդրվեն ֆինանսական լուրջ միջոցներ: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ նախընտրական
ծրագրով կշարունակվեն պարարտանյութի, սերմացուի եւ դիզվառելիքի
սուբսիդավորման աշխատանքները, կխթանվի պարարտանյութի տեղական
արտադրությունը: «ՀՀ նախագահի հանձնարարությամբ վերջին երկու տարիներին
գյուղատնտեսությունը դարձել է մեր գերակա ուղղություններից մեկը:
Հաջողությամբ իրականացվեց սերմաբուծության ծրագիրը, որն էապես բարձրացրեց
արտադրողականությունը: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ, եւ
մենք ամբողջությամբ բավարարելու ենք երկրի սերմացուի ողջ պահանջարկը, որը
27 հազար տոննա է»,-նշեց Տիգրան Սարգսյանը: Կավելացվեն նաեւ ներմուծվող
սերմացուի տեսակները: Անդրադառնալով գյուղտեխնիկայի հասանելիությանը՝ նա
տեղեկացրեց, որ Հայաստանում պետք է ստեղծվեն լիզինգային ընկերություններ,
որոնք էլ բելառուսական եւ ռուսական արտադրության գյուղտեխնիկան
գյուղացիական կոոպերատիվներին կտրամադրեն լիզինգային տարբերակով: Այս
տարի գյուղացիական տնտեսություններին համայնքների հայտերի սուբսիդավորման
միջոցով կտրամադրվի 20 հազար տոննա դիզվառելիք՝ բավականին ցածր
ինքնարժեքով, որը գյուղատնտեսությամբ զբաղվելը կդարձնի ավելի արդյունավետ: Հայաստանի
հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական ուղղվածության
թիրախը պետք է լինի աշխատունակ մարդուն աշխատանքով ապահովելը: «Հայտնի
է, որ սոցիալական խնդիրներ կան այն ընտանիքներում, որոնք չունեն կրթություն
եւ աշխատանք: Մենք սոցիալապես անապահովների համար կրթությունը պետք է
դարձնենք հասանելի: Անհատապես աշխատելու ենք անապահով ընտանիքների
երիտասարդների հետ, որպեսզի կողմնորոշվենք՝ երիտասարդն ինչպես է ցանկանում
կառուցել իր կյանքը՝ գնում է ուսմա՞ն, թե՞ աշխատանքի: Ըստ դրա էլ՝
ֆինանսական օժանդակություն ենք ցուցաբերելու անապահով ընտանիքների
երեխաների կրթությունը հոգալու համար»,- ասաց վարչապետը: Նա ավելացրեց, որ
դա է լինելու սոցիալական անհավասարության հաղթահարման ՀՀԿ
ռազմավարությունը: Սարգսյանի խոսքով՝ ներկայումս անապահով ընտանիքների
երեխաների միայն տասը տոկոսն է բուհ ընդունվում, իսկ ապահով ընտանիքների՝
82 տոկոսը: Ներկայումս հանրապետությունում կա անապահով ընտանիքների 20 հազար երիտասարդ: Հայաստանի
Հանրապետությունում սրտի վիրահատությունները քաղաքացիների համար կլինեն
հասանելի՝ պետության կողմից սուբսիդավորման միջոցով: «Ներկայումս սրտի
վիրահատությունն արժե 2-3 մլն դրամ, իսկ քաղաքացիներն ի վիճակի չեն նման
գումարներ վճարել: Մեր նպատակն է այս վիրահատությունը քաղաքացիների համար
դարձնել հասանելի»,_ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ՀՀԿ նախընտրական
ծրագրում առողջապահության ոլորտում ծառայությունները որակյալ եւ հասանելի
դարձնելը առաջնահերթություն է: Սարգսյանի խոսքով՝ շարունակվելու է առողջապահական համակարգում ապահովագրական դաշտի ընդլայնումը: Ներկայումս
ՀՀ կառավարությունը ներդրել է սոցիալական փաթեթ, որի արդյունքում 116
հազար քաղծառայողներ ստացել են նաեւ առողջության ապահովագրություն: Անդրադառնալով
հանրապետությունում օնկոլոգիական ծառայությունների բավականին թանկ
լինելուն՝ վարչապետը նշեց, որ Ֆիզիկայի ինստիտուտի հիման վրա կառուցվելու է
ուռուցքաբանական կենտրոն, որը կնպաստի բուժծառայության հասանելիության
ապահովմանը եւ մատչելիությանը: Կենտրոնը կկառուցվի Բելգիայի կառավարության
օժանդակությամբ:
|