Վարչապետ
Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է զինված
ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: Կառավարության ղեկավարը
ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, պատասխանել
բարձրաստիճան սպաներին հետաքրքրող հարցերին:
Նշելով, որ Հայաստանի պատմության
ընթացքում առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական
ռազմավարություն՝ վարչապետն ասել է, որ դրա նպատակն է լինելու
պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 11 ճյուրեղով իրականացնել
ներդրումային ծրագրեր: «Արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականության
թիրախն է լինելու աշխատատեղերի ստեղծումը», - ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ ծրագրային երկրորդ գերակա ուղղությունը
գյուղատնտեսության ոլորտն է: Կառավարությունը շարունակելու է սերմերի,
դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը, որպեսզի գյուղացին ի
վիճակի լինի նվազեցնել գյուղմթերքի ինքնարժեքը և կարողանա ստանալ
եկամուտներ: Գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվելու
նաև ցածր տոկոսոդրույքներով վարկերի միջոցով կամ լիզինգային տարբերակով
ձեռք բերել գյուղտեխնիկա, ինչը ևս նպաստելու է այս բնագավառի զարգացմանը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ պետությունը ֆինանսական միջոցներ է
հատկացնելու նաև սոցիալապես անապահով ընտանիքների աշխատունակ քաղաքացիների
համար աշխատատեղերի ստեղծման և կրթության հասանելիության ապահովման
նպատակով: Պաշտպանության նախարարության հետ մշակվել է ծրագիր, որով պետությունն
օգնելու է զինծառայողին կողմնորոշվել հետագա գործունեության հարցում:
«Մշակվել են հաշվառման թերթիկներ, որոնցով պետք է բացահայտենք, թե
զինծառայողն ինչ հմտություններ, կարողություններ և ցանկություններ ունի,
ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր զինծառայողի հետ անհատական աշխատանք ենք
իրականացնելու, որպեսզի օգնենք նրան ընդունվել բուհ և պետպատվերի միջոցով
ստանալ կրթություն: Այսինքն, պետությունը կստանձնի պարտավորություն՝
ֆինանսավորել զորացրվող երիտասարդի կրթությունը», - նշել է կառավարության
ղեկավարը: Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ
այսուհետ կապիտալ ներդրումներն ուղղվելու են մարզեր՝ ենթակառաուցվածքների
զարգացման, որակյալ ծառայությունների մատուցման և աշխատատեղերի ստեղծման
նպատակով: Զինված ուժերի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու համար ՀՀ
պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է ՀՀ
ԶՈՒ-ի 20-ամյակի մեդալով: