ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 12 » Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար /Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել/
09:45
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար /Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել/

Մենք՝ հայերս, այս աշխարհում բոլորից լավ գիտենք թուրքական անմարդկային վտանգների մասին, անկախ այն հանգամանքից, նրանք հենց թուրք անունով են հանդես գալիս, թե ադրբեջանցի կամ մեկ այլ։ Ամենաշատը մենք ենք զգացել արհավիրքների այն բեռը, որը կարող է տեսանելի դարձնել թուրք հարեւան ունենալու աներեւակայելի սարսափները։ Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք աշխարհում եւ տարածաշրջանում թուրքական վտանգներին եւ, փաստորեն, այն վտանգը, որը դիտարկել էինք նաեւ Սիրիայի մասով, դարձավ իրականություն։
Եվ այստեղ է, որ նորից հարց պետք է բարձրացնենք նախ մեր, ապա աշխարհի առջեւ, որ Սիրիայում իր նպատակների հաջողությունից կարող է ոգեւորվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քանի որ նա վաղուց բացահայտորեն խոսում է իր ծավալապաշտական ծրագրերի մասին։
Այդ ամեն ինչը սկսվեց այն ժամանակներից, երբ տարիներ առաջ Էրդողանը կասկածի տակ դրեց Աթաթուրքի ստեղծած պետության ձեւը՝ համարելով, որ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող լինել օսմանյան Թուրքիայի ժառանգորդը, ինչը ինքը կկարգավորի՝ իսլամական Թուրքիայի ձեւավորմամբ։ Այսպիսով նա նպատակ ունի համաթուրքական եւ համաիսլամական հիմնախնդիրները համատեղել եւ ուղղել մեկ նպատակի՝ «Մեծ Թուրանի» ստեղծմանը։ Իսկ դա անցնում է օսմանականության ճանապարհով, ինչի մասին եւս խոսեցինք։ 
Էրդողանը մեկ այլ քայլ էլ արեց իր նպատակների համար։ Նա անուղղակիորեն կասկածի տակ դրեց Աթաթուրքի՝ բոլոր թուրքերի հայրը լինելու ցայսօր անբեկանելի թվացող տեսությունը։ Իսլամական Թուրքիան պիտի ստեղծեր նոր հայր թուրքերի համար, որին Թուրքիայի նախագահը պատրաստվեց նախագահ վերընտրվելուց հետո, երբ նախագահական նստավայրը տեղափոխեց այն վայրից, որը հանդիսացել էր Աթաթուրքի եւ նրանից հետո բոլոր նախագահների նստավայրը։
Այս ամենի վրա մեզանում ուշադրություն դարձնողները շատ չէին թերեւս, սակայն ամեն ինչ սկսվում է հոգեբանական հաղթանակներից։ Իսկ Թուրքիայում կարիք կար ջարդելու Աթաթուրքի անսասան կերպարը, որպեսզի նորովի ասված խոսքը մեծ արժեք ունենար թրքության համար։ 
Եվ թուրքերի նոր հայրը՝ օսմանականության եւ համաթուրանականության նոր ջատագովը, ներքին խնդիրները հաղթահարելով, անցավ գործի արտաքին ասպարեզում։ Սկսվեցին հակադրությունները 1. Ռուսաստանի հետ (միառժամանակ ռուս—թուրքական հակադրություն կար Սիրիայում, հրթիռակոծվեց ռուսական մարտական ինքնաթիռը, ապա ՌԴ դեսպանը գնդակահարվեց Թուրքիայում), 2. Միացյալ Նահանգների հետ (Էրդողանը ԱՄՆ—ին մեղադրեց հնդկացիների ցեղասպանության մեջ, ԱՄՆ—ի ռազմաբազան, որ ՆԱՏՕ—ին է ծառայում նաեւ, մի որոշ ժամանակ գրեթե սառեցված վիճակում էր եւ տեղափոխման շեմին), 3. Եվրամիության հետ (Էրդողանը ԵՄ—ն կոչեց քրիստոնեական ակումբ, պարբերաբար գումարներ է պահանջում՝ սիրիացի փախստականներին Եվրոպա չթողնելու համար, բացահայտ խառնվում է եվրոպական երկրների ընտրություններին՝ գործածելով տեղի թուրք բնակչությանը) եւ այլն։
Աշխարհի գերտերությունների հետ, իր կարծիքով, այսպես մրցակցելով, Թուրքիայի նախագահը իր համար արձանագրեց, որ կարող է անցնել իր ծրագրի հերթական փուլին՝ զավթողական քաղաքականությանը։ Այսօր էլ նա համոզված է, որ Թուրքիան չի պատժվելու։
Վաշինգտոնից մեկ սպառնում են, թե Սիրիա ներխուժելուց հետո կոչնչացնեն Թուրքիայի տնտեսությունը, մեկ էլ հայտարարում են, թե ամերիկացիներն իրենց գործն ավարտել են Սիրիայում՝ ջախջախելով իսլամական պետություն հիմնած ահաբեկիչներին։ Ասում են, թե Սիրիան ինքը պետք է լուծի իր խնդիրները, իրենք աջակցում են սիրիական քրդերին, զենք են տրամադրել, եւ դա բավարար է։
Բրյուսելը Եվրոպայի անունից սպառնացել է, թե կդադարեցնի ֆինանսավորել Թուրքիային՝ փախստականների ճամբարները պահելու հարցում, մի շարք երկրներ էլ (Ֆինլանդիան, Նորվեգիան) հրաժարվել են այլեւս զենք վաճառել թուրքերին։
Որոշակի տարբեր մոտեցումներ ունեն Ռուսաստանն ու Իրանը, այս երկրները խստորեն զգուշացնում են Թուրքիային, որ կմիջամտեն, եթե առաջանա թուրք—սիրիական պատերազմ։ Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք—իրանական սահմանին, որի մասին թուրքական կողմը նախապես իրազեկված չի եղել։
Այստեղ պետք է հիշել այն, երբ Սիրիան հայտարարում էր, թե իրեն չի անհանգստացնում Ռուսաստանի կողմից S—400—ների մատակարարումը Թուրքիային։ Դա այն ժամանակ, երբ Հայաստանը անհասկանալի էր համարում իր դաշնակից Ռուսաստանի նման վերաբերմունքը։ Մինչդեռ Թուրքիայի հարեւանը լինելով՝ երբեք չպետք է կորցնել զգոնությունը։
Իսկ հոկտեմբերի 9—ին Թուրքիան սկսեց «Խաղաղության ակունք» գործողությունը, զինված ուժերը սկսեցին կրակոցներ արձակել Սիրիայի հյուսիս—արեւելքում գտնվող տարածքներում, ապա անցել են Սիրիայի սահմանը եւ վերահսկում են Թել էլ—Աբյադ շրջանի 7 բնակավայրեր։ Բացի դրանից, թուրքական զորքերը հայտնել են, թե ոչնչացրել են 109 ահաբեկիչների, որոնք պատկանում են «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» եւ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։
Իրենց հերթին քրդերն էլ պատասխան կրակ են արձակել։ Կրակոցների տակ են հայտնվել Թուրքիայի 3 քաղաքներ՝ Աչակկալեն, Նուսայբին եւ Ջեյլանպինարը։ Սպանվել է 6 մարդ, որոնցից մեկը 10 ամսական երեխա է, վիրավորվել է 70 մարդ։
Այսօր էլ ծանր մարտեր են ընթանում Սիրիայի քրդական ու Թուրքիայի բանակային ուժերի միջեւ։ Քրդերը թուրքական բանակի գործողությունների դեմ բողոքի ցույց են սկսել Դիարբեքիր քաղաքում։ Ոստիկանները ջրցան մեքենայով ցրել են քրդերի խաղաղ ցույցը։ Սա եւս մեծ ալիք է բարձրացրել աշխարհում, որին ի պատասխան՝ Անկարան, շարունակելով թուրքական սինաբանությունը, պնդում է, որ քրդերի դեմ սկսած ռազմական գործողությունների նպատակն այս հատվածում ժողովրդագրական պատկերը վերականգնելն է, ինչի հետեւանքով սիրիացիները պիտի վերադառնան իրենց տները։
Սիրիայի քրդերը մեծապես օժանդակել են ԱՄՆ—ին «Իսլամական պետության» ոչնչացման ընթացքում, սակայն այսօր զարմացած են եւ նշում են, որ ԱՄՆ—ն մեկ անգամ եւս դավեր է նյութում Սիրիայի քրդերի դեմ։ Սիրիայի քրդերը համերաշխ են Թուրքիայի քրդերի հետ, ինչը չի կարելի ասել Իրաքի քրդերի մասին, ինչն էլ դրդում է Անկարային կոտրել ընդդեմ Թուրքիայի գործող քրդական միասնությունը։ Եվ մի քիչ զարմանալի է ԱՄՆ—ի նախագահի՝ օրերս հնչեցրած խոսքը, թե իրենք իրենց գործն արել են, եւ հիմա «թող Եվրոպան, Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիան, Իրաքը, Իրանը եւ քրդերը ինքնուրույն գլուխ հանեն ստեղծված իրավիճակից»։
Բայց ակնհայտ է, որ սա ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի է արվում։ Իսկ դա շատ վտանգավոր է, երբ անտեսվում է իրական վտանգը. Արեւմուտքի եւ Ռուսաստանի հակամարտությունից մենք՝ հայերս, ավելի քան հարյուր տարի առաջ նույնպես տուժել ենք, ինչը դեռ մեղմ է ասված։ Այդ հակամարտությունը բացում է թուրքերի զինանոցը, քանի որ նրանք երկկողմանի խաղարկում են բուն հակամարտությունը՝ իրական խնդրից հարցը շեղելով։ Սիրիայի բարեկամ երկրները հենց այս խաղարկումը պիտի չթույլատրեն։
Ինչպես հաղորդում է «Էրմենիհաբերը», ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին կողմ են արտահայտվել եւ իրենց զորակցությունն են հայտնել Պակիստանը, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան, Կատարը եւ Իսպանիան։ Ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ—ն, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը եւ Հայաստանը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների բնորոշման՝ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել այս հարցում։
Կարիք չկա ասելու, որ Ադրբեջանը եւս սատարում է Սիրիայում թուրքական վայրագություններին։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է. «Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները եւ աջակցում է դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին։ Այդ կապակցությամբ, մենք վստահ ենք, որ ինչպես թուրքական կողմն է հայտարարել, իրականացվող օպերացիան ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության եւ համաձայնության ապահովմանը»։
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը վտանգներ է պարունակում նաեւ սիրիահայ համայնքի համար։ Թուրքիայի թիրախում հայտնվել են տարածքներ, որտեղ տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր (Հասաքայի եւ Կամիշլիի շրջաններում)։ Նախատեսվում է տարհանել հայերին։
Սիրիայի վիճակը պատկերացնել կարելի է. իսլամական ծայրահեղականներից նոր է ազատվել եւ հիմա էլ պետք է դիմակայի թուրքական ծայրահեղականությանը։ Իսկ թուրքական հասարակություն կոչվածը փառաբանում է բռնազավթման քաղաքականությունը, ըստ որոշ ԶԼՄ—ների, համացանցում թուրք օգտատերերը այսպես են արձագանքում ռազմական գործողությանը՝ «Կրակե՛ք, մե՛ր առյուծներ, թող իմանան, թե սա ում հայրենիքն է»…
Սիրիան պատասխան հարվածների է անցել, առաջին օրերին 6 հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ։ Հրթիռներն ընկել են Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Նուսայբան քաղաքի կենտրոնում։ Նշվում է, որ բոլոր հրթիռներն արձակվել են սիրիական սահմանամերձ Էլ—Քամիշլի քաղաքից։
Հուսանք, որ բարեկամական Սիրիան աջակից երկրների հետ միասին կհաղթահարի նաեւ այս վտանգը։
Թուրքական վտանգի մասին միշտ պետք է խոսել եւ մեկ քայլ առաջ մտածել։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 245 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024