Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 27—ի գիշերը սպանվել է Մոսկվայի կենտրոնում։ Ըստ նախնական տվյալների՝ նրա ուղղությամբ արձակվել է 7—8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը, ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ քաղաքական գործչի վրա կրակել են սպիտակ ավտոմեքենայից, որի մակնիշն արդեն հայտնի է։ Նեմցովը զբոսնելիս է եղել Ուկրաինայից ժամանած իր ծանոթի հետ, երբ պատահել է դեպքը։
Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացել է դեպքի մասին ու հայտնել իր խոր ցավակցությունները։ «Պուտինը նշել է, որ այդ դաժան սպանությունը պատվիրված լինելու բոլոր հատկանիշներն ունի ու կրում է պրովոկացիոն բնույթ»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Բորիս Նեմցովի ստոր սպանությունը կհետաքննվի օրենքի ամբողջ խստությամբ, հայտարարել է ՌԴ—ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ—ի Մարդու իրավունքների խորհրդի 28—րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտի ընթացքում։ «Սրբապղծություն է այնպիսի ողբերգությունները, որպիսին Բորիս Նեմցովի ստոր սպանությունն է, օգտագործել հետաքննության եւ արդարադատության մարմիններին փոխարինելու փորձերի համար՝ առաջադրելով բացահայտ քաղաքականացված, անհիմն եւ սադրիչ մեկնաբանումներ»,–ընդգծել Է նախարարը։– Այս կեղտոտ հանցագործությունը կհետաքննվի օրենքի ողջ խստությամբ, որպեսզի մեղավորները խույս չտան պատասխանատվությունից»։ Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ—ի նախագահ Վլադիմիր Պուտինն «անհապաղ տվել է բոլոր անհրաժեշտ հանձնարարությունները, եւ դրանք վերցված են հատուկ վերահսկողության ներքո»։
Հանցագործությունը դատապարտող ելույթներ են հնչում աշխարհի տարբեր ծայրերից։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս խստորեն դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը եւ ցավակցություն հայտնել նրա հարազատներին, մերձավորներին եւ բարեկամներին։
«Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին եւ կպատժեն օրենքի ողջ խստությամբ»,–ըստ ՀՀԿ—ի մամուլի գրասենյակի՝ ասված է հայտարարության մեջ։
Դատապարտող հայտարարություններ են տարածել նաեւ հայաստանյան այլ քաղաքական ուժեր ու գործիչներ։
|