Ընտրությունների
նախաշեմին անընդունելի են ընդդիմության այն հայտարարությունները, թե դրանց
արդյունքները կանխորոշված են, եւ ամեն ինչ կեղծվելու է, անդրադառնալով
նախընտրական զարգացումներին՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ «Անընդունելի է այս գլխից
հայտարարել, թե՝ կես միլիոն ձայն պատրաստվում եք կեղծել, այսինքն՝
գիտակցում եք, որ ձեր ուզած ձայները չեք ստանալու, ասում եք՝
կեղծեցին»,–նշել է Մ. Մինասյանը։ Անդրադառնալով ՀՀ նախկին
արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ համամասնական ընտրակարգ սահմանելու
կողմնակից քաղաքական ուժերի միավորման վերաբերյալ հայտարարությանը՝ Մ.
Մինասյանը նշել է. «ՀՀԿ—ն երբեք պատասխանատվությունից չի խուսափել, մեր
կուսակցությունն այն կուսակցությունն է, որ միշտ ինքն է պատասխանատվություն
վերցնում՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամներն են պաշտոններ
զբաղեցնում»։ Իր հերթին ՀԱԿ–ի անդամ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր
Հարությունյանը անդրադառնալով 100—% անոց համամասնական ընտրակարգ մտցնելու
վերաբերյալ լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը ԲՀԿ—ի միանալու փաստին,
նշել է, թե սույն գործելակերպը ժամանակավրեպ է։ «Չստացվի այնպես, որ
որոշ ժամանակ հետո մենք ասենք՝ թատրոն էր։ Մենք նախընտրական շրջանում շատ
ենք հանդիպել նման գործընթացների։ Նույն ԲՀԿ—ն ընդունել է Ընտրական
օրենսգիրքը, իսկ հիմա ասում են, թե կողմնակից են հարյուր տոկոսանոց
համամասնական ընտրակարգին։ ԲՀԿ—ն բարի լիներ՝ հանդես գար այդ
նախաձեռնությամբ, թե չէ հիմա՝ ի՞նչ լսումներ...»,–դժգոհել է Գ.
Հարությունյանը։ Մեկ այլ ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ
Ալեքսանյանն անդրադարձել է ՀՀԿ համամասնական ցուցակի կազմման խնդրին,
պատգամավորը նշել է. «Ազգային ժողովը լինելու է շատ ավելի առողջ, քան
այսօրվանն է, շատ ավելի գործունյա»։ Նա նաեւ կարեւորել է ՀՀԿ համամասնական
ցուցակում նախկինում ակտիվ քաղաքական գործիչների ներգրավումը, նշելով, որ
այժմ նրանց փորձը պետք է օգտագործել։ ՀՀԿ—ում ցուցակը կազմելիս
կուսակցության նախագահը հաշվի է առնում հասարակական կարծիքը,
կուսակցականների կարծիքը, եւ դա ՀՀԿ—ի առավելություններից մեկն է, ասել է
նա։ ՀԱԿ–ի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը նշել է, որ ՀԱԿ—ը պարտադիր
մասնակցելու է ընտրություններին, գնալու է մինչեւ վերջ, դիմելու է
«ծայրահեղ միջոցների»։ Ապա, մեկնաբանելով «ծայրահեղ միջոց»,
արտահայտությունը, հավելել է. «Ժողովրդին ոտքի ենք հանելու եւ ուղիղ
տանելու ենք իշխանափոխության, քանի որ այսպես ապրել այլեւս հնարավոր չէ»։ Ի
պատասխան՝ Լ. Ալեքսանյանն էլ տարակուսել է, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի
ուզում հասկանալ, որ իշխանությունները գիտակցում են երկրում առկա
խնդիրները, բայց տնտեսական մեխանիզմները, կառավարումը փոխելը ժամանակ են
պահանջում։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը եւ ՀՅԴ
ներկայացուցիչ Բագրատ Եսայանը բանավիճել են կոռուպցիայի դեմ պայքարի խնդրի
շուրջ։ Հայաստանի իշխանությունները համաձայն են, որ կոռուպցիան չարիք է
երկրի համար եւ խոչընդոտում է ժողովրդավարության հաստատմանը, եւ այսօր
կոռուպցիայի դեմ մի շարք քայլեր են ձեռնարկվում, վստահեցրել է Ա.
Հովհաննիսյանը։ «Կառավարության կողմից ընդունված են հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրեր։ Կատարված
աշխատանքներն ունեն շարունակական բնույթ։ Աշխատանքներ են տարված պետական
եւ տեղական ինքնքակառավարման մարմիններում, կադաստրում են որոշակի
փոփոխություններ իրականացվել, մաքսային եւ հարկային վարչարարությունների
դեմ ուղղված աշխատանքներ են տարված եւ այլն»,–ասել է նա։ Բ. Եսայանը
համոզված է, որ կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ են նախեւառաջ հստակ
արտահայտված քաղաքական կամք, օրենսդրական փոփոխություններ եւ հասարակության
մասնակցություն այդ գործընթացներին։ Իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր
Հայրիկյանը շարունակում է հայաստանյան կուսակցություններին համոզել, որ 100
տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ բանավեճերը մի կողմ թողնեն եւ
ընդունեն իր առաջարկած «կատարյալ ժողովրդավարության մոդելը», քանի որ դա է
«լավագույն տարբերակը»։ Բազմաթիվ կուսակցություններ ուշադիր լսել են,
անգամ իրենց հիացմունքը հայտնել, սակայն առայժմ չեն արձագանքել եւ միացել
ԱԻՄ առաջնորդի գաղափարին։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրիկյանը
եւս մեկ անգամ շեշտել է. «ԱԻՄ—ին հաջողվել է գտնել ժողովրդավարության
հասնելու բանալին։ Ես այլեւս չեմ պատրաստվում որեւէ մեկին քննադատել, իրենք
պետք է հայտարարեն, թե ինչու չցանկացան միանալ մեր գաղափարներին»։
|