ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 22 » Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը 1 /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/
15:27
Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը 1 /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/

Թուրքերի հետագա առաջխաղացումը դեպի Անդրկովկաս կանխելու եւ գոնե 1914թ. նախապատերազմյան սահմանները պահպանելու նպատակով անդրկովկասյան իշխանությունները (Կոմիսարիատը եւ Սեյմը) 1918թ. մարտի սկզբին Տրապիզոնում Թուրքիայի հետ հաշտության բանակցություններ սկսեցին։ Բայց մինչ այդ հայտնի դարձավ, որ 1918թ. մարտի 3—ին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի եւ նրա դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հետ Բրեստ—Լիտովսկում կնքել է հաշտության ծանր պայմանագիր։ Այդ կողոպտիչ պայմանագրով, Գերմանիայի ճնշման տակ, Ռուսաստանը Թուրքիային էր հանձնում ոչ միայն ամբողջ Արեւմտյան Հայաստանը, այլեւ Արեւելյան Հայաստանի մասը կազմող Կարսը, Արդահանը, ինչպես նաեւ Վրաստանից՝ Բաթումը։ Բրեստի պայմանագրի 4—րդ կետում ասվում էր. «Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովի Արեւելյան Անատոլիայի գավառների (Արեւմտյան Հայաստան) շուտափույթ մաքրումը եւ դրանց օրինական հանձնումը Թուրքիային։ Արդահանի, Կարսի ու Բաթումի օկրուգները եւս անհապաղ պիտի մաքրվեն ռուսական զորքերից»։ Այսինքն՝ վերականգնվում էր այն սահմանագիծը, որը գոյություն էր ունեցել մինչեւ 1877—1878թթ. ռուս—թուրքական պատերազմը։
Բրեստի պայմանագիրը հաղթաթուղթ դարձավ Թուրքիայի ձեռքին հետագա զավթողական պլաններն իրականացնելու համար։ Թուրքական պատվիրակությունը, գոտեպնդված ռազմական հաջողություններով, պահանջեց Թուրքիային հանձնել Կարսը, Արդահանը, Բաթումը։
Միաժամանակ Թուրքիան պահանջ դրեց, որպեսզի անջատվի Ռուսաստանից, իրեն անկախ հռչակի։ Դրանով նա նպատակ էր հետապնդում լուծել իր պանթուրքական զավթողական պլանները։ Նման պայմաններում ընթացք ստացավ Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը։
Անդրկովկասի կառավարության հետ դիվանագիտական բանակցություններ վարելու եւ հաշտության դաշնագիր կնքելու առաջարկ անողն ու նախաձեռնողն օսմանյան կառավարությունն էր, եւ դա պատահական չէր։ Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ այդ ամենը Թուրքիայի ղեկավարության կողմից նախապես մշակված, ծրագրված ռազմաքաղաքական մարտավարություն էր, որով փորձում էր անդրկովկասյան ժողովուրդներին (բացառությամբ ցեղակից եւ կրոնակից կովկասյան թաթարների) փակուղի մղելով, իրականացնել ռազմավարական նպատակները՝ տարածքային ազդեցության գոտիներով ապահովագրել իր անվտանգությունը հյուսիսից (Ռուսաստանից)։ Այդ հեռահար խնդիրներն իրականացնելու նպատակով Թուրքիան ձգտում էր իր ռազմական հաջողությունները բանակցող կողմերին պարտադրելու ճանապարհով դիվանագիտական բանակցությունների նժարը իր օգտին թեքելու քաղաքականություն վարել։ Դիվանագիտական բանակցային գործընթացների մարտավարությունը մղելով առաջին պլան՝ նրանք փորձում էին նախ զբաղեցնել, ուշադրություն շեղել, մոլորության մեջ գցել, ապա թուլացնել Անդրկովկասի կառավարության եւ ժողովուրդների, մասնավորապես հայության զգոնությունը եւ դիմադրողական ոգին։ Թուրքերը ձգտում էին նաեւ հաշտության, որպեսզի ե՛ւ ժամանակ շահեին, ե՛ւ կենտրոնացնեին իրենց ռազմական ուժերը «զորք ուղարկելու Անգլիա» եւ այլուր։
Թուրքիան իր որդեգրած ավանդական քաղաքականությունը կիրառեց Տրապիզոնի թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցային գործընթացների, թե՛ նախօրեին, թե՛ ընթացքում եւ թե՛ հետագայում։ Թուրքերը մի կողմից բանակցում էին, իսկ մյուս կողմից ուժգնությամբ շարունակում էին զենքի ուժով պարտադրել եւ ամրագրել իրենց անօրինական, անարդարացի պահանջները։ Այդ առիթով Ալ. Խատիսյանը գրում է. «Բոլոր պարագաներուն ալ թուրքերու գործելակերպը նոյնն էր, բանակցիլ եւ միաժամանակ պատերազմիլ իրենց կամքը լիովին պարտադրելու համար։ Թէ որքան ծանր կերպով անոնք (թուրքական ռազմական արշավանքները. — Գ. Պ.) կանդրադառնային միաժամանակ տեղի ունեցող հաշտութեան մեր բանակցութեանց (Տրապիզոնի.—Գ.Պ.) վրայ։ Նոյն պատմութիւնը յետագային ինձ հետ կրկնուեց երկու անգամ եւս նոյն թուի մայիսին Պաթումի մէջ եւ 1920թ. նոյեմբերին Ալեքսանդրապոլի մէջ»։
Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը փետրվարի 23—ի (մարտի 8) երեկոյան հասավ Տրապիզոնի նավահանգիստ, իսկ թուրքական պատվիրակությունը միտումնավոր ձգձգում էր իր մեկնումը, եւ դեռ հայտնի էլ չէր, թե երբ էր ժամանելու։ Նրանց նպատակն ակնհայտ էր. մինչեւ թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունների սկսելը մի կողմից հնարավորինս շատ տարածքներ զավթել, իսկ մյուս կողմից բարոյահոգեբանական ճնշում գործադրել Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության վրա։ Թուրքերի որդեգրած այդ ավանդական քաղաքականությունը շարունակական եղավ Տրապիզոնի դիվանագիտական բանակցային ողջ գործընթացներում։
Ստեղծված իրավիճակում Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը իրավունք չուներ անգամ ափ իջնել եւ ստիպված էր 4 օր մնալ իրենց փոխադրող ռումինական «Կառլոս թագավոր» հածանավի վրա՝ մինչեւ թուրքական պատվիրակության ժամանումը Կոստանդնուպոլսից։ Այդ անչությամբ Լեոն (Հայկական հարցի գծով խորհրդական) գրում է. «Իսկ վորքան ստորացում ամբողջ պատվիրակության համար։ Որեր են անցնում, թյուրք պատվիրակությունը չկա ու չկա, իսկ մեր Կարլուշկայի մեջ արդեն սով է սկսվում։ Վո՛չ ափ ենք իջնում, վո՛չ հետ ենք գնում։ Ափ իջնողները միայն մեր թուրք (կովկասյան թաթարներ Գ.Պ.) ընկերակիցներն են։ Գնում են, ամբողջ որը մնում, յերեկոյան վերադառնում ուրախ ու գոհ, ինչպես ավետյաց յերկրից»։
Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության՝ Տրապիզոն ժամանելու պահին քաղաքն արդեն գրավված էր թուրքական զորքերի կողմից։ Այն այլեւս չեզոք քաղաք չէր, այլ թուրքական, նրանք «… զգում էին իրենց իբրեւ իրենց տանը, դրության տերեր»։
Երկու օր անց հետեւեցին Մեհմեդ Վեհիբ փաշայի նույն օրվա՝ փետրվարի 25—ի (մարտի 10) երկու հայտնի սպառնալից հեռագրերը, որոնցով նա Անդրկովկասի կառավարությունից պահանջում էր զորքերը անհապաղ դուրս բերել Կարսից, Արդահանից եւ Բաթումից։
Պատվիրակությունը մեկուսացվել էր արտաքին աշխարհից, եւ այդ դրությունը գրեթե պահպանվեց Տրապիզոնի ամբողջ դիվանագիտական բանակցությունների ընթացքում։ «Արտաքին պայմանները,–գրում է Լեոն,–գնալով ավելի ու ավելի աննպաստ եյին դառնում մեր պատվիրակության համար։ Ամենից առաջ հենց այն, վոր մեր Կարլուշկան, մնալով անփող ու անպարեն։ …Մեզ համար, հարցն, իհարկե, այդ դեպքերը չեյին, այլ այն, վոր մենք մնացինք աշխարհից կտրված, գերիներ թյուրքերի ձեռքին։ …Մենք մեզ զգում եյինք անտանելի դրության մեջ։ …Գլխավորն այն եր, վոր մենք ռադիո հեռագիր չունեյինք եւ չեյինք կարողանում վոչ լուր՝ ուղարկել, վոչ ստանալ»։
Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության ընդհանուր նիստը լսեց եւ քննարկեց ստեղծված իրավիճակի եւ հետագա անելիքների մասին հարցը։ Երկար քննարկումներից հետո որոշվեց. հաջորդ օրը՝ փետրվարի 27—ի (մարտի 12) առավոտյան պատվիրակությունը վերադառնա Բաթում, քանի որ թուրքական պատվիրակության հետ հարաբերությունները իսպառ բացակայում էին, եւ դեռ հայտնի չէր, թե նա երբ էր ժամանելու Տրապիզոն։ Սակայն նիստի ավարտից քիչ անց թուրքական կողմը գրավոր հայտնեց, որ Կոնստանդնուպոլսից Տրապիզոն է ժամանել հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի շտաբի պետ Հուսեյն Ռաուֆ—բեյի (ծագումով՝ չերքեզ) նախագահությամբ։ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունը վերանայեց իր որոշումը, իսկ թուրքերը թույլատրեցին նրանց հածանավից ցամաք իջնել։ Նույն օրն էլ պատվիրակությանը հայտնի դարձավ, որ թուրքերը գրավել են Էրզրումը։ «Փողոցով անցնող թյուրք զորաբաժինների յերգերի մեջ,–գրում է Լեոն,–բարձրաձայն շեշտվում եր «ալլեման—ոսմանի» յեղբայրությունը։ Մեր պատվիրակությունը կուչ եր յեկել, զգում եր ծանրացած մթնոլորտի ճնշումը։ Իսկ մեր թուրք ընկերակիցները փայլում եյին ուրախությունից, շարունակ կանգ եյին առնում Թյուրքիայի մեծ քարտեզի առաջ»։ Այդպիսի բարոյահոգեբանական լարվածության եւ փոխադարձ անվստահության պայմաններում իր աշխատանքը սկսեց Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը (փետրվարի 27—ից (մարտի 12) տեւեց մինչեւ ապրիլի 1—ը (14))։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների 
ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 466 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024