Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն։
Հանրապետության նախագահը կմասնակցի Նյուպորտում այսօր կայանալիք ՆԱՏՕ—ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։ Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով։
ՆԱՏՕ—Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները եւ կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները։
Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից եւ միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչեւ 126 հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին եւ հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակներում։
Այսօր երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից եւ ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների։