ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 30 » Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/
09:57
Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/

Ստեղծված չափազանց բարդ ու լարված ռազմաքաղաքական նոր իրադրության պայմաններում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունն առաջին անգամ իր ընդհանուր նիստում բարձրացրեց՝ «ավելի լավ է շատ արագ ընդունել Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը»։ Պատվիրակության անդամները, բացառությամբ թաթարների, երկյուղում էին, որ թուրքական զորքերն առաջ են շարժվում եւ վիճելի ողջ տարածքները կգրավեն պատերազմի իրավունքով եւ հաշվի չեն առնի Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը։ Ա. Չխենկելին ակտիվորեն շարունակում էր ուղիներ որոնել դիվանագիտական բանակցությունների միջոցով կանխելու Բաթումից ութ կիլոմետր հեռու գտնվող թուրքական զորքերի ռազմական գործողությունները։
Մոտենում էր Թիֆլիսից թուրքական վերջնագրին պատասխանելու վերջին ժամկետը (մարտի 26—ին (ապրիլի 8), որով վերջնականապես որոշվելու էր «պատերազմի կամ խաղաղության» հարցը։ Այդ առնչությամբ Ալ. Խատիսյանը գրում է. «Ընդհանրապես տրամադրությունը շատ ծանր էր ու մռայլ. զգացվում էր, որ մենք միասնական չենք եւ թույլ ենք, որ բանակը չի կարող մեզ սատարել, եւ դրա համար էլ մենք կարծես հանձնվում ենք «հաղթողների ողորմածությանը»։
Այս չափազանց ծանր ու աննպաստ պայմաններում անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը կանգնած էր երկընտրանքի առաջ. կա՛մ ընդունել Թուրքիայի վերջնագիրը, կա՛մ խզել դիվանագիտական բանակցությունները եւ վերադառնալ Թիֆլիս։ Ընդհանուր նիստերում երկար ու բուռն քննարկումների եւ վիճաբանությունների արդյունքում խաղաղարար պատվիրակությունը որոշեց ընդունել Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը, եւ մարտի 26—ին (ապրիլի 8) Ա. Չխենկելին հեռագրեց Թիֆլիս՝ Անդրկովկասյան սեյմին եւ կառավարությանը. «Արդահանը վերցված է, Կարսի ճակատագիրը կլուծվի մոտ օրերս, Բաթումի երկաթուղագիծը հավանաբար կկտրեն. թուրքերը գտնվում են Բաթումից ութ վերստի վրա։ Մեր տակտիկան՝ չշտապել, մինչեւ որ պատրաստվենք, չարդարացավ. մեր զորքերն ու նրանց առաջնորդները իրենց բարձրության վրա չեն կանգնած։ Երկիրն առանց իշխանության ու կարգապահության չի կարող պատերազմել։ Անհրաժեշտ եմ գտնում իսկույն եւեթ լիազորություն ստանալ՝ ընդունելու Բրեստ—Լիտովսկու հաշտության դաշնագիրը»։ Փաստորեն Ա. Չխենկելին դարձավ Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը ընդունելու համոզված կողմնակիցը։ Այդ մասին հայ պատվիրակներ Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին հեռագրով տեղեկացրին Անդրկովկասյան սեյմի Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության խմբակցությանը. «Մեր պարտքն ենք համարում դաշնակցություն կուսակցության ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ստեղծված իրավիճակում Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրի ճանաչումը չարյաց փոքրագույնն է»։
Սակայն մինչեւ սեյմի եւ կառավարության կողմից հարցի քննարկումը անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությանը հայտնի դարձավ, որ դրանց անդամները հակված չեն ընդունելու Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը։ Ա. Չխենկելին Ի. Ծերեթելիից, Ն. Ժորդանիայից, Ն. Ռամիշվիլիից եւ Ե. Գեգեչկորիից ստացել էր հեռագրեր, որոնցում նրանք հայտարարում էին, «թե Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը ճանաչելու առաջարկությունը բացարձակապես անընդունելի են համարում. կարծում են, որ այդ արարքը քաղաքական եւ ազգային ինքնասպանություն է Վրաստանի եւ մենշեւիկների կուսակցության համար, եւ որ իրենք գերադասում են նվաճված լինել, եւ այդ պատճառով էլ ոչ մի կերպ չեն կարող համաձայն լինել Ա. Չխենկելիի եւ խաղաղարար պատվիրակության առաջարկությանը»։
Հաջորդ օրը Ա. Չխենկելին Ռաուֆ—բեյին տեղեկացրեց, որ պատրաստ է Կարսը հանձնել թուրքերին եւ անձամբ համաձայն է ու պնդում է ընդունել Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը, սակայն ինքը պետք է ստանա Անդրկովկասյան սեյմի եւ կառավարության համաձայնությունը, որից հետո թուրքական կողմին կտեղեկացնի իրենց որոշման մասին մինչեւ մարտի 28—ի (ապրիլի 10) երեկոյան ժամը 7—ը։ 
Սակայն, Թիֆլիսից սեյմի եւ կառավարության վերջնական պատասխանը նշված ժամանակին չստանալով, Ա. Չխենկելին, օգտվելով իր արտակարգ լիազորություններից, մարտի 28—ին (ապրիլի 10) ընդունեց թուրքական վերջնագրի պայմանները եւ գրավոր պատասխանեց պատվիրակության նախագահ Հուսեյն Ռաուֆ—բեյին. «Անդրկովկասյան հաշտության պատվիրակությունը, ի պատասխան օսմանյան պատվիրակության նախագահի 1918թ. ապրիլի 6—ի նամակի, պատիվ ունի հայտարարելու, որ ինքը ընդունում է Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը եւ պատրաստ է դրա հիման վրա շարունակելու հետագա բանակցությունները»։
Մարտի 31—ին (ապրիլի 13) թուրքական պատվիրակության նախագահը Ա. Չխենկելուն հաղորդեց, որ իր կառավարությունը, տեղեկանալով, որ Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը ճանաչել է Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը, անհրաժեշտ է համարում իր դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրիայի եւ Բուլղարիայի մասնակցությունը թուրք—անդրկովկասյան բանակցություններին եւ միաժամանակ գտնում է, որ Անդրկովկասը նախեւառաջ հռչակի իր անկախությունը։ Թուրքական կողմը դրանով իհարկե փորձում էր դյուրացնել նաեւ Անդրկովկասի գրավումը։
Հենց նույն օրը հայտնի դարձավ, որ Վեհիբ փաշան մարտի 30—ին (ապրիլի 12) վերջնագիր էր ներկայացրել Բաթումի պարետ, գեներալ Գեդեւանովին, որ կռմբակոծի եւ գրոհով կվերցնի Բաթումը, եթե նրանք կամովին չհանձնեն քաղաքի ռազմական ամրոցը զինամթերքով հանդերձ եւ դուրս չբերեն իրենց զորքերը մինչեւ մարտի 31—ի (ապրիլի 13) ժամը 16—ը։
Ա. Չխենկելին երկու բանախոս էր գործուղել՝ Վեհիբ փաշային խնդրելու հետաձգել Բաթումի ռմբակոծումը մինչեւ Անդրկովկասյան սեյմից պատասխան ստանալը, սակայն Վեհիբը մերժել էր։ Այդ մասին Ա. Չխենկելին հեռագրեց Բաթում՝ Մդիվանիին եւ խորհուրդ տվեց առանց դիմադրության թուրքերին հանձնել Բաթումի ողջ ռազմական ամրոցը։ 
Այդ որոշմանը խստորեն հակադրվեց Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ անդամ Ալ. Խատիսյանը, որն էլ այդ առնչությամբ գրում է. «Ես կտրուկ, անվերապահ հայտարարեցի, որ նա (Ա. Չխենկելի Գ. Պ.) իրավունք չունի դա անելու, որ դա կառավարության իրավունքն է, ոչ թե նրա։ Ներկա էր Քաջազնունին։ Այս առիթով Ա. Չխենկելին ինձ հայտնեց, որ ինքը մասնավոր խորհուրդ է տվել։ Ես հայտարարեցի. խաղաղարար պատվիրակությանը տրվող մասնավոր խորհուրդները բացարձակապես անընդունելի են։ Չխենկելին նաեւ ասաց, որ ինքը հեռագրել է Բաթումից ուղարկել վրացի սպաներ եւ Բաթումի քաղաքային ինքնավարությունից մեկ ներկայացուցիչ …ամրոցը եւ քաղաքը հանձնելու պայմանները պարզելու համար։ Այս ամենին Վեհիբ փաշան պատասխանել է, որ ինքը որպես զիջում կարող է …իր զորքերը չմտցնել քաղաք։ Չխենկելին հեռագրում ընդհանրապես հիմնավորում էր իրադրությունը որպես «անելանելի իրադրություն» ներկայացնող ինչ—որ պառակտիչ նամակով, մատնանշում էր Գեգեչկորիին՝ որպես իր տեղեկատվության աղբյուրի։ Այս վիճակում մենք ստիպված էինք միայն տեղեկանալ նրա տված ցուցումների մասին, որոնք թուրքերին ցույց էին տալիս մեր անօգնականությունը»։
Մարտի 31—ի (ապրիլի 13) կեսօրին Ն. Չխեիձեի ղեկավարությամբ Թիֆլիսում հրավիրվեց Անդրկովկասյան սեյմի նախագահության, կառավարության եւ կուսակցությունների խմբակցությունների ներկայացուցիչների միացյալ ժողովը, որտեղ քննարկվեցին թուրքական վերջնագրի պայմանները, այսինքն՝ պատերազմի կամ խաղաղության հարցը։ Ե. Գեգեչկորին անդրկովկասյան կառավարության անունից միացյալ ժողովում հայտարարեց, որ ռազմական հրամանատարության համոզմամբ բանակը հուսալի վիճակում է եւ կարող է թուրքերի հարձակումից պաշտպանել Բաթումը։ Իսկ Ի. Ծերեթելին հայտնել էր, «որ ավելի լավ է մեռնել ռազմի դաշտում, քան մահացու հարված հասցնեն մեզ»։ Երկար ու բուռն քննարկումների արդյունքում միացյալ ժողովը միաձայն ընդունեց հետեւյալ որոշումների նախագիծը.
1. Պատերազմ հայտարարել Թուրքիային՝ հանուն Անդրկովկասի սահմանների պաշտպանության,
2. Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը ետ կանչել Տրապիզոնից,
3. Զենքի տակ առնել երկրի բոլոր զենք կրելու կարող մարդկանց,
4. Արտակարգ մի կոչ ուղղել ժողովրդին՝ բացատրելով հաշտության բանակցությունների ամբողջ ընթացքը, շեշտելով պատերազմի հրամայականությունը,
5. Սեյմի հաստատմանը ներկայացնել այս որոշումների նախագիծը։ 
Նույն օրը երեկոյան հրավիրվեց Անդրկովկասյան սեյմի նիստ, որտեղ հնչեցին բազմաթիվ կրակոտ, ռազմաշունչ, հուզիչ եւ սուր քննադատական ելույթներ Թուրքիայի եւ նրա վերջնագրի պայմանների եւ միացյալ ժողովի ընդունած որոշումների նախագծի հաստատման մասին։ Անհրաժեշտ ենք համարում ներկայացնել անդրկովկասյան ողջ ազգաբնակչությանն ուղղված կոչից մի հատված. «Մեզնից պահանջում էին ընդունել Բրեստ—Լիտովսկի պայմանագիրը, որ կնքուած է առանց Անդրկովկասի ժողովուրդների գիտութեան ու հաւանութեան։ Պահանջում էին իրենց հանձնելու մեր լաւագոյն նաւահանգիստը՝ Բաթումը։ Մենք ամեն բան արինք բանակցութիոնների ու խաղաղ ճանապարհի միջոցով համոզելու համար թիւրք կառավարութեանը, որ նա հրաժարուի Բաթումից։ Յանուն խաղաղութեան մենք բազմաթիւ զիջումներ արինք. բայց չէինք կարող հրաժարուել Բաթումից, որը մեր միակ ելքն է դէպի ծովը եւ միակ ճանապարհը քաղաքակիրթ Եւրոպայի հետ հաղորդակցելու։ Մեր բոլոր ջանքերն ի դերեւ ելան, հանդիպելով Թիւրքիայի յամառութեանը։ Յաւիտենական ստրկութեան օղակն է ձգուած մեր բոլոր ժողովուրդների վզին։
Թո՛ղ ուրեմն ջախջախուի թշնամու յառաջխաղացումը՝ բախւելով մեր վճռականութեանը մինչեւ մեր վերջին շունչը պաշտպանելու այնքան սերունդների արիւնով ներկուած մեր երկիրը։ Ամենքն ի զէն։ Ամենքն ի պաշտպանութիւն ազատութեան ու հայրենիքի»։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 
դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 424 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024