Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) պատասխանատուները հանրապետության նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013թ. հուլիսից 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Հաշվետվությունը ներառել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի յոթ հիմնական ուղղությունները՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի եւ/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում եւ մրցանակաբաշխության կազմակերպում։
Սերժ Սարգսյանը երիտասարդ գիտնականներին ուղղված իր խոսքում կարեւորել է իրականացված աշխատանքը, ընդգծել, որ պետությունը շարունակելու է աջակցել գիտությանը, այդ թվում՝ երիտասարդ գիտնականներին եւ հնարավորության սահմաններում խրախուսել զբաղվելու գիտությամբ, զարգացնելու մեր երկրում գիտությունը, առանց որի, նախագահի համոզմամբ, անհնար է պատկերացնել Հայաստանի զարգացումը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ կարեւոր է, որպեսզի երիտասարդ գիտնականները մշտապես զգան պետական ուշադրությունն ու հոգածությունն իրենց նկատմամբ, որը երկրի հնարավորությունների մեծացմանը զուգահեռ տարեցտարի կավելանա։
Նախագահը կարեւորել է երիտասարդների հետ իր պարբերական հանդիպումները եւ գիտության ոլորտի խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ քննարկումները, որոնք միտված են առավել արդյունավետ դարձնելու իրականացվող ծրագրերն ու այս ոլորտում պետական քաղաքականությունը։
Հանրապետության նախագահը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Մինչ երիտասարդ գիտնականների հաշվետվությունը լսելը, նախագահը գիտությունների ազգային ակադեմիայում դիտել է ԵԳԱԾ շահառուների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը։
Առողջապահությունից մինչեւ գենոմ
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ, երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ունեն կիրառական բնույթի բազմաթիվ հաջողություններ։
Նա նկատեց նաեւ, որ կա գիտության երիտասարդացմանը վերաբերող հայեցակարգ. «Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի մոտ ապագայում, ինչպես որ 2012թ., երբ բարձրաձայնեցին երիտասարդ գիտնականներին խրախուսելու, աջակցելու մասին, այսօր արդեն իսկ դա իրականություն է»։
Երիտասարդ գիտնականը մեկ այլ առաջընթաց էլ է նկատում. վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ իրենց աստիճանաբար մեծ ուշադրություն է դարձվում։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ավագ գիտաշխատող Արսեն Առաքելյանը եւս ոլորտում բարելավում նկատում է։ Դա արտահայտվում է ինչպես ֆինանսավորման ծավալների ավելացմամբ, այնպես էլ հարակից ծրագրերի ակտիվությամբ։ «Բայց, իհարկե, ֆինանսավորման ծավալների բավարար լինելու մասին խոսելը շատ վաղ է։ Խնդիրն այն է, որ ծավալները պետք է կտրուկ մեծանան։ Իսկ եղած ծավալները պետք է արդյունավետ օգտագործվեն եւ բաշխվեն»,– ասաց նա՝ նշելով, որ իրենց ինստիտուտում հենց այդպես էլ արվում է։ Այնուհետեւ թվարկեց ձեռքբերումները։ Դրանցից առավել ուշագրավը հետազոտություններն են, որոնք թույլ են տալիս գնահատելու քաղցկեղի բուժման արդյունավետությունը։
Ինչպես Առաքելյանն է ասում, գիտնականի դերն ավարտվում է մշակումով։ Դրանից հետո սկսվում է գործարարի դերը։ Պետք է լինի հետաքրքրված գործարար, որը ստանձնի պարտավորություններ՝ համապատասխան աշխատանքներն անելու։ Այս պահին, սակայն, գիտնականն ասում է, որ գոնե քաղցկեղի բուժման արդյունավետության ծրագրի մասով հետաքրքրված գործարար չկա։
Մի նոր ծրագիր էլ կա՝ դարձյալ այս ինստիտուտի կողմից. նպատակ ունեն սկսելու «Հայկական գենոմ» ծրագիրը։ «Ազգային այդպիսի ծրագրեր կան։ Տարբեր երկրներում դա արել են։ Ակնհայտ գիտական արժեքից, ակնհայտ կիրառական եւ բժշկական արժեքներից զատ, այն շատ կարեւոր է պարզաբանելու ծագումնաբանական հարցերը՝ մեր ժողովրդի ծագումը, պատմությունը. ինչպես է առաջացել, երբ է ձեւավորվել... «Հայկական գենոմ» ծրագիրը տալիս է օբյեկտիվ, գիտական հիմնավորված ապացույցներ, որոնք հնարավոր չէ ժխտել։ Խնդիրը կարեւոր է, որովհետեւ այսպիսի ծրագիր մեր հարեւան երկրներում արդեն սկսվել է, ու մեծ ռիսկ է, եթե մենք ժամանակին մերը չներկայացնենք, որովհետեւ առաջին ներկայացված այդպիսի ծրագրից հետո դժվար կլինի ապացուցել, որ դա այդքան էլ հստակ չէ, միտումնավոր խեղաթյուրված է»,–մեկնաբանեց ավագ գիտաշխատողը։
Իսկ մի քանի տաղավար այն կողմ թեման արդեն առողջապահական է։
Այսպես, փոքր չափսի անտենաներ պատրաստելը բավականին բարդ խնդիր է։ Բայց երիտասարդ հայ գիտնականներին դա հաջողվել է անել։ «Կիրառելով փոքրիկ անտենա, մենք կարողանում ենք ստեղծել դեղահաբի չափեր ունեցող սարք, որը կուլ տալու դեպքում հնարավորություն ենք ունենում ամբողջ տեղեկատվությունը նկարների տեսքով ստանալ նոթբուքերի կամ բջջայինների վրա։ Նմանատիպ սարքավորումները հարմարեցվում են օրգանիզմին, որպեսզի օրգանիզմը այն չճանաչի որպես օտար մարմին»,–տեղեկացրեց երիտասարդ գիտնական Հրայր Աբրահամյանը։
Մասնագետը հիշեցնում է «եղիր քո բժիշկը» արտահայտությունը ու մեկնաբանում՝ համապատասխան սարքը կրելով, մեր օրգանիզմի վերաբերյալ անընդհատ տեղեկատվություն կարող ենք ստանալ։ «Իհարկե, դա բժշկության ոլորտում հեղափոխություն կլինի։ Մենք կկարողանանք ազատվել, այսպես ասած, լարերից։ Այն, ինչ առաջարկում ենք, ապահովում է անլար տեխնոլոգիա»,–նշեց նա։
Երիտասարդ առաջնորդներն էլ այսօր երիտասարդ մյուս մասնագետների պես բավականին լավ դիրքերում են։ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչ Անահիտ Առուստամյանը որպես կարեւոր ձեռքբերում առանձնացնում է մարտական ակումբը։ Այն հիմնականում ռազմահայրենասիրական դաստիարակությամբ է զբաղվում։ Այն ստեղծվել է երիտասարդ առաջնորդների դպրոցի ծրագրի շրջանակում։ Երկու անգամ արժանացել է «Հայկյան» մրցանակի։
«Բացի այդ, մեզ մոտ կարեւոր ձեռքբերում է նաեւ տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը։ Դրա շրջանակում տարբեր գիտնականներ իրենց հոդվածներն են տպագրում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ»,–ասաց նա՝ առանձնացնելով նաեւ ՀՀ նախագահի կողմից տրամադրված դրամաշնորհի արդյունքում տպագրված գիրքը՝ «Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ»։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|