Երեկ Հայաստանի բարձր ղեկավարությունը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (1951–2007թթ.) մահվան 8—րդ տարելիցի օրը Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այցելեց կուսակցական ու պետական գործչի շիրիմին եւ ծաղիկներ ու պսակներ դնելով՝ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին։
Ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ա. Մարգարյանի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանի հանրապետական կուսակցության, որի ղեկավարն է եղել Ա. Մարգարյանը, ակտիվիստներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, տարեց եւ պատանի երկրապահներ, ուսանողներ, Երեւանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներ, ընտանիքի անդամներն ու մերձավորները, գրականության եւ արվեստի գործիչներ։
Հոգեւորականաց խումբը՝ Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ, մատուցեց հոգհանգստյան կարգ։ Հավարտ արարողության սրբազան հայրը գնահատանքի խոսք ասաց Ա. Մարգարյանի հայրենանվեր գործունեության մասին։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասաց. «Անդրանիկ Մարգարյանը այսօր մեզ համար հիշողություն չէ, քանի որ այն ծրագրերում, որոնք սկզբունք են դարձել, իր դերակատարումը մեծ է եղել, եւ մենք դեռ չենք իրացրել այն ամենը, ինչը եղել է մեր մտածումի առարկան, ինչը գաղափարախոսությամբ ծառայել է մեզ, եւ այն նպատակները, որ պիտի կարողանանք հաղթահարել։ Անդրանիկ Մարգարյանը դեռ շատ երկար որպես գործուն քաղաքական գործիչ մեզ հետ միասին առաջ կշարժվի, թողնելով նաեւ սերունդների մեջ այն բացառիկ հայի կերպարը, որն անհրաժեշտություն է, որ մեր սերունդները կարողանան արժեւորել իրենց հետագա ճակատագիրը։ Նա փաստորեն կարողանում էր ոչ միայն քաղաքական էլիտայում կամ որպես պետական գործիչ ներկայանալի դառնալ հասարակությանը, այլեւ իր ապրած կյանքը հիմնված էր Հայաստանի անկախության եւ նրա ճակատագրի վրա։ Շատ անմիջական էր, շփվում էր բոլորի հետ, միեւնույն ժամանակ անհանդուրժող էր ազգային ու ազգայնական խնդիրների հստակեցման ասպարեզում։ Նա կարողացավ միավորել բոլոր քաղաքական ուժերին, եւ դա էր պատճառը, որ իր վարչապետության օրոք բավականին լուրջ հաջողություններ արձանագրեց։ Իր վարչապետության շրջանում կարողացավ փակել երկրի ֆինանսական ճեղքվածքը եւ երկրին տեսական աճ ապահովել»։
«Ճիշտ է այն, որ արդեն 8 տարի է, ինչ Անդրանիկ Մարգարյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մենք գաղափարապես միշտ նրա հետ ենք, հատկապես՝ կուսակցականները, քանի որ պատանեկան տարիներից նա տարվել է ազգային պահպանողական գաղափարախոսությամբ եւ պատանեկան տարիներից առաջնորդվել է դրանով, անկախության պայքարին է մասնակցել։ Բնական ճանապարհով նա հասավ բարձր պաշտոնի՝ եղավ հանրապետության վարչապետ, սակայն մնաց այնպիսին, ինչպիսին կար պատանեկության տարիներին՝ զգացմունքային, միշտ ոգեւորված Հայաստանի անկախությամբ, հայ ժողովրդի կյանքի բարօրությամբ եւ պայքարը տարել է հենց այդ ուղղությամբ։ Կարեւորն այն է, որ մենք հոգեպես իր հետ ենք, գաղափարապես իր հետ ենք, այսօրվա մարդաշատությունը վկայում է, որ իր շիրիմին գալիս են հազարավոր մարդիկ՝ հասարակական գործիչներ, գրական գործիչներ, որովհետեւ նա հետք թողեց, եւ մեր սերունդները պիտի շարունակեն նրա գաղափարները։ Նրանից սովորելու բաներ դեռ շատ կան»,–լրագրողներին ասաց Անդրանիկ Մարգարյանի կուսակից—զինակից, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով ժամանակին նաեւ ՀՀ վարչապետ է եղել, ասաց. «Մեր սերնդի հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը կմնա ոչ միայն որպես գաղափարական մարտիկ, ազգայնական գաղափարների նվիրյալ, այլեւ որպես անհատ մարդ իր որակներով, իր հատկություններով։ Նա շատ շատերից տարբերվում էր այն բանով, որ քաղաքական կոմպրոմիսների հասնելու ունակություն ուներ, կոմպրոմիսների հասնելու կարողություն ուներ եւ հանդուրժողականություն։ Սրանք հատկանիշներ են, որոնք օգտակար կլինեին ցանկացած քաղաքական գործչի համար, վարչապետի պաշտոնում գտնվողի համար՝ առավել եւս։ Եվ հենց սրանով պիտի բացատրել նրա վարչապետական երկարակեցությունը։ Այդ պաշտոնում նա հայտնվեց երկրի խառն, ալեկոծությունների շրջանում, բայց կարողացավ նավն առաջ տանել հենց կոմպրոմիսի միջոցով։ Ինքն ընդհանրապես ուշադիր էր բոլորի նկատմամբ, որն իրեն առանձնացնում էր շատ շատերից»։
Բազմամարդ հասարակայնության հետ այստեղ է Ա. Մարգարյանի եղբայրը՝ Հաբեթնակ Մարգարյանը, ում խոսքով, մարդ զարմանում է, թե այս 8 տարիներն ինչպես անցան, որ ինքը չկա, բայց կա, այո, քանի դեռ իրեն հիշում են, ուրեմն կա։ «Տա Աստված, որ նման մարդիկ շատ լինեն մեր կյանքում, մեր աշխարհում, մեր ազգի մեջ»,–ասաց նա։
«Անդրանիկ Մարգարյանը լուրջ պետական—քաղաքական գործիչ էր, հայրենասեր առանց ամպագորգոռ ճիչերի, հայրենասեր ամբողջ էությամբ։ Մի առանձնահատուկ հատկանիշ եմ ուզում շեշտել. շատ բարի մարդ էր, ամենաթեժ պահին կարծես թե մարդկանց միավորելու, բարիացնելու հատկություն ուներ, մի հատկություն, որն այսօր, մեր օրերում շատ անհրաժեշտ է մեզ բոլորիս»,–սրանք ճարտարապետ Լեւոն Իգիթյանի խոսքերն են։
Իսկ ռեժիսոր Արա Երնջակյանը վերհիշեց ուսանողական տարիները, երբ միասին սովորում էին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում եւ ավարտել են նույն ֆակուլտետը. «Անդրանիկ Մարգարյանը ինձ համար լուսավոր հիշողություն է։ Ու շատ տարիներ անց Երեւանի դրամատիկական թատրոնում հանդիպեցինք, ինքը մոտեցավ, թե՝ մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, լավ կլինի՝ մեկ անգամ հանդիպենք։ Հանդիպեցինք, իհարկե։ Ու հիմա այսօր ինձ թվում է, թե նման մարդիկ չեն հեռացել մեզանից, մեր կողքին են նրանք։ Նրանք չեն գնում»։ hhpress.am
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
|