Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22—ին Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, հետեւել արտադրական գործընթացին, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն եւ ներդրված տեխնոլոգիաներին։ «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը եւ Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Նրանց խոսքով՝ բալոնների ստացման այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, եւ արտադրվող բալոնները մեծ պահանջարկ ունեն իրենց հուսալիության, անվտանգության, մատչելիության, թեթեւության եւ ամրության պատճառով։ Նմանատիպ գործարաններ կան Գերմանիայում, ԱՄՆ—ում։ Նշվել է, որ գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչեւ 1000 բալոնի։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120—ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում եւ այլ երկրներում։
Ընկերության ղեկավարությունը վարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել նաեւ զարգացման ծրագրերը, այն է՝ Վանաձորում կարբոնի մանրաթելի արտադրության հիմնման ծրագիրը, որի ներդրման ծավալը 60—80 մլն եվրո է, եւ իրանական «SAIPA Group» ավտոմոբիլային կոնցեռնի հետ համագործակցության շրջանակում Հայաստանում թեթեւ մարդատար ավտոմեքենաների հավաքման ծրագիրը։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Իրանից ներկրված պահեստամասերով եւ Հայաստանում հավաքված ավտոմեքենայի ցուցանմուշը։
Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ընկերության ընդլայնման ծրագրերը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմով աջակցել ներդրումային նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
|