Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Սուրբ Աթոռ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Սուրբ Աթոռ (Վատիկան)։
Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետեւ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ։
Հանրապետության նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով։
Նախագահը կայցելի նաեւ Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ։ Եկեղեցու գլխավոր խորանի առջեւ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի եւ հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին։
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ։
Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների եւ Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ։