Երեւանում անցկացված՝ «Հայաստան—Մաքսային միություն. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով Հայաստանի հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովին ներկա էին տնտեսական փորձագետներ, հյուրեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։
Երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի ուղերձում, որ ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, մասնավորապես նշված էր, որ ՄՄ—ին անդամակցության ճանապարհին պարտավորությունների ավելի քան 70%—ը կատարված է. «Ակնհայտ է, որ ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ եւ փոխըմբռնման բարձր մակարդակով։ Համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի կարեւոր փուլում։ Այսօր առկա է անդամակցության ճանապարհային քարտեզ, որից բխող քայլերն իրականացման ընթացքում են։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին, եւ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են»։
Ուղերձում կարեւորված էր այն, որ հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է, որը կարձանագրի մեր երկրի անմիջական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում։ Պետության ղեկավարը հույս էր հայտնել, որ համաժողովը առիթ կդառնա ի մի բերելու բոլոր տնտեսական շահերն ու փաստարկները՝ իրապես նպաստելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի սահուն իրականացմանը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձում, որ ընթերցեց ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իգոր Չերնիշենկոն, գոհունակությամբ արձանագրված էր, որ ճանապարհային քարտեզի կատարումը հաջողությամբ է իրականացվում. «Անցած սեպտեմբերին Հայաստանը կարեւոր որոշում կայացրեց՝ հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին եւ այդպիսով դառնալու միասնական տնտեսական տարածքի մաս։ Մեր հայ գործընկերների որոշմանը սատարել են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, եւ այսօր մենք հաճույքով փաստում ենք, որ ճանապարհային քարտեզի կատարումն հաջողությամբ իրականացվում է, իսկ որոշ հարցերով անգամ առաջանցիկ տեմպերով»։
ՄՄ—ին անդամակցությունը՝ ռազմաքաղաքական հստակ բովանդակությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրեց ՄՄ—ին միանալու ՀՀ—ի առաջանցիկ քայլերի «գաղտնիքը»։ Մինչ այդ գործադիր իշխանության ղեկավարն անդրադարձավ այն հարցին, թե քաղաքական ինչ կարեւորագույն սկզբունքի ներքո են դիտարկում ՀՀ—ի հարաբերությունները ՄՄ—ի եւ ԵՄ—ի հետ։ «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց ԵՄ—ի ուժեղ եւ թույլ կողմերը, ցույց տվեց, թե որն է այն առանցքը, որի շուրջ միավորված են եվրոպական պետությունները եւ արեւելյան համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ այն ակնկալիքները, որ կարող ենք ունենալ ԵՄ հետ մեր համագործակցությունից։ Մի ուղղությունը, որը նույնպես բյուրեղացավ, եվրասիական տնտեսական տարածքում տեղի ունեցող զարգացումներն էին, մասնավորապես այն, որ մեր աչքի առջեւ ձեւավորվեց Մաքսային միություն, որը ցույց տվեց իր կենսունակությունն ու արդյունավետությունը։ Բնականաբար, այս զարգացումները պարտադրում են մեզ հստակեցնել մեր վերաբերմունքն այս կարեւորագույն ուղղությունների հետ մեր հարաբերություններին։
Եվ այսպես, առաջին ուղղությունը՝ ՄՄ տնտեսական տարածքը, ցույց տվեց, որ այնտեղ ձեւավորվող պլատֆորմը շատ մոտ է մեր տնտեսական համակարգին եւ այն զարգացման աստիճանին, որն առկա է մեր տնտեսության մեջ։ Միաժամանակ, այն բացահայտեց մեր տնտեսության արդյունավետության բարձրացման օբյեկտիվ հիմքերը։ Մեր ապրանքների եւ ծառայությունների մշակման աստիճանը եւ խորությունը ցույց են տալիս, որ մեր տնտեսությունն այսօրվա իր զարգացման աստիճանով շատ ավելի մոտ է եվրասիական տնտեսական համակարգին, եւ ՄՄ—ում ձեւավորված պլատֆորմն ակնհայտորեն մեզ համար ստեղծում է հարաբերական առավելություններ՝ մեր տնտեսական ներուժն առավելագույն դրսեւորելու համար»,–շեշտեց Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա, երեք երկրների ցուցանիշները, որոնք արտահայտվեցին ինտեգրացիայի արդյունքում, դրա վառ ապացույցն են, այսինքն՝ այն ռեժիմները, որոնք ձեւավորվեցին ՄՄ—ի ներքո, տվեցին դրական արդյունքներ։ Երկրորդ եզրահանգումն այն է, որ ԵՄ—ի հետ հարաբերություններում ակնհայտորեն դրսեւորվեցին այն հարաբերական առավելությունները, որոնք առկա են ԵՄ–ում, եւ այն պոտենցիալը, որը կարող է օգտակար լինել մեր տնտեսության համար. «Այդ առումով, մենք տեսանք, որ այդ համագործակցությունը տվել է դրական արդյունք, եւ կա մեծ ներուժ՝ շարունակելու եւ խորացնելու մեր հարաբերությունները ԵՄ—ի հետ»։
Երկրորդ թեզը, որին անդրադարձավ վարչապետը, վերաբերում էր մեր տարածաշրջանին։ Մերձավոր Արեւելքից մինչեւ Հյուսիսային Կովկաս տարածաշրջանային լարվածությունը 2008թ. ի վեր ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է։ Այդ առումով, ՄՄ—ին եւ միասնական տնտեսական տարածքին, իսկ ապագայում Եվրասիական միությանն անդամակցելու մեր քաղաքական որոշումն ունի նաեւ հստակ ռազմաքաղաքական եւ անվտանգության բովանդակություն. «Հարցեր են հնչում, թե արդյոք ՀՀ—ն միանալով ՄՄ—ին եւ միասնական տնտեսական տարածքին ու ապագայում ձեւավորվող միասնական տնտեսական միությանը՝ չի՞ կորցնելու իր ինքնիշխանությունը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ձեւաչափերը եւ այն անդրազգային ինստիտուտները, որ ձեւավորվում են այսօր ՄՄ—ի շրջանակներում, ենթադրում են, որ մենք հանդես ենք գալու որպես իրավահավասար մասնակից այդ միության մեջ, եւ մեր որոշումներն ազդելու են կարգավորման դաշտի վրա, որը վերաբերելու է մի մեծ շուկայի, որն ունի շուրջ 170 մլն բնակչություն։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը, մասնակցելով ձեւավորվող անդրազգային կառույցներին, ձեռք է բերելու նաեւ լրացուցիչ լիազորություններ ու ազդեցության լրջագույն լծակներ»։
Ի՞նչ կտա մեր բիզնեսին ՄՄ—ն
Երրորդ թեզը գլոբալ հարթությունից տեղափոխվում է առարկայական դաշտ, այլ կերպ՝ ի՞նչ է տալու հայկական բիզնեսին ՄՄ—ին անդամակցությունը։ «Այս անդամակցությունը բազմագործոն երեւույթ է,–ասաց վարչապետը,–եւ բնականաբար, մենք պարտավոր ենք վերլուծել բոլոր դրական եւ բացասական գործոնների ազդեցությունը մեր տնտեսական համակարգի վրա։ Այդ տեսակետից չափազանց կարեւոր էր այն աշխատանքը, որ մենք իրականացրեցինք ՌԴ եւ ՀՀ նախագահների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։ Երկկողմանի քննարկվում էր մեր համագործակցության հետագա խնդիրները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ—ն անդամակցելով ՄՄ—ին, որոշ իրավասություններ արդեն իսկ զիջել է անդրազգային կառույցներին, եւ երկկողմ հարաբերությունների ձեւավորումը ձեռք էր բերում նոր առանձնահատկություն, այն է՝ ՌԴ—ն չէր կարող երկկողմ հարաբերություններում հաշվի չառնել Բելառուսի եւ Ղազախստանի շահերը։ Դա նշանակում է, որ մենք հետագայում, որքանով որ ՄՄ—ն կդառնա կուռ կառույց, որքանով կամրագրվի Եվրասիական միությունը, մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցման գործում կաշկանդված ենք լինելու այդ հանգամանքով։ Բնականաբար, աշխատանքային խումբը բազմակողմանի վերլուծելով բոլոր գործոնները, տվեց իր եզրակացությունը, որ ՄՄ—ին անդամակցելիս շահավետությունը մեզ համար ակնհայտ է»։
Տ. Սարգսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային տնօրենն արել է քաղաքական հայտարարություն այն մասին, որ Հայաստանի՝ ՄՄ—ին անդամակցությունը մեր երկրի տնտեսության վրա ունի ավելի շատ դրական ազդեցություն, քան բացասական։ Ինչեւէ, գործադիր իշխանության ղեկավարի խոսքերով, առաջին կարեւորագույն գործոնը, որից շահելու է մեր բիզնեսը, այն է, որ մեր տնտեսավարող սուբյեկտներն անխոչընդոտ մուտք են գործելու սպառողական մեծ շուկա։ Նոր ռեժիմների ստեղծումը հնարավորություն է տալու մեր բիզնեսին անխոչընդոտ իրացնելու իր ապրանքները եւ ծառայություններն այդ մեծ ու հզոր շուկայում։ Երկրորդ կարեւորագույն գործոնը մաքսային ձեւակերպումների էական դյուրացումն է։ Այս գործոնն առնչվում է նաեւ մեկ այլ գործոնի՝ տեխնիկական խոչընդոտների վերացմանը։ Մեկ այլ գործոն է, որն, ի դեպ, դրական ազդեցություն է թողնելու մեր տնտեսության վրա, ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնումը։ Մասնավորապես խոսքը «Ռոսնեֆտ»—ի նոր ծրագրի մասին է, որը ենթադրում է Հայաստանում առնվազն 400 մլն դոլարի ներդրում, եւ որը հաշվի է առնում ՄՄ—ի ռեժիմները, որի ներքո հնարավոր է այդ ծրագիրը դարձնել արդյունավետ։ Մեկ այլ գործոն էլ էժան հումքի հասանելիությունն է։ ՌԴ—ի հետ արդեն ստորագրել ենք երեք պայմանագիր, որը երաշխավորում է երկարաժամկետ եւ կայուն հումքի մատակարարում տնտեսավարող սուբյեկտներին։
Վարչապետն ընդգծեց, որ ՄՄ—ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ—ն 3 անգամ գերազանցում է ՀՀ—ում նույն ցուցանիշին։ Դա նշանակում է, որ ՄՄ—ում կենսամակարդակն ավելի բարձր է, քան ՀՀ—ում. «Ինտեգրացիոն գործընթացները նպաստելու են փուլ առ փուլ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»։
Տիգրան Սարգսյանը խոսեց նաեւ այն թեզից, թե ինչո՞վ է ՀՀ—ն մտնում ՄՄ։ «Այդ տեսակետից մենք ունենք հարաբերական առավելություն»,– վստահություն հայտնեց նա։ Առաջինը՝ ֆինանսական ամուր համակարգն է, որը ցույց տվեց իր հուսալիությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում եւ ապացուցեց, որ ԱՊՀ երկրների հետ համեմատության մեջ մենք ունենք հարաբերական առավելություն։ Հայաստանի Հանրապետությունը միակն էր, որը ստիպված չէր ֆինանսական օժանդակություն ցույց տալ մեր բանկային համակարգին, այլ հակառակը՝ բանկային համակարգն իր հուսալիությամբ հնարավորություն տվեց մեղմելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները։ Երկրորդ՝ ճգնաժամից հետո ՀՀ—ում ձեւավորվել է տարազանված տնտեսություն։
Վարչապետի մեջբերած մեկ այլ թեզ էլ վերաբերում է այն մարտահրավերներին, որոնց հետ մենք առնչվում ենք՝ անդամակցելով Մաքսային միությանը, որտեղ մաքսատուրքերի ցուցանիշը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան ունենք մեր երկրում. «Մենք այսօր միասնականացնում ենք մաքսատուրքերը։ Դա ազդեցություն է թողնելու տնտեսավարող այն սուբյեկտների վրա, որոնք ապրանքներ են ներմուծում։ Դա ազդեցություն է թողնելու նաեւ մեր արտադրողների վրա։ Օրինակ՝ միս եւ մսամթերք։ ՄՄ—ում կիրառվում են բարձր տոկոսադրույքներ՝ նպատակ ունենալով պաշտպանել ՄՄ—ի տնտեսավարողների շահերը եւ դրանով իսկ հիմքեր ստեղծելով, որպեսզի նրանք ավելացնեն իրենց մրցունակության աստիճանը։ Դա նշանակում է, որ նման փոփոխություններն ունենում են երկակի ազդեցություն. մի կողմից, եթե մենք բարձրացնենք մսամթերքի մաքսատուրքերը, կնշանակի, որ բացասական ազդեցություն կթողնենք սպառողական շուկայի վրա, բայց մյուս կողմից մենք կպաշտպանենք ՀՀ—ի միս արտադրողների շահերը, ինչը կխթանի նոր ներդրումներն անասնապահության բնագավառում»։
Եվ կա հույժ կարեւոր մի խնդիր էլ։ Անդամակցելով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ մենք պարտավորություններ ենք ստանձնել։ Այդ պարտավորությունների մի մասն ունի վերանայման կարիք, քանի որ ստիպված ենք լինելու վերանայել մեր մաքսատուրքերը, իսկ դա նշանակում է, որ ԱՀԿ շրջանակներում մենք պետք է սկսենք բանակցային գործընթաց։
Նախանձում է հայկական պլանշետներին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան չթաքցրեց իր ուրախությունը, որ ՀՀ—ն որոշել է միանալ ինտեգրացիոն գործընթացին. «Մենք սպասում էինք միջազգային գնահատականների, եւ դրանց մեծ մասը բացարձակապես քաղաքականացված է։ Ինչեւէ, այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ անգամ առկա խոչընդոտներով եվրասիական ինտեգրացիոն գործընթացը անդամ պետությունների տնտեսական աճի համար հզոր խթան հանդիսացավ»։ Տ. Վալովայան վստահեցրեց, որ սա «այն միությունն է, որտեղ հարցերը լուծվում եւ հետագայում եւս լուծվելու են կոնսենսուսով, ամենազգայուն հարցերը նույնպես»։
ԵՏՀ կոլեգիայի անդամի խոսքերով՝ Հայաստանից արտահանման տեմպերն աճել են, թեեւ ինտեգրացիոն գործընթացները նոր—նոր են սկսվում։ Իսկ մշակված ճանապարհային քարտեզը ոչ միայն համապատասխանում է ժամանակացույցին, այլեւ առաջանցիկ տեմպ է արձանագրում։ «Հայաստանի հետ բանակցային այս գործընթացը կարելի է դասագրքում նկարագրել, թե ինչպես պետք է անցկացնել բանակցությունները, ինչպիսի բարձր պրոֆեսիոնալությամբ։ Այնպես որ ես վստահաբար կարող եմ ասել, որ անդամակցության որեւէ խոչընդոտ չի առաջանա»,–համոզմունք հայտնեց Տ. Վալովայան։
Իսկ չարչրկվող այն հարցին ի պատասխան, թե ընդհանուր սահմանների բացակայությունը կարող է անհնար դարձնել ՀՀ անդամակցությունը ՄՄ—ին, Տ. Վալովայան նշեց, որ ժամանակակից աշխարհում ընդհանուր սահմանների առկայությունը պարտադիր չէ ինտեգրացիոն գործընթացների համար։
Ի դեպ, նա նաեւ ամենայն լրջությամբ ընդգծեց, որ նախանձով է հետեւում Հայաստանում պլանշետների արտադրությանը, առավել եւս, որ ինտեգրացիոն նման տարածքում, ինչպիսին ՄՄ—ն է, սա նմանատիպ առաջին արտադրությունն է. «Սա այն ոլորտն է, որը զարգացման մեծ պոտենցիալ ունի եւ առանց սահմանափակման ներկայացված կլինի ՄՄ շուկայում»։
Սակայն նա առանձնակի հավելեց հայկական ավանդական՝ գյուղատնտեսական արտադրանքի տեղի մասին. «Ձեր արտադրանքն այնքա՜ն հայտնի է իր բնական մաքրությամբ»։
Տ. Վալովայան մի շեշտադրում էլ արեց. ՄՄ—ին անդամակցությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ ՄՄ—ն. «Անդամակցությունից կշահեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ՄՄ—ն, քանի որ Հայաստանը կդառնա դեպի Մերձավոր Արեւելք տանող միջանցքը։ Եվ, ի դեպ, Հայաստանը դուրս չի մղվի այլ ինտեգրացիոն գործընթացներից, ինչի մասին մտահոգություններ են հնչում, այլ հակառակը՝ ՄՄ կազմում ավելի է մեծանում ՀՀ հնարավորությունը ԵՄ հետ հարաբերություններում հանդես գալու իբրեւ իրավահավասար գործընկերոջ»։
ՀՀ—ն ՄՄ—ի միակ երկիրն է, որ GSP+ ունի
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ԵվրԱզԷՍ—ում Հայաստանը դիտորդ է հենց այն պատճառով, որ ժամանակին չափազանցվում էր նմանատիպ կազմակերպություններին անդամակցելու համար ընդհանուր սահմանի բացակայության հանգամանքը։ Այսօր ճանապահային քարտեզով ՀՀ—ն միանալու է ՄՄ—ին եւ ընդհանուր տնտեսական տարածքին, եւ մայիսին հնարավոր է ստորագրվի Եվրասիական միության պայմանագիրը, որը պետք գործի 2015 թ. հունվարի 1—ից։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշեց, որ եթե պայմանագիրը ՄՄ—ի հետ կարճ ժամկետներում չստորագրվի, ապա «մեր աշխատանքներն ավելի դանդաղ կիրականացնենք»։ Իսկ մինչեւ ՄՄ—ին միանալը Հայաստանը պետք է 262 միջոցառում իրականացնի. 100—ից ավելի միջոցառում արդեն իրականացված է, իսկ 20—ը ամենաբարդ միջոցառումներն են։ ՄՄ—ին միանալու 25 միջոցառում պետք է արվի, երբ Հայաստանը միանա բուն պայմանագրին, մոտավորապես 70 միջոցառում, երբ միանա ՄՄ—ին, դրանք պահանջում են օրենսդրական փոփոխություններ։ 40 միջոցառում իրականացվելու է բուն պայմանագրին միանալուց հետո։
«Մեր մասնակցությունը նաեւ Մաքսային միության համար արժեքավոր կլինի»,–շեշտեց Կարինե Մինասյանը։
Ավելին՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նկատեց, որ ԵՄ—ի հետ GSP+ ռեժիմը Մաքսային միության կազմում Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացի։ Այս համակարգի շնորհիվ 11.000 հայկական ապրանքներ ԵՄ արտահանելիս մաքսատուրք չի գանձվում. «Հայաստանը Մաքսային միության միակ երկիրն է, որ ԵՄ—ի հետ ունի նման ռեժիմ»։ Նախարարը չբացառեց, որ ՄՄ անդամ երկրների տնտեսավարողները Հայաստանում սկսեն գործունեություն իրականացնել, որպեսզի կարողանան GSP+ համակարգի շնորհիվ ապրանք արտահանել ԵՄ։
Խոսելով խնդիրների մասին՝ Դավիթ Սարգսյանը նշեց մաքսային բրոքերների, փոխադրողների, ժամանակավոր պահպանման պահեստների առումով համապատասխան լիցենզիա ստանալու հարցը։ Վերոնշյալ ծառայությունների համար լիցենզիա ստանալու համար Մաքսային միությունը խիստ կանոններ է ամրագրել, ինչը նշանակում է, որ փոքր տնտեսավարողները կունենան դժվարություններ։ «Այս պահի դրությամբ բանակցություններն այն փուլում են, որ 2 տարվա կտրվածքով այդ կանոնները չեն տարածվի հայ տնտեսավարողների վրա, որից հետո կանոնները պարտադիր կլինեն բոլորի համար»,–ասաց նախարարը։
Ապրանքների մաքսային արժեքների որոշման մեխանիզմի վերաբերյալ Դավիթ Սարգսյանն ասաց, որ կկիրառվի արժեքի որոշման 6 մեթոդ. կիրառման եղանակները սահմանվում են ՄՄ հանձնաժողովի առանձին որոշումներով։ ՄՄ տարածքի ներսում ներմուծման եւ արտահանման ժամանակ հարկման հետ կապված առանձնահատկություններից Սարգսյանը կարեւորեց, որ ՄՄ անդամ երեք երկրներից ներմուծված ապրանքի ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երկարաձգվել է։ Դեպի ՄՄ երկրներ արտահանման պարագայում ավելացված արժեքի վրա կկիրառվի զրոյական դրույքաչափ։ Այս ձեւաչափերը չեն կիրառվի ՄՄ—ից դուրս երրորդ երկրների վրա։
Միավորումը՝ ներքին գործերին չմիջամտելու պայմաններում
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հատուկ նկատեց, որ այժմ ուսումնասիրվում եւ բացահայտվում է Հայաստանում բարձր ու ինովացինոն տեխնոլոգիաների հնարավոր համակցությունը Եվրասիական ինովացիոն տեխնոլոգիական պլատֆորմին, ինչը նոր հնարավորություն կտա այդ ոլորտի աճի համար։ Եվ փաստարկը, որ Հայաստանի տնտեսությունն առաջանցիկ աճ կգրանցի ՄՄ անդամակցության պարագայում, Հայաստանից դեպի ԱՊՀ եւ հիմնականում ՄՄ երկրներ արտահանվող ապրանքների կազմն է, ինչը նախորդ տարի 27.3 տոկոս է կազմել։ Եթե արտահանման ծավալներից հանենք մետաղները, ապա ՄՄ—ին բաժին կհասնի ամբողջ արտահանման ծավալի 67.5 տոկոսը, այսինքն՝ վերամշակման բարձր աստիճան ունեցող արտահանվող ապրանքների 2/3—ից ավելին սպառվում է Մաքսային միության անդամ երկրներում։ «Սա չափազանց կարեւոր հնարավորություն է մեզ համար»,–ասաց Գ. Մինասյանը։
Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ նա հայտնեց, որ ՄՄ—ին անդամակցության դեպքում ակնկալվում է դրական հեռանկարներ ոլորտի ընդհանուր զարգացման գործում. «Դրական կողմերից կարող է լինել այն, որ մեր արտադրանքը կարող ենք իրացնել ՄՄ տարածքում երրորդ երկրների համեմատ ավելի արտոնյալ պայմաններում եւ նաեւ հնարավորություն կունենանք մեր ապրանքներն արտահանելու ՄՄ սահմաններից դուրս»։
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ուշադրությունը հրավիրեց հետեւյալ խնդրին։ ՄՄ անդամ պետությունները, լինելով բնական պաշարներով հարուստ երկրներ, հետխորհրդային շրջանում վարել են ազգային արտադրողին պաշտպանելու քաղաքականություն՝ հիմնականում համեմատաբար բարձր մաքսատուրքերի ներդրման միջոցով։
Ի հակադրություն դրա՝ բնական ռեսուրսների սակավության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից երկիրը շրջափակելու եւ Վրաստանից լոգիստիկ բարձր կախվածության պատճառով Հայաստանն այդ նույն ժամանակահատվածում ստիպված է եղել ապահովել իր տնտեսության կենսունակությունը հիմնականում ազատականացման ճանապարհով։ Արդյունքում մաքսատուրքերի մակարդակը ՄՄ անդամ երկրներում որպես կանոն ավելի բարձր է, քան Հայաստանում կիրառվողները։ Ուստի՝ ՄՄ—ի եւ Եվրասիական տնտեսական համագործակցության անդամակցության օրենսդրական կարգավորման աշխատանքները կատարելիս պետք է հաշվի առնել Հայաստանի տնտեսությանը բնորոշ մի շարք հանգամանքներ, հատկապես այն, որ ՀՀ—ի տնտեսական կառուցվածքը զգալիորեն տարբերվում է Եվրասիական միության անդամ երկրների տնտեսություններից։
ԱԺ փոխխոսնակը լիահույս է, որ այս խնդիրը կկարգավորվի, որովհետեւ «ժամանակակից եվրասիականության կարեւոր բնորոշիչ հատկանիշն այն է, որ վերջինս մարմնավորում է բացառապես անկախ մասնակիցների միավորումը՝ կամավոր որոշման, շահերի ընդհանրության եւ իրավահավասարության հիման վրա։ Դա թույլ է տալու խուսափել բոլոր կայսրություններին բնորոշ հիմնական սխալներից եւ ստեղծել հարաբերությունների այնպիսի համակարգ, որը զարգացնում եւ հարստացնում է դրա մեջ մտնող ժողովուրդներին։ Եվրասիական ինտեգրումը, մեր կարծիքով, պետք է հիմնված լինի փոխշահավետ տնտեսական սկզբունքների եւ մոտեցումների վրա՝ բացառելով վերացական աշխարհաքաղաքական գաղափարներն ու կարգախոսները։ Տնտեսությունը պետք է լինի այդ ինտեգրացիայի հիմքում։ Մյուս սկզբունքն էլ այն է, որ յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա եւ տեսնի այդ գործընթացներին մասնակցելու ուղղակի օգուտներն իր համար»։
Գուցե բացվեն երկաթուղային դռները
«Հայաստան—Մաքսային միություն. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի ավարտին ընդունվեց բանաձեւ այն հարցերի հետ կապված, որոնց շուրջ միջոցառմանը համաձայնություն ձեռք բերվեց։
Մինչ այդ, սակայն, զեկուցողներին եւ, մասնավորապես, Տատյանա Վալովայային հարցեր ուղղվեցին, որոնց մասին մանրամասն խոսվեց նաեւ համաժողովից հետո հրավիրված ասուլիսում։
Օրինակ, հայ ադամանդագործներին հուզում է ՄՄ տարածքում միասնական հարգադրոշմման հարցը։ Տ. Վալովայան անկեղծ խոստովանեց, որ այս պահի դրությամբ չի կարող հստակ պատասխանել, որովհետեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի համար այս հարցը սուր դրված չէր, այլ է Հայաստանի պարագայում, եւ ՀՀ—ի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կլուծի այդ հարցը։ Վալովայան չի բացառում հայկական ոսկերչական իրերի հարգերի՝ ՄՄ երկրներում ճանաչման հարցի լուծումը. «Ես կարող եմ միանգամից ասել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը թույլ կտա լուծել այդ խնդիրը։ Մենք հիմա փորձում ենք հաղթահարել այն բոլոր արգելքները, որոնք վերաբերում են ոչ մաքսային բնույթի հարցերին, այդ թվում՝ որոշակի տեխնիկական հարցերի ճանաչմանն ու համապատասխանեցմանը։ Այս առումով՝ Հայաստանի մասնակցությունն այդ աշխատանքում շատ կարեւոր է։ Եթե պրոբլեմը շատ սուր է, կարծում եմ՝ կարելի է ստեղծել ճանապարհային քարտեզ եւ մտածել ինչպես գնալ այդ ուղով»։
ՄՄ—ն եւ ԵՏՀ—ն թեեւ տնտեսական կառույցներ են, բայց կկարեւորվեն աշխատուժին, ծառայություններին վերաբերող հարցերը։ «Միության տարածքում աշխատուժը պետք է կարողանա տեղաշարժվել առանց որեւէ քվոտաների։ Դրա համար պետք է լուծվեն նաեւ սոցիալական մի շարք հարցեր, որ վերաբերում են առողջապահությանը, կրթությանը, կենսաթոշակներին։ Մեր քաղաքացիները բնակություն հաստատելով միության անդամ որեւէ պետությունում՝ չպետք է իրենց միգրանտ զգան»,–նշեց Տ. Վալովայան։ Իսկ տնտեսության մասին հեռանկարային դատողություններ արդեն կարելի է հենց այսօր անել։
Արդեն հիմա ՌԴ—ն Հայաստանի տնտեսության լրջագույն ներդրողն է, երբ Հայաստանը դեռ չի անդամակցել ՄՄ—ին։ Դրանից հետո ակնհայտորեն կմեծանա Հայաստանի ներդրումային գրավչությունը ՌԴ—ի, Ղազախստանի եւ Բելառուսի ներդրողների համար։ Օրինակ, ԵՏՀ կոլեգիայի անդամի խոսքերով, Ղազախստանի եւ Բելառուսի մեքենաշինության բնագավառներում իրականացվում են մեծածավալ ներդրումներ, իսկ մինչ այդ ոչ մի ներդրող լուրջ ծրագիր այդ երկրներում չէր դիտարկում. «Վստահ եմ, որ նույնը կլինի նաեւ Հայաստանի դեպքում»։ Այդ ներդրումներն առաջին հերթին կկատարվեն բարձր տեխնոլոգիական բնագավառներում, քանի որ դրանք Հայաստանում արդեն զարգացած են, որոնցով ՌԴ—ն հետաքրքրված է եւ շահագրգիռ։
Միաժամանակ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը վստահեցրեց, որ ներդրումներ կլինեն նաեւ այլ՝ ավանդական ոլորտներում ու ճյուղերում։
Այնուամենայնիվ, ՄՄ—ին միանալով ՀՀ—ի համար դժվար պահեր կծագեն։ Տ. Վալովայան չհերքեց սա։ Այո, մաքսատուրքերի բարձրացումից հետո դժվար իրավիճակի առաջանալուց խուսափելու նպատակով քննարկվում է ՄՄ—ին ՀՀ—ի միանալուց հետո անցումային փուլ ստեղծելու հարցը։ Ժամանակ կպահանջվի, մինչեւ որ Հայաստանը հարմարվի ՄՄ պայմաններին։ «Ամեն բան արվելու է, որպեսզի արտադրողներն ու սպառողները միայն օգուտ ստանան։ Բացասական ազդեցությունները մեղմելու քայլեր կձեռնարկվեն»,–ասաց նա։
Ի դեպ, Ղազախստանի համար եւս եղել են 400—600 ապրանքատեսակներ, որոնց մաքսային խնդիրների լուծման համար պահանջվել է անցումային ժամանակ։ Միայն հաջորդ տարի Ղազախստանի մաքսատուրքերը բոլոր ապրանքների համար կհամապատասխանեն ՄՄ չափանիշներին։
Հայաստանը ներկայացրել է 900 ապրանքատեսակ, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն երկրի համար, որպեսզի դրանց մաքսատուրքերի բաձրացում միանգամից տեղի չունենա։
Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում քննարկվո՞ւմ է արդյոք ԼՂՀ հարցը։ Ըստ Տատյանա Վալովայայի՝ ոչ, քանզի այդ գործընթացները տնտեսական հարթության վրա են, եւ այնտեղ չեն քննարկվում քաղաքական հարցեր։ «Մենք հարգանքով ենք վերաբերվում միջազգային այն գործընթացին, որն ընթանում է ԼՂՀ կոնֆլիկտի հարցով։ Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը ոչ մի կերպ չի ազդի այդ գործընթացի վրա։ Մյուս կողմից մենք չենք տեսնում ոչ մի խնդիր, որպեսզի Հայաստանը դառնա ապագա Եվրասիական տնտեսական միության, ներկայումս Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի անդամ»,–նշեց ԵՏՀ անդամը։
Հայաստանի՝ ՄՄ—ին միանալուց հետո Իրանի հետ տնտեսական կապերը կտրուկ կզարգանան, ինչն էլ կբերի նրան, որ նման երկաթուղու կառուցումը տնտեսապես պահանջված կլինի։
Տ. Վալովայան չբացառեց ՄՄ շրջանակներում նաեւ աբխազական երկաթուղու շահագործումը։
Հավելենք, որ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը նախատեսում է մայիսին ստորագրել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն երկրի միանալու պայմանագիրը, որով հաջորդ տարվա հունվարի 1—ից Հայաստանը կդառնա ՄՄ անդամ։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|