Սեպտեմբերի 8—ից ոստիկանության զորքերի եւ ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել էր «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքը, որի ամփոփիչ գործողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 13—ին, «Արզնի» օդանավակայանում։
Վարժանքին հետեւում էին ոստիկանության պետ, գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ։
Վարժանքի սցենարով՝ արտոնված հանրահավաքը մի խումբ ակտիվ մասնակիցների կոչերով վերածվում է զանգվածային անկարգությունների, որոնք կասեցնում եւ հասարակական կարգը վերականգնում են ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային վարչությունների ստորաբաժանումները՝ օգտագործելով հատուկ պաշտպանական միջոցներ ու տեխնիկա։
Ոստիկանության պետը վարժանքի ընթացքում հետեւեց հատուկ գործողության իրականացման հնարքներին ու ծառայողների պատրաստականությանը, ծանոթացավ պաշտպանական հատուկ միջոցներին ու տեխնիկային, զրուցեց վարժանքի մասնակիցների հետ։
«Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքի պլանով նախատեսված խնդիրները հստակ ու լիարժեք կատարելու համար ոստիկանության զորքերի եւ այլ ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների։
Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ներկայացրեց վարժանքի խնդիրները, նպատակը եւ արդյունքները։
«Ոստիկանությունը չի հանդուրժելու քաղաքական զանգվածային միջոցառումների հետ կապված օրինախախտումները»,—ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից խոստացված թեժ աշնանը։ Նա փոքր—ինչ հումորով նկատեց. «Թեժ աշնան» համար կան «սառը ցնցուղներ», իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի «թեժ աշուն» կարող ենք կազմակերպել»։ Ապա հավելեց. «Պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, օրենքի սահմաններում։ Այն ժամանակ այդ «թեժ աշունները» կարող են շահեկան լինել։ Իսկ եթե դրանք օրենքի խախտումներով են լինում, ես՝ որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու»։
Նա ընդգծեց, որ ցանկացած օրինախախտում, ոստիկանի հանդեպ որեւէ ոտնձգություն խստագույնս կպատժվի. «Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ։ Մենք նույն քաղաքացիներն ենք։ Այսօր ոստիկանությունը ուզում է վաղվա մեր երեխաների, մեր թոռների ոստիկանությունը ստեղծել»։
Վ. Գասպարյանը նաեւ ասաց, որ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ոստիկանությունը տիրապետում է քաղաքական տրամաբանությանը, քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակներում մշակում է իր համապատասխան օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները։
ՀՀ ոստիկանապետը քաղաքական գործիչ չէ, բայց համարում է իրեն պետական գործիչ, որովհետեւ մտածում է սերունդների մասին. «Չունեմ քաղաքական շահ, ունեմ օրենքի գերակայության շահ, իսկ օրենքի գերակայության, գոնե ինձ վստահված սահմաններում, ես կհասնեմ դրան, որ օրենքը գերակայի, այլ ոչ թե «թայֆայաբանությունը», զոռբայությունը եւ այլն։ Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ, որովհետեւ իմ նպատակն արդար է։ Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, իմ քաղաքականությունն իմ երկիրն է, մեր ընտանիքները, մեր երեխաները, օրինապաշտ քաղաքացիները»։
ՀՀ ոստիկանապետը շատ լավ է վերաբերում ՀՀ քննչական կոմիտեի ձեւավորմանը. «Ոստիկանության համար դա հրաշալի վիճակ է, որ ոստիկանությունը ձերբազատվի քննություն, նախաքննություն ընթացքի կոնֆլիկտից։ Կարծում եմ՝ տարանջատումը ճիշտ է, ամեն մեկն իր գործի, մարտավարության, սկզբունքների, արածի ու չարածի համար ինքը պետք է պատասխան տա։ Կարծում եմ՝ դա օգուտ է նաեւ քաղաքացուն»։
Օրերս ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն անհամաձայնություն էր հայտնել այն դիտարկմանը, որ մարտիմեկյան դեպքերի հետ կապված մինչեւ օրս բացահայտում չկա։ Վ. Գասպարյանն այս կապակցությամբ ասաց. «Ես որպես այն ժամանակվա ռազմական ոստիկանության պետ, հիմա որպես ոստիկանության պետ ուղղակի չեմ զբաղվել այդ գործով։ Նախաքննության, քննության ընթացքին ես ուղղակի ծանոթ չեմ»։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
|