Կանցկացվեն ընտրական բարեփոխումների վեաբերյալ խորհրդարանական լսումներ
ԱԺ խմբակցություններից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում փորձագետների, հասարակական կազմակերպությունների, ԿԸՀ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում արդեն իսկ մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, իսկ մի մասն էլ դեռ քննարկումների ակտիվ փուլում է։ Վերջին հանդիպման ժամանակ քննարկվել են կուսակցությունների ստեղծմանը, գրանցմանը, կասեցմանը եւ արգելմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ ընտրական օրենսգրքի որոշ դրույթներին, մասնավորապես տարածքային ներկայացուցչության պահանջին, անդամակցության թվային սահմանափակմանը, կուսակցությունների վերագրանցմանը, գործունեության պայմանների առավել ազատականացմանը։
«Քննարկել ենք այսօր գոյություն ունեցող օրենսդրական կարգավորումները եւ օրենքը գնահատել ենք Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։ Համաձայնություն ենք ձեռք բերել այն հարցի շուրջ, որ օրենքի տրամաբանությունը պետք է կառուցվի ազատականացման ուղղությամբ։ Գործող օրենքով ունենք ամրագրված դրույթներ, որոնք այսպես թե այնպես չեն պահպանվում, մինչդեռ նախընտրում ենք ունենալ այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնց իրականացումը հնարավոր է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։ Խոսքը վերաբերում է, օրինակ, կուսակցությունների տարածքային ներկայացվածություն ունենալու պայմանին, այսինքն՝ թե քանի գրասենյակ պետք է լինի մայրաքաղաքում եւ մարզերում։ Ակնհայտ է, որ կուսակցությունների մեծամասնությունը չի համապատասխանում այդ պայմանին, եւ դրանից բխող որեւէ հետեւանք չկա։ «Փաստորեն, եթե կան դրույթներ, որոնք չեն պահպանվում, ապա ավելի նպատակահարմար կլինի հրաժարվել դրանցից»,–ընդգծեց նա։
Վերանայման կարող է ենթարկվել նաեւ կուսակցությունների անդամակցության թվային սահմանափակումը, քանի որ դրա հիմքում որեւէ տրամաբանություն դրված չէ։ Կուսակցությունների հիմնադիրների թիվը սահմանված է հարյուրը, իսկ անդամներինը՝ 8 հարյուրը։ Աշխատանքային խմբի անդամները նպատակահարմար են գտնում առաջարկվող թիվը հիմնավորել, օրինակ՝ համապատասխանեցնել համամասնական ընտրությունների ժամանակ կուսակցությունների ցուցակում ներգրավված առավելագույն թվի հետ, այն է՝ 3 հարյուրի։
Կուսակցությունների գործունեության կասեցման դրույթների հետ կապված նույնպես քննարկումներ են եղել եւ որոշել են՝ հստակեցնել կասեցման դրույթները։ Գործող օրենքով խնդրահարույց կետ էր այն, որ համապետական ընտրություններին երկու անգամ անընդմեջ չմասնակցելու պարագայում նախատեսված էր կասեցնել կուսակցության գործունեությունը, սակայն այդ կետը չի իրականացվում, հետեւաբար նպատակահարմար է հանել այդ դրույթը։
Կուսակցությունները պարտավոր են լինելու հաշվետվություն ներկայացնել իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ։ «Ներկայումս փոքր կուսակցությունները հիմնականում զրոյական հաշվետվություն են ներկայացնում, ինչը հնարավոր չէ, քանի որ առնվազն գրասենյակի հետ կապված ծախսեր պետք է ունենան։ Իսկ եթե ծախսեր կան, ապա մուտքեր էլ կլինեն, հետեւաբար զրոյական չի կարող լինել,–մեկնաբանեց Դանիելյանը, ապա շարունակեց.–Մենք չենք ցանկանում կոնսոլիդացնելու նպատակով արհեստական խնդիրներ ստեղծել կուսակցությունների համար։ Պարզապես մեր նպատակն է ունենալ հաշվետու եւ թափանցիկ կուսակցություններ, ինչը կնպաստի ընդհանրապես կուսակցությունների նկատմամբ վստահության ավելացմանը եւ դրանց աշխատանքներում քաղաքացիների ներգրավվածության մեծացմանը»։
Բովանդակային առումով անդրադարձել են ներկուսակցական ընթացակարգերի հստակեցմանը, ինչպես նաեւ քննարկվել է ներքին ժողովրդավարության խիստ պայմաններ սահմանելու անհրաժեշտության հարցը։ Զրուցակիցս նշեց, որ այս մասով ունեցել են տարբեր մոտեցումներ. կարծիք կա, որ պետք է սահմանել համագումարների ժամանակ պատվիրակների ընտրության կարգը, եւ երկրորդ՝ պետք է հասնել այն մակարդակին, երբ բոլոր կուսակցությունները ներքին ընտրությունների միջոցով, փակ գաղտնի տարբերակով կորոշեն իրենց կազմը։ Այդ գործընթացին կհետեւեն դիտորդներն ու ԶԼՄ—ների ներկայացուցիչները, ինչը պարտադիր կլինի։ «Այս կերպ կսահմանվի, թե կուսակցության բարձրագույն մարմինն ինչպես պետք է ձեւավորվի, այլ ոչ թե միայն կտրվի ընդհանրական ձեւակերպումը ժողովրդավար լինելու մասին»,–պարզաբանեց պատգամավորը։
ՀԿ—ների հետ առանձին քննարկել են նաեւ կուսակցություններում կանանց ներգրավվածության հարցը։ Եթե պատգամավորների դեպքում գործում է որոշակի քվոտա, ապա կուսակցությունների մասով դեռեւս քննարկումներ են ընթանում, թե որ տարբերակը կլինի առավել արդյունավետ՝ քվոտայի սահմանո՞ւմը, թե՞ խրախուսական տարբերակը։ «Միանշանակ է, որ կանանց ներգրավվածությունը խրախուսելու անհրաժեշտություն կա։ Փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանում կին պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը չի զիջում տղամարդ պատգամավորին»,–ընդգծեց Դանիելյանը։
Զրուցակիցս արդյունավետ է համարում աշխատանքային խմբի գործունեությունը, քանի որ մի քանի առանցքային հարցերի շուրջ եւս կարողացել են համաձայնության գալ, մասնավորապես՝ իրավաբանական անձանց կողմից ֆինանսավորումն արգելելու, կուսակցությունների՝ սեփական եկամուտն ունենալու եղանակները էականորեն սահմանափակելու շուրջ։ «Այսօրվա կարգավորումներով կուսակցությունները կարող են գրասենյակները հանձնել վարձակալության եւ եկամուտ ունենալ։ Այս դրույթը նպատակահարմար ենք գտնում հանել, քանի որ քաղաքականությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվեն»,–նշեց նա։ Հաջորդը՝ անհատների կողմից նվիրատվությունների առավելագույն սահմանաչափի նվազեցումն է եւ անդամավճարի ներառումն այդ սահմանաչափի մեջ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում մեկ անձը կարող է նվիրաբերել ֆիքսված գումար, բայց ոչ դրանից ավելի։ Պատգամավորը կարեւորեց այն, որ համաձայնություն կա դրամական փոխանցումները դարձնել առավելապես առցանց, որպեսզի նվազագույնի հասցվի կանխիկ գումարի շրջանառությունը։
Դեռեւս քննարկումներ են ընթանում պետական բյուջեից կուսակցությունների ֆինանսավորման ավելացման շուրջ։ Կան մի քանի առաջարկներ, ըստ մի մոտեցման՝ խոսքը թիրախավորված ֆինանսավորման, մյուս մոտեցմամբ՝ ընդհանուր գումար տրամադրելու մասին է։ Այսպես, եթե գործող օրենքով մեկ քվեն 40 դրամ է, ապա առաջարկում են ավելացնել այդ գումարը, ինչպես նաեւ ընդլայնել բյուջեից ֆինանսավորում ստացող կուսակցությունների շրջանակը, ինչն, ըստ պատգամավորի, կնպաստի կուսակցական համակարգի կայացմանը։
Հ. Դանիելյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 16—ին հանդիպում կունենան արտախորհրդարանական կուսակցությունների հետ, իսկ հոկտեմբերի 18—ին նախատեսված է խորհրդարանական լսումներ, որին կարող են մասնակցել բոլոր գրանցված կուսակցությունները։ hhpress.am
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am
|