Իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ—ն, ողջունում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներում այլ ուժերի մասնակցությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ մայր օրենքին վերաբերող ցանկացած փոփոխություն պետք է լինի քաղաքական ուժերի մասնակցությամբ։ «Քաղաքական ուժերի կողմից հնչած առաջարկությունները, կարծիքները, անկասկած, Սահմանադրության մեջ իրենց արտահայտությունը կգտնեն»,–նշել է Գ. Մելիքյանը։
Քննարկումներին չմասնակցելու մասին հայտարարած քաղաքական ուժերի (օրինակ՝ ՀԱԿ—ի) քննադատությունները նույնպես իրենց տեղը կգտնեն սահմանադրական բարեփոխումների նախագծում։
Գ. Մելիքյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումները միայն կառավարման համակարգի փոփոխություն չէ, որը դեռեւս նույնպես հստակեցված չէ հայեցակարգում։ Բարեփոխումները հետապնդում են դատաիրավական համակարգի բարեփոխում, մարդու իրավունքների պաշտպանության խորացում, արտաքին անվտանգության ապահովում, տնտեսական համակարգի ձեւավորում եւ այլն։
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումներից, ասել է. «Կարծում եմ իսկապես ժամանակն է, որպեսզի կառավարման համակարգը վերանայվի եւ նոր մոտեցում դրսեւորվի»։
Պատգամավորի կարծիքով՝ պառլամենտական համակարգը ժամանակավրեպ չէ. «Ինձ համար անհասկանալի է այն ուժերի բացասական վերաբերմունքը, որոնք ժամանակին իրենք էին առաջարկում այսպիսի մոտեցում, այսօր ուղիղ հակառակն են ասում»
|