ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 25 » Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը /Դրա համար մեզ պետք է ուժեղ պետություն/
16:47
Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը /Դրա համար մեզ պետք է ուժեղ պետություն/

Երեկ Ծիծեռնակաբերդի բարձունքը լի էր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման վստահությամբ լի մարդկանցով։ Նրանց շարքում նաեւ պատգամավորներ եւ նախարարներ էին։ Նրանք համոզված են, որ շուտով թուրքական վերնախավը ստիպված կլինի հրաժարվել մերժողական դիրքից եւ ընդունել այն փաստը, որ իրենց նախնիները նախաձեռնել են նախորդ դարի մեծագույն ոճիրը։ «Ջուրը քար է ծակում». Հայաստան պետության եւ սփյուռքի միասնական ջանքերը ցեղասպանության ճանաչման հարցում անհետեւանք չեն կարող մնալ։
«Հայոց ցեղասպանության դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային անկյունաքարերից մեկն է»,–Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը։ «Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ առաջադեմ հասարակության խնդիրն է դատապարտել ցեղասպանությունը»,–ասաց նա։
Շարմազանովի խոսքով, ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ Թուրքիայի իշխանությունները շարունակում են կեղծել պատմությունը եւ դեռեւս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ. «Համոզված եմ, որ ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ մենք բոլորս՝ ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե ռանչպար, սփյուռքահայ, թե Հայաստանի բնակիչ, պետք է բոլորը միավորվեն եւ պայքարեն այս մեծ ոճրի դեմ»։
«Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ գերտերությունները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների շահը չդարձնեն քաղաքական խաղի կանոն»,–ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ «Այստեղ մեծ անելիք ունենք յուրաքանչյուրս՝ ճիշտ համադրելով նաեւ սփյուռքի ներուժը։ Չկա որեւէ քաղաքական գործիչ, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահ Օբաման, որն իր հոգու խորքում չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը։ Բայց մենք հասկանում ենք, որ կա նաեւ իրական քաղաքականություն։ Մեր խնդիրը պետք է լինի եւ այն, որ պատմական, բարոյական, իրական ճշմարտությունը վեր լինի իրական քաղաքականությունից, օրվա գերտերությունների քաղաքական օրակարգի շահերից,–նշեց նա եւ հավելեց.–Թուրքիան մեկ ճանապարհ ունի լուծելու տարածաշրջանային խնդիրները՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Գերմանիան՝ ճանաչելով Հոլոքոստը՝ ավելի թույլ պետություն չդարձավ, ընդհակառակը՝ դարձավ ուժեղ, հավաստեց եւ հաստատեց, որ իրավունք ունի աշխարհի առաջատար պետությունների շարքում ունենալ իր տեղը»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հարցում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է քաղաքականություն վարել թե՛ քաղաքական, թե՛ իրավական հարթություններում՝ պահանջելով հատուցում ու ճանաչում. «Ամեն դեպքում, հաղթանակի հասնելու համար պետք է ուժեղ լինես։ Տարածված ու կրկնվող եզրույթ է, բայց իսկապես ուժն է ծնում իրավունքը, ուժն է պաշտպանում իրավունքը. հետեւաբար մեր երկրի առաջին խնդիրը հզորանալն է»։
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ մեր երկրի առաջնահերթությունն է արագացնել ու խթանել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
«Որքան ես եմ տեսնում՝ բավականին առաջընթաց կա, այդ է վկայում նաեւ Էրդողանի հայտարարությունը։ Երկրորդ խնդիրը մեզ համար ճանաչումն է միջազգային հանրության կողմից, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ ճանաչումը ե՛ւ արդարություն է, ե՛ւ կանխարգելման լավագույն ճանապարհն է, ե՛ւ անվտանգության կարեւորագույն գործոն է։ Ճանաչել ու դատապարտել նշանակում է կանխարգելել ու ապահովել անվտանգությունը»,–ասաց նա։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համար ցեղասպանության ճանաչման հարցում կարեւորը Թուրքիայի ճանաչումն է. «Քանի որ Թուրքիան կատարել է հանցագործություն ոչ միայն հայերի, այլեւ մարդկության դեմ, պարտավոր է ճանաչել եւ փոխհատուցել»։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահ է՝ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Հայոց ցեղասպանությունը չճանաչել ու ժխտել՝ նշանակում է, որ Թուրքիայի իշխանություններն այսօր էլ շարունակում են ոճրագործությունը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմից այդ կարեւորագույն հարցում չի կարող ոչ մի զիջում լինել, քանի որ մենք 1,5 միլիոն նահատակ ենք տվել։ Մեր խնդիրը ոչ միայն մեր իրավունքների վերականգնումը պետք է լինի, այլ նաեւ այն, որ այլեւս երբեք նման բան չկրկնվի։
ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի համար կարեւոր է Հայոց ցեղասպանության մասին փաստերի լեզվով խոսելու կարողությունը. «Կարեւոր է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լրացուցիչ նյութեր հրատարակվեն, քանի որ, ցավոք, երբ հնարավորություն է լինում արտահայտվելու՝ մեր շատ ու շատ քաղաքացիներ փաստերի լեզվով չեն կարողանում խոսել այս ողբերգության մասին։ Շատ հաճախ մակերեսային ընկալում է լինում, եւ այդ մակերեսային ընկալման պարագայում մեր հայրենակիցները կարիք ունեն լրացուցիչ գիտելիքների»։
«Ես այնպիսի հայրենիք եմ ուզում, որ աշխարհում որեւէ հայի հետ չկրկնվի այն, ինչ եղել է 1915 թվականին։ Իսկ դա նշանակում է շատ ավելի ուժեղ ու կազմակերպված պետություն»,–նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը։
«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից մանրակրկիտ պլանավորված եւ պետականորեն իրագործված ոճիր է։ Այս օրն ունի շատ մեծ խորհուրդ, քանի որ ամենից զատ նաեւ իր մեջ ներառում է հայի ապրելու, մաքառելու հաստատակամությունը, որովհետեւ հենց այդ հաստատակամությունն էր պատճառը, որ ունեցանք Սարդարապատ, Արցախ եւ ունեցանք անկախ Հայաստան»,–ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Լավագույն գրավականն ու լավագույն հուշարձանը, որ կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայոց հզոր պետությունն է եւ մեր ժողովրդի ապրելու իրավունքը աշխարհի ազգերի մեջ եւ քարտեզի վրա,–ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։–Չմոռանանք, որ 20—րդ դարի սկզբին մեր ոխերիմ թշնամին ցանկանում էր մեզ վերացնել քարտեզի վրայից։ Ի հեճուկս մեր թշնամու՝ այսօր կա Հայաստանի Հանրապետությունը, կա Հայաստան երկիրը, կա հայ ժողովուրդը»։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ցեղասպանության հետեւանքների վերացում նշանակում է հայերին վերադարձնել իրենց հայրենիքը։ Նրա խոսքով՝ պետականության ստեղծումից հետո հայ ժողովրդի հիմնական խնդիրը ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումն է։
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որ 127 տարի ի վեր պայքարում է Թուրքիայի հայահալած քաղաքականության դեմ, վստահ է, որ վաղ թե ուշ պաշտոնական Անկարան առերեսվելու է իր իսկ պատմության հետ, դատապարտելու եւ հատուցելու է իր նախնիների կատարած բոլոր հանցանքների համար։
Ցեղասպանությունը դատապարտեցին նաեւ Հայաստանում քրդական եւ եզդիական համայնքների ղեկավարներ Կնյազ Հասանովը եւ Ազիզ Թամոյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 510 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024