Այնուհետեւ երկրորդ հարցի վերաբերյալ սկսվեց բանավեճ Թուրքիային զիջումներ անելու առավելագույնը (մաքսիմում) եւ նվազագույնը (մինիմում) որոշելու համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի Տրապիզոնում թուրքական պատվիրակության հետ շարունակելու ընդհատված դիվանագիտական բանակցությունները։
Սակայն սեյմի անդամ Ի. Ծերեթելիի առաջարկով ընդունվեց միաձայն որոշում, որով նպատակահարմար չհամարվեց զիջումների հարցը քննարկել ու որոշում ընդունել միացյալ ժողովում, այլ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության նախագահ, արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելիին լիազորել լայն իրավունքներով (իսկ պատվիրակության մյուս անդամներին՝ նրա խորհրդականներ)։ Նրան իրավունք էր վերապահվում իր իսկ պատասխանատվությամբ անհրաժեշտությունից ելնելով ինքնուրույն քայլեր կատարելու այս կամ այն զիջումների համար, իսկ ավելի կարեւոր խնդիրների դեպքում հարցում անելու սեյմին եւ կառավարությանը։ Որոշվեց նաեւ, որ Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի պաշտոնական քայլերը արվելու են Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության անդամների ընդհանուր նիստերում նախապես քննարկելուց հետո։ Ա. Չխենկելուն իրավունք վերապահվեց հաշտության դաշնագիր ստորագրելու Թուրքիայի հետ։ Սակայն հետագա պատմական դեպքերը մեկ անգամ եւս համոզեցին, թե սեյմի՝ մեծամասնություն կազմող վրացական ներկայացուցիչները մարտի 13—ին (26) ինչու ընդունեցին կողմնակալ որոշում՝ Ա. Չխենկելուն լիազորելով միանձնյա արտակարգ իրավունքներ։ Իրականում Ա. Չխենկելին եւ իր պատվիրակությունը ոչ թե նպաստեցին կանխելու Անդրկովկասին սպառնացող վտանգը, այլ ընդամենը, շրջանցելով հայկական խնդիրները, պաշտպանեցին վրացական շահերն ամբողջ դիվանագիտական բանակցությունների ընթացքում, որը ցավալի հետեւանքներ ունեցավ ոչ միայն հայերի, այլեւ իրենց՝ վրացիների համար։
Մարտի 16—ին (29) հատուկ հանձնախումբը վերադարձավ Տրապիզոն։ Նույն օրն էլ հրավիրվեց Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության 39—րդ ընդհանուր նիստը, որտեղ լսվեց հատուկ հանձնախմբի անդամների զեկույցները Թիֆլիսի միացյալ ժողովում եւ սեյմում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների մասին։ Նույն օրը երեկոյան Ա. Չխենկելիի հետ մասնավոր զրույցի ժամանակ Ռաուֆ—բեյը Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունից պահանջեց մինչեւ մարտի 21—ը (ապրիլ 3) տալ պատասխան։
Մարտի 18—ին (31) Տրապիզոնում Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության ընդհանուր նիստում (նախագահող՝ Ա. Չխենկելի) քննարկվեց սեյմի հաստատած 3—րդ եւ 4—րդ հաշտության հիմնադրույթների վերանայման եւ Թուրքիային որոշ զիջումներ անելու հարցը։ Այն իր աշխատանքը սկսեց սեյմի 4—րդ դրույթի՝ Արեւմտյան Հայաստանի ինքնավարությունը թուրքական պետականության շրջանակներում հարցի քննարկումից, որտեղ նոր տարաձայնություններ առաջ եկան խաղաղարար պատվիրակության անդամների միջեւ։
Ընդհանուր նիստում Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցի շուրջ հանգամանալից, փաստարկված զեկուցումներով հանդես եկան Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին։
Ալ. Խատիսյանը նախ ներկայացրեց հարցի համառոտ պատմությունը, այնուհետեւ 1915թ. ցեղասպանությանը եւ հատկապես Տրապիզոնում կատարված ոճրագործությունների մասին մանրամասներ, ապա կարեւորեց Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը։ Տարածքների մասին խոսելիս Ալ. Խատիսյանը նշում է, որ Արեւմտյան Հայաստանում հայերը հետապնդում են ինչպես էթնիկ, այնպես էլ քաղաքական, տարածքային նպատակներ. «Սա նկատի առնելով՝ մենք պետք է հասնենք այն բանին, որ որոշվի անգամ նվազագույն (մինիմալ) տարածք՝ որոշարկված սահմաններով, որտեղ հայ բնակչությանը եւ Թուրքիայի՝ այդտեղ բնակվող մյուս ժողովուրդներին պետք է տրվեն ինքնավար (ինքնավարության) իրավունքներ։ Այդպիսի տարածք կարող է լինել Բայազետի սանջակը, Էրզրումի վիլայեթը, Մուշի սանջակը եւ Բիթլիսի վիլայեթի հյուսիսային մասը՝ առանց Բատմանսուի (Տիգրիսի վերին հոսանք–Գ. Պ.) հարավային շրջանի»։ Վերջում Ալ. Խատիսյանը հայտնեց, որ հայերի ցանկությունն է իրենց հայրենիքում ստանալ մի անկյուն, ուր կարող են ապրել ինքնավար կյանքով, բայց թուրքական կառավարության հովանու ներքո։ Եզրափակելով իր խոսքը՝ զեկուցողը նշում է. «…Վանա լիճը՝ Մուշի, Ալաշկերտի եւ Վանի երեք դաշտավայրերով, հայ ժողովրդի ուշադրության կիզակետն է։ …իր ներքին գործերը վարելու համար այդ շրջանի բնակչությունը պետք է օգտվի ինքնակառավարման իրավունքներից՝ օրենսդիր ներկայացուցչական ժողովով եւ ընտրովի կենտրոնական գործադիր մարմնով։ Նրան է տրվում ինքնակառավարվող տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներից միլիցիա կազմավորելու իրավունքը։ …Հայ—թուրքական հարաբերությունների ամենամռայլ պայմաններում հայերի շրջանում անջատողականության գաղափար անգամ չէր ծագում։ Ինքնակառավարվող Հայաստան՝ Թուրքիայի սահմաններում. այսպիսին էր թուրքահայերի մշտական կողմնորոշումը»։
Ալ. Խատիսյանը կարեւորել է նաեւ ցեղասպանության պատճառով հայրենազրկված արեւմտահայ փախստականների վերադարձը հայրենի օջախներ. «Այժմ ես եւ իմ ընկեր Քաջազնունին ելույթ ենք ունենում ռուսահայերի անունից՝ որպես Անդրկովկասի սեյմի անդամ պատվիրակներ, մենք գիտենք մեր եղբայրների ցանկությունները եւ մենք նաեւ գիտենք, որ առանց Թուրքիայում Հայկական հարցը լուծելու անհնար է Անդրկովկասում կարգուկանոն հաստատելը. Անդրկովկասը եւ այնտեղ բնակվող ժողովուրդները չեն կարողանա վերացնել ներքին տարաձայնությունները միմյանց միջեւ, եթե հայերին Թուրքիայում տեղավորելու հարցը եւ հայ փախստականների տուն վերադառնալը չստանան իրենց դրական լուծումը։ Այսպիսին են Արեւելյան Անատոլիայի հայերին տեղավորելու գործի հիմնական դրույթները։ Ցավոտ հարցի լուծման այս միջոցը ամենավճռական ձեւով, ի դեպ, կլուծի Անդրկովկասում բնակվող թուրքահայերի՝ հայրենիք հանգիստ վերադառնալու հույժ կարեւոր հարցը»։ Այնուհետեւ որոշ դրույթներ լուսաբանելու համար Ալ. Խատիսյանը բերում է վիճակագրական ընդհանուր տվյալներ Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթների մասին, հայերի թվաքանակի մասին՝ ըստ վիլայեթների եւ սանջակների։ Այդ տվյալները քաղված են 1914 թ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրատարակած «Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու»—ից եւ 1913 թ. գերմանացի գիտնական Յ. Լեփսիուսի հրապարակած տվյալներից։ Համաձայն դրանց՝ Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներում ընդհանուր բնակչությունը կազմում էր 2600000, որոնցից հայերի թիվը հասնում էր 1034400—ի։ Եզրափակելով իր խոսքը՝ Ալ. Խատիսյանը նշում է՝ ներկայացված հիմնավորումները էական հիմք են, որով կարելի է թափանցել հիմնահարցի մանրամասների մեջ. «Ինչ վերաբերում է հայերի պահանջները կենսագործելու միջոցին, ապա պետք է հուսալ, որ Թուրքիայի եւ Անդրկովկասի համար ընդունելի պատվավոր խաղաղությունը կնքելու գործն իր ձեռքը վերցրած անդրկովկասյան ժողովրդավարությունը, հատկապես Վրաստանի եւ մահմեդականների ժողովրդավարությունը կանեն այն, ինչ առաջ չէր հաջողվում միջազգային դիվանագիտությանը, եւ թուրքահայերի պատմության մեջ կբացվի լուսավոր նոր էջ»։
Ա. Չխենկելին, արձագանքելով Ալ. Խատիսյանի զեկուցմանը, հիշեցնում է ընդհանուր նիստի մասնակիցներին. «Մենք ունենք օսմանյան պատվիրակության՝ մարտի 8—ի պատասխանը, որը վերաբերում է Հայկական հարցին (կարդում է)։ Մենք սեյմում ունենք այս հարցի հայտնի դրվածքը, որն արտահայտված է մեր 4—րդ թեզիսում։ Առաջարկում եմ պատվիրակությանը հարցի դրվածքը փոխելու հնարավորության պաշտոնական քննարկմամբ զբաղվել»։ Կարծես թե Ա. Չխենկելին ուղղորդում էր պատվիրակության անդամներին քննարկումը եզրափակել 4—րդ հիմնադրույթը հանելու օրակարգից։ Իսկ Հ. Քաջազնունին, հակադրվելով Ա. Չխենկելուն, շարունակեց Ալ. Խատիսյանի զեկույցի տրամաբանական շարունակությունը, նշելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ սուլթանը հատուկ հավատամք (կրեդո) է հայտարարում Արեւմտյան Հայաստանի ինքնավարությունը սուլթանի իշխանության (ինքնավարության) ներքո։ Ինքնավար Արեւմտյան Հայաստանը սուլթանին ամենամյա տուրք է վճարում՝ ունենալով սեփական կառավարություն եւ միլիցիա։ Արեւմտյան Հայաստանի տարածքի սահմանների, այդ տարածքները բնակեցնելու, հայտարարված ինքնավարության փաստացի իրագործման երաշխիքների մասին հարցերը կձեւակերպվեն, «եթե լինի օսմանյան պատվիրակության սկզբունքային պատասխանը՝ քննարկման եւ համաձայնության հարց դարձնել Թուրքահայաստանի հիմնախնդիրը վերը նշված ուղղությամբ։
Թուրքիայի կողմից պարտավորության ձեւը եւ հայտարարության ձեւը դիվանագիտական տեխնիկայի հարց են, ինչին մենք էական նշանակություն չենք տալիս»։
Սակայն վրաց եւ թաթար պատվիրակության անդամները իրենց ելույթներում Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցում դրսեւորեցին մերժողական կեցվածք։ Գ. Լասխիշվիլին իր ելույթում նշում է. «Մենք հնարավորություն չունենք Հայկական հարցի լուծմանը հասնելու։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ սեյմի դրույթներից 4—րդ կետը պետք է հանել։ Մենք պետք է բացատրենք թուրքերին, որ սա միջամտություն չէ իրենց գործերին, որ Անդրկովկասը չի կարող հանգիստ ապրել եւ ազատ զարգանալ, եթե Թուրքիայի սահմաններում Հայկական հարցը լուծում չստանա։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է կնքվի հատուկ համաձայնագիր համաներման եւ փախստական հայերի՝ Թուրքիա՝ իրենց լքած գավառները վերադառնալու մասին։ Սրանից ավելի, դժբախտաբար, մենք ոչինչ անել չենք կարող»։ Խաղաղարար պատվիրակության անդամ Խաս—Մամեդովը, պաշտպանելով թուրքերի պահանջները, իր ելույթում հայտարարեց. «Այժմ ես կխոսեմ ոչ թե որպես խաղաղարար պատվիրակության անդամ, այլ որպես անդրկովկասցի, որպես հասարակական եւ քաղաքական գործիչ։ Ես նույնպես կարծում եմ, որ այն ձեւը, որով շարադրվել էին սեյմի պահանջները Հայաստանի վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան միջամտություն Օսմանյան պետության ներքին գործերին»։ Իսկ պատվիրակ Գ. Գվազավան, մերժելով Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հիմնադրույթը, խորհուրդ է տալիս. «Միակ բանը, որ հնարավոր է, համընդհանուր համաներման պահանջն է փախստականների… եւ այլոց նկատմամբ։ Սա հսկայական նշանակություն կունենա հայ փախստականների համար։ Այդ պատճառով ես առաջարկում եմ ամբողջովին հանել 4—րդ կետը»։ Մ. Հաջինսկին, հակադրվելով Հ. Քաջազնունու առաջարկներին, այն որակեց ավելի վերջնագրային, քան նույնիսկ սեյմի պահանջների 4—րդ հիմնադրույթն է եւ առաջարկեց հարցը դնել «գոնե պատերազմող կողմերի քաղաքացիների համար համաներման եւ հայ փախստականների՝ Թուրքիա վերադառնալու ձեւով»։
Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հարցի շուրջ գրեթե նույն մերժողական ելույթները հնչեցին խաղաղարար պատվիրակության մյուս անդամների կողմից, եւ արդյունքում հիմնախնդիրը տեղափոխվեց «համաներման» դաշտ, որը նույնպես մերժվեց Թուրքիայի կողմից։
Ալ. Խատիսյանը իր եզրափակիչ ելույթում, առարկելով նախորդ բանախոսներին, մեկ անգամ եւս համառոտ ներկայացրեց հիմնախնդրի քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, անվտանգության խիստ կարեւորությունը ոչ միայն հայերի, այլ նաեւ Անդրկովկասի ժողովուրդների համար։ Նա, չհամաձայնելով նախորդ բանախոսների հետ, «առաջարկում է ցույց տալ օսմանյան պատվիրակությանը, որ Անդրկովկասի պատվիրակությունը նկատի չի ունեցել հատուկ դիպչել Օսմանյան կայսրության ներքին գործերին, եւ նշել այն հիմքերը, որոնցով Հայկական հարցը կարգավորելու համար մտավ Անդրկովկասի պատվիրակության առաջ քաշած դրույթների մեջ։ Մենք պետք է մեր պատասխանում առաջին հերթին նշենք Անդրկովկասն ու Օսմանյան կայսրությունը բնակեցնող ժողովուրդների բարեկամ հարաբերությունները, եւ երկրորդ հերթին այն, որ Անդրկովկասի սահմաններում մի քանի հարյուր հազար թուրքահպատակ հայ փախստականներ կան, որոնց հետագա ճակատագիրը անքակտելիորեն կապված է Անդրկովկասի երկրամասի պարենային, տնտեսական եւ այլ շահերին, եւ Թուրքիայում Հայկական հարցի այս կամ այն լուծումից է կախված Անդրկովկասի ներքին կյանքի հանգիստ կազմակերպումը։ Ես համաձայն չեմ Գ. Գվազավայի հետ, որը առաջարկություն մտցրեց 4—րդ կետը հանելու մասին, քանզի այս կամ այն կետը կարող է հանել միայն սեյմը։ Սեյմի տված նոր լիազորությունները մեր նախագահին իրավունք չեն տալիս հիմնադրույթներից այս կամ այն կետը հանելու։ Եթե մեզ առաջարկում են, ինչպես դա արեց Գ. Լասխիշվիլին, Հայկական հարցի լուծումը հետաձգել մինչեւ համաշխարհային նոր խորհրդաժողովը, ապա, իմ խորին համոզմամբ, այդ ժամանակ Հայկական հարցի լուծումը կարող է ավելորդ լինել, որովհետեւ եթե բանակցությունները չհանգեցնեն ցանկալի արդյունքների, ապա դա կարող է բերել հայերի նոր ջարդերի»։ Փաստորեն, Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հիմնահարցը շարունակեց մնալ երկու պատվիրակությունների անպտուղ քննարկումների թեմա։
Այսպիսով, ստեղծված պայմաններում ակնհայտ էր, որ Անդրկովկասի խաղաղարար պատվիրակության երկու հայ անդամներ Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին չէին կարող դիվանագիտական դաշտում որեւէ դեր խաղալ եւ քիչ թե շատ ազդեցություն գործել բանակցային գործընթացների վրա։ Այնուամենայնիվ, հայ պատվիրակները փորձեցին բարձրացնել Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հիմնահարցը, որը թուրքերի եւ խաղաղարար պատվիրակության որոշ անդամների կողմից որակվեց որպես միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։ Երկու պատվիրակությունների մասնավոր զրույցների ժամանակ թուրք պատվիրակները պարզորոշ հայտարարեցին, որ իրենց պայմանները չընդունելու պարագայում իրենք ոչ միայն կկոտորեն Թուրքիայի տարածքում մնացած մոտ 200 հազար հայերին, այլեւ չեն խնայի կովկասահայերին։ Այսքանով էլ ավարտվեց Արեւմտյան Հայաստանի ինքնավարության հիմնահարցի քննարկումը Տրապիզոնում։
Շարունակելի
Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի
դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
|