ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 22:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 9 » Պատրաստակամ՝ երկխոսելու եւ բաց՝ համագործակցելու համար /Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության եւս մեկ տարեդարձ/
16:19
Պատրաստակամ՝ երկխոսելու եւ բաց՝ համագործակցելու համար /Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության եւս մեկ տարեդարձ/

Մի հետաքրքիր, արդեն թեւավոր դարձած խոսք կա, որը թվում է, թե վերաբերում է շախմատի սիրահարներին, բայց իրականում ավելի ընդգրկուն է՝ «Ցայտնոտի մեջ ընկնում է ոչ թե նա, ով շատ է մտածում, այլ նա, ով մտածում է ոչ այն ուղղությամբ»։ Եթե հետեւենք մեր որոշ քաղաքացիական գործիչների հայտարարություններին, այնպիսի տպավորություն կստացվի, թե նրանք բոլորը երկրի վիճակն արագորեն բարելավող միջոցառումների դեղատոմսերի տրցակները գրպանները դրած՝ պարզապես պահ են փնտրում, որ այդ միջոցառումներն իրականացնեն։ Ընդ որում, այդ ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք ցայտնոտի մեջ են ընկել, որովհետեւ դեղատոմսերի գործողության ժամկետներն անցնում են, իսկ դրանք իրացնել ու իրականացնել այդպես էլ չի ստացվում։
Ահա հենց այս ցայտնոտի մասին է վերոհիշյալ խոսքը, երբ այդ մարդիկ մտածում են ոչ անհրաժեշտ ուղղությամբ ու ընկնում են ցայտնոտի մեջ, արդյունքում՝ պարտվում։ Մինչդեռ իշխանությունը ժամանակի պակաս չի զգում եւ համբերատար ու հետեողականորեն ձեռնամուխ է եղել իր ծրագրերի, իր միջոցառումների իրականացմանը, որոնք կոչված են միասին կառուցելու ավելի ապահով, ավելի բարեկեցիկ Հայաստան։ «Տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։ «Հայաստան» անունը առաջին հերթին պետք է զուգորդվի սրա՛նց հետ»,—անցյալ տարի երկրի նախագահի պաշտոնը վերստանձնելիս նշեց Սերժ Սարգսյանը։
Այս նպատակակետին ուղղված քայլերին, դրանց մի մասի հրատապությամբ հանդերձ, հակացուցված են շտապողականությունն ու չհիմնավորվածությունը։ Սերժ Սարգսյանն իրեն բնորոշ հանդարտությամբ ու միաժամանակ հետեւողականությամբ շարունակում է առաջնորդվել այն քաղաքականությամբ, որի մասին հայտարարել էր դեռ վեց տարի առաջ՝ առաջին անգամ երդվելով որպես Հայաստանի Հանրապետության նախագահ. «Իմ ջանքերն ուղղված են լինելու համազգային նպատակների իրագործմանը, սերունդների միջեւ կապն առավել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շահերը համատեղելուն, ազգային փոքրամասնությունների ու հայապահպանության խնդիրներին»։
Որպես երկրի նախագահ պաշտոնավարելու անցած վեց տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի թե՛ ընդդիմախոսներն ու հակառակորդները, թե՛ թիմակիցներն ու համակիրները բազմիցս են համոզվել, որ նրա համար ընդունելի չէ առճակատման քաղաքականությունը ո՛չ ներքին, ո՛չ արտաքին հարաբերություններում։ Նրա պաշտոնավարության անցած տարիները ցույց են տալիս, որ հավատարմությունն այդպիսի գործելակերպին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Գերակայություն տալով քննարկումներին, բանակցություններին, երկխոսությանը՝ նա ոչ միայն ձեռնպահ է առճակատման միտումից, այլեւ յուրաքանչյուր որոշում ընդունում, յուրաքանչյուր քայլ կատարում է մանրամասն վերլուծության հիման վրա, բոլոր կարծիքներին, ընդգրկուն տեղեկատվությանը ծանոթանալուց հետո։ Պատմությունն ու համաշխարհային փորձը վկայում են, որ երկրի ղեկավարն այլ տրամաբանությամբ չի կարող առաջնորդվել, եթե իսկապես շահագրգռված է իր ժողովրդի ու երկրի շահերով, որովհետեւ ցանկացած հապշտապ, չհաշվարկված, իր մեջ պոտենցիալ հակամարտություն պարունակող որոշում կամ քայլ վտանգ է տվյալ երկրի համար թե՛ ներսից եւ թե՛ դրսից։
Սա, իհարկե, չի նշանակում, թե հանրապետության նախագահի որեւէ քայլ կատարվում է ուշացած։ Խոսքը վերաբերում է նաեւ մի քանի օր առաջ ներկայացված՝ վարչապետի հրաժարականին։ Որքան էլ որոշ քաղաքական գործիչներ ինքնագնահատանքի խոսքեր ձոնեն, թե իրենք էին այդ ամենի շարժիչ ուժը, ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք էժանագին դափնիների շարունակական փնտրտուքի հետ։ Մինչդեռ երկրի նախագահը վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը, առանց շտապելու եւ առանց ուշանալու, պարզ ներկայացրեց իրավիճակը, մասնավորապես նշելով. «Իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք։ Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, եւ ես ասացի, որ վարչապետը մարտի 3—ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ—որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել։ Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը։
Վեց տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար։ Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է։ Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ։ Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք։ Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»։
Քեսաբի վերջին իրադարձությունների վերաբերյալ եւս Սերժ Սարգսյանի արձագանքը հնչեց ոչ միայն դրանցից շատ կարճ ժամանակ անց, այլեւ ժամանակին՝ աչքի ընկնելով համապարփակությամբ եւ ծանրակշռությամբ։ Լինելով խոր վերլուծության արդյունք՝ այդ արձագանքը ինչպես կոնկրետ իրադարձությանն էր վերաբերում, այնպես էլ, ըստ էության, եւս մի հիշեցում էր միջազգային հանրությանը, որ մեր տարածաշրջանում ունենք մի հավակնոտ հարեւան, ով բնավ չպատրաստվելով ներողություն խնդրել անցյալ դարասկզբին իրականացրած ցեղասպանության համար, այժմ էլ ջանք չի խնայում աջակցել, այսինքն՝ առաջին հայացքից անուղղակի, իրականում անմիջականորեն մասնակցել եւս մեկ նմանատիպ հանցագործության։ Սա երկրի նախագահի շուրթերից հնչած, սակայն, անշուշտ, Հայաստանի բոլոր քաղաքացիների ու ողջ հայության սրտից ու շահերից բխող հայտարարություն էր, ինչը նշանակում է, որ հայոց նախագահը կարողանում է ժամանակին արտահայտել այն, ինչին սպասում են իր քաղաքացին ու հայրենակիցը։ Խոսքը վերաբերում է թե՛ արտաքին քաղաքականությանը, թե՛ ներքին կյանքին։
2008 թվականի ապրիլի 9—ին առաջին անգամ ստանձնելով պետության ղեկավարի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «միայնակ ոչ ոք ի վիճակի չէ Հայաստանը դարձնել երազների երկիր» եւ «անհրաժեշտ է բոլոր կառույցների, տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի, քաղաքացիական հասարակության ջանքերի համախմբում»։ Համախմբման այս քաղաքականությունն է ընկած հանրապետության նախագահի գործելակերպի հիմքում՝ լինի Քեսաբի խնդիր, թե երկրի ներքին կյանքին վերաբերող հարց։ Եվ պարտադիր չէ, որ դա ուղեկցվի բարձրաձայնվող պոպուլիզմի անբաժանելի նոտաներով, ինչով անընդհատ փորձում են աչքի ընկնել որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ։ Սերժ Սարգսյանը առճակատման չի գնում որեւէ մեկի հետ՝ ո՛չ որեւէ քաղաքական ուժի, ո՛չ հասարակական կարծիքի, ո՛չ էլ, առավել եւս, սեփական երկրի քաղաքացու հետ։ Դա նրա ոճը չէ ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ մարդկային փոխհարաբերություններում։ Այդ ամենն արտահայտվում է ոչ միայն նրա ելույթներում, այլեւ գործողություններում։
ԵԿՄ 10—րդ համագումարում Սերժ Սարգսյանը ի դեմս համագումարին ներկա երկրապահների, դիմում էր ողջ ժողովրդին, մասնավորապես ասելով. «Այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է, հուսահատության ցանկացած դրսեւորման դեմ է, հավատի համար է, աղքատության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի համար է, զարգացման նոր հնարավորությունների ու արդիական պետություն կայացնելու համար։ Իհարկե, այս ամենը նախ եւ առաջ պետության պարտականությունն է։ Բայց ակնհայտ է, որ միասնականությունը եւ համախմբումն է հաջողության հասնելու առաջին նախապայմանը»։ Եթե հատկապես վերջին շրջանում քաղաքական որոշ ուժերի տարերքը ուղղված է ընդդեմ միասնականության ու համախմբվածության, թեկուզ նրանց կամքից անկախ, ապա երկրի նախագահը օգտագործում է երկխոսելու յուրաքանչյուր հնարավորություն՝ հասարակությանը հուզող խնդիրներին, դրանց տրվելիք լուծումներին անդրադառնալու համար։ Ընդ որում, նույնն է հորդորում եւ պահանջում բոլորից։ Ապրիլի 4—ին Կենտրոնական բանկում անցկացրած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահն ընդգծեց. «Ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք եւ այդ մարդկանց հետ շփվեք։ Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք եւ, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք։ Ես ուզում եմ այստեղ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա՝ իհարկե, ցանկացած օգնություն, ցանկացած օժանդակություն լավ է, եթե անունը օգնություն է, օժանդակություն է, բայց ցանկալի է, որպեսզի այդ օժանդակությունը, օգնությունը լինի ամբողջական։ Ի՞նչ նկատի ունեմ. եթե մի մասին օժանդակում ենք, մի մասին չենք օժանդակում, իհարկե, խոսքս նույն վիճակում գտնված մարդկանց մասին է, այստեղ մենք, միգուցե, ուղղակի կոպիտ սխալ ենք թույլ տալիս։ Խոսքս նաեւ ուսումնասիրություններին է վերաբերում։ Շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրություններն ամբողջական անել»։
Օրերս Սերժ Սարգսյանն այցելելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ կոնկրետ օրինակի վրա կարեւորել էր մարդկանց հետ շփումների, բացատրվելու անհրաժեշտությունը. «Ցանկացած լավագույն որոշում ընդամենը աշխատանքի կեսն է։ Իհարկե, շատ լավ որոշում է ատոմակայանի նոր բլոկ կառուցելը, բայց լավ որոշում ունենալը գործի կեսն է միայն։ Մենք պետք է կարողանանք ընդունված այդ որոշման մասին գրագետ եւ ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարեւորությունը։ Եթե մենք այսքանը չենք ապահովում, ապա բարդությունների առաջ ենք կանգնում»։ Նախագահն ինքը չի խուսափում խոսել այնպիսի հարցերի մասին, որոնցից, թվում է թե պետք է խուսափեր, որովհետեւ դրանք իրենց մեջ պարունակում են դժգոհությունների ու խնդիրների այն փաթեթը, որոնք սովորաբար հաճելի չեն որեւէ իշխանության։
Սակայն ինչպես ռազմի դաշտում, ինչպես միջպետական բանակցություններում, այս դեպքում եւս Սերժ Սարգսյանը չի խուսափում բարդ իրավիճակներից, որովհետեւ. «Ոչ ոք չպետք է խռով ու նեղացած մնա իր երկրից։ Ոչ մեկը չպիտի նզովի իր ու իր երկրի ճակատագիրը»։ Նույն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում երկրի նախագահը հենց այդպիսի՝ բոլորին հուզող հարցի անդրադարձավ. «Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչեւ իրենց բնակարան բավականաչափ թանկանում է։ Եվ սրա մասին մենք քիչ ենք խոսում։ Մենք պետք է խոսենք, հասկանո՞ւմ եք, սա մեր աշխատանքն է։ Այս նախարարության աշխատանքն է նաեւ։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղից են առաջանում։ Այդ ի՞նչ ավելացումներ են այդ էժան գազի վրա, որ բերում հասցնում են դրան»։ ԵԿՄ համագումարում նախագահը չշրջանցեց մեկ այլ, թերեւս ավելի ցավոտ խնդիր. «Իրոք, արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է, եւ թող որեւէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ։ Իրոք, ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից է։ Բայց մյուս կողմից էլ՝ ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր բնույթ ունի եւ այն զարգացման տարբեր միտումներ է դրսեւորում տարբեր ժամանակահատվածներում… Կտեսնեք, որ գալու ենք դրական բալանսի»։
Նախագահն այս հարցերում եւս չի դավաճանում իրեն եւ բոլոր խնդիրները միասին, համատեղ լուծելու իր սկզբունքին, հավատամքին. «…պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դու դադարում ես խոսել դրա մասին։ Մյուս կողմից, երբեք պրոբլեմը չի լուծվում, պիտի կրկնեմ՝ լացուկոծով, պրոբլեմը չի լուծվում շահարկումով, պրոբլեմը լուծվում է աշխատանքով։ Մենք բոլորս միասին պետք է աշխատենք։ Բոլորս միասին»։
Այդ ճանապարհին երբեմն անհրաժեշտ է լինում նաեւ գնալ այնպիսի քայլերի, որոնց վերաբերյալ այսօրվա քննադատությունները վաղը վստահաբար այլեւ անտեղի են թվալու, որովհետեւ նման որոշումներ ընդունողը, առավել եւս երկրի նախագահը ամենալավը գիտի դրա արժեքը երկրի ճակատագրի համար եւ եթե գիտակցաբար գնում է նման որոշման, ուրեմն վստահ է, որ դա է իր ժողովրդի ապագայի համար ճիշտ ճանապարհը։ Այդ համապատկերում ակնկալելի էր այն արձագանքը, որը հետեւեց Մաքսային միությանն անդամակցելու՝ հանրապետության նախագահի հայտարարությանը։ Ակնկալելի էր ձեւավորվող քաղաքացիական հասարակություն, ազատ խոսքի ու բազմակարծության նկատմամբ հարգանք ունեցող պետության մեջ։ Ինչպես նախագահն ինքն էր նշել.  «Մեր առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու մեր զինանոցը հարստացել է։ Տարիների հետ մենք սովորել ենք խնդիրների լուծման ավելի արդյունավետ ու գործուն լուծումներ առաջադրել։ Սակայն, որ ավելի կարեւոր է, մենք սովորել ենք լսել միմյանց։ Սովորել ենք երկխոսել»։ Այդ երկխոսության շրջանակում էլ հանրապետության ղեկավարը պարբերաբար, տարբեր առիթներ օգտագործելով հիմնավորումներ է ներկայացնում ընդունված որոշման վերաբերյալ, միաժամանակ, պարզաբանելով, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը մի կողմից եւ Մաքսային միությանը միանալը մյուս կողմից դիտարկվում են ոչ թե որպես իրարամերժ, այլ փոխլրացնող գործընթացներ։
Սերժ Սարգսյանի նախագահության անցած ժամանակա շրջանն ու հետագա ակնկալիքները կարելի է ընդհանրացնել նրա իսկ խոսքերով. «Մենք ունենք ազատ Հայաստան եւ ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ։ Մենք սիրում ենք կյանքը։ Մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն։ Եվ իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը եւ հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին»։ Սա միայն ցանկություն չէ, առավել եւս միայն երկրի նախագահի ցանկությունն ու անելիքը չէ, այլ՝ բոլորինս, անկախ մեր գտնվելու վայրից, անկախ ծննդավայրից, անկախ գործունեության դաշտից, անկախ քաղաքական հարթակից ու հրապարակից։
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 414 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024