ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 7 » Ճապոնիայի համար հասկանալի է Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը
09:23
Ճապոնիայի համար հասկանալի է Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը

Հարցազրույց Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական պրոֆեսոր Թոմոհիկո Թանիգուչիի հետ

Այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հատուկ խորհրդական, Տոկիոյի «Քեյո» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Թոմոհիկո Թանիգուչին։ «Արմենպրեսի» խմբագրությունում գործակալության թղթակիցը զրուցել է նրա հետ Հայաստան կատարած այցի, հայ—ճապոնական հարաբերությունների, երկու երկրների միջեւ ներդրումները, տնտեսական համագործակցությունը ակտիվացնելու եւ այլ հարցերի վերաբերյալ։
–Պրն Տանիգուչի, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Ո՞րն է այցի հիմնական նպատակը։ Տեղյակ ենք, որ այստեղ եք նաեւ սեմինար անցկացնելու նպատակով, կասե՞ք՝ որոնք են եղել սեմինարի հիմնական գաղափարները։
–Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25 երկար, միեւնույն ժամանակ 25 կարճ տարի. այս ընթացքում Հայաստանում մենք տեսել ենք փոփոխությունների շատ կայուն հետագիծ, որոնք հնարավորինս հարմարեցվել են մարդկանց կամքին եւ ցանկությանը։ Եվ դա մի բան է, որը ոչ բոլոր երկրները կարող են անել։ Այս առումով իմ հարգանքն եմ արտահայտում հայ ժողովրդի, այն առաջնորդների նկատմամբ, ովքեր հասցրել են երկիրն այնտեղ, որտեղ այն հիմա է։ Ժողովրդավարությունը հետաքրքիր կենդանի օրգանիզմ է. մարդուն անհրաժեշտ է 20 տարի հասուն դառնալու համար, բայց ժողովրդավարության համար անհրաժեշտ են սերունդներ։ Կարծում եմ, որ ճապոնացի ժողովուրդը եւ Ճապոնիայի կառավարությունն ավելի քան պատրաստակամ են կողք կողքի քայլել Հայաստանի հետ՝ գտնելու այն ուղին, որը երբեմն խճճված է, միաժամանակ կայուն։ Ես ցանկանում եմ, որ ճապոնացիները Հայաստանի ջանքերին համընթաց քայլեն։
Իսկ սեմինարն անցկացրել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ։ Մասնակցությունը բավականին գոհացուցիչ էր։ Ես հիմնականում խոսել եմ հայերի եւ ճապոնացիների աշխարհընկալման նմանությունների եւ տարբերությունների մասին։ Դա շատ լավ փորձ էր։ Եվ իմիջիայլոց, շնորհակալ եմ ինձ Ձեր գործակալության համար խորհրդանշական՝ հարյուրամյակը նշանավորող տարում հյուրընկալելու համար։
–Նախորդ տարի Հայաստանն ու Ճապոնիան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը։ Հայաստանի արտգործնախարարն այս կապակցությամբ ասել էր, որ երկու երկրները քաղաքական հարաբերություններում անցել են զարգացման հատկանշական ճանապարհ։ Ի՞նչ ունենք մենք հիմա երկկողմ հարաբերություններում, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք։
–Նման երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից մեկը հենց հող նախապատրաստելն էր հետագա ներդրումների համար, այն, որ Հայաստանն ու Ճապոնիան կարողացան հասնել ներդրումային համաձայնագրի ստորագրմանը, որը, միգուցե, հնչի որպես փոքր քայլ առաջ, բայց իրականում այն կարեւոր հիմք էր, որը մնայուն է լինելու տասնամյակների ընթացքում, նույնիսկ դարերի։
–Պրն Տանիգուչի, Դուք անդրադարձաք ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրին, որը ստորագրվել էր փետրվարի 14—ին։ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որն ունի նման համաձայնագիր Ճապոնիայի հետ։ Հենց այս համաձայնագրի հիմքում ընկած ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում ներդրումների, տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար։
–Դա պետք է ձեւավորվի երկու երկրների կառավարությունների եւ գործարար համայնքի ներկայացուցիչների փոխայցելություններով, քանի որ առանց համապատասխան գիտելիքի եւ իրազեկվածության մենք չենք կարող կառուցել ամուր հարաբերություններ։ Ես հույս ունեմ, որ Ճապոնիայից գործարար համայնքի ավելի շատ ներկայացուցիչներ կայցելեն Հայաստան։ Հատկանշական եմ համարում նաեւ վիզայի հարցը, քանի որ այն ավելի ու ավելի է դյուրացվել։ Վիզայի հետ կապված գործընթացները այժմ ավելի դյուրին են, քան նախկինում։ Ճապոնիան այն երկրներից է, ուր գոնե մեկ անգամ այցելելու մասին պետք է մտածեք. բացի դրանից, դա կազմակերպելը ավելի մատչելի է, քան մտածում եք։ 
–Մենք խոսեցինք ներդրումների ազատականացման, գործարար համայնքների ներկայացուցիչների փոխայցելությունների մասին, այնուամենայնիվ, ինչ խնդիրների է բախվում ճապոնացի գործարարը Հայաստանում, ի՞նչ է պետք նրան Հայաստանում ներդրում կատարելու համար։
–Կարծում եմ՝ ամեն դեպքում, սա մի հարց է, որի ուղղությամբ ե՛ւ Ճապոնիայի, ե՛ւ Հայաստանի գործարար համյնքները կարող են աշխատել եւ զարգացնել։ Կարեւոր է սովորել միմյանցից։ Ակնհայտորեն, Հայաստանի բնակչությունը մեծ չէ, մենք չենք խոսում Հնդկաստանի, Չինաստանի մասին, այսինքն՝ երկրի ներքին շուկան մեծ չէ։ Դուք բաց եւ փոքր տնտեսություն եք ներկայացնում։ Կարծում եմ՝ Ճապոնիայի գործարար համայնքը նաեւ պետք է շահի նրանից, որ իրականում ավելի շատ հայեր ապրում են Հայաստանից դուրս, քան հենց երկրի ներսում։ Դուք ունեք մեծ սփյուռք, եւ դա գործարարին կտա այնպիսի հնարավորություններ, որոնք նա այլուր չի կարողանա գտնել։ 
–Պրն Տանիգուչի, իսկ ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներն են գրավիչ ճապոնացիների համար տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։
–Գիտեք, Ճապոնիայում հատկապես պատկառելի տարիքի քաղաքացիները հարուստ են եւ ունեն բավականին շատ խնայողություններ, միեւնույն ժամանակ նրանք պատրաստ են դրանք ծախսել։ Այս տեսանկյունից զբոսաշրջությունը խոստումնալից լավագույն ոլորտներից է, որը կրկին Հայաստանը եւ Ճապոնիան պետք է միասնաբար զարգացնեն։ Ըստ իս՝ ճապոնացիները պետք է որ ցանկանան համտեսել հայկական արտադրության ալկոհոլային խմիչք։ Կարծում եմ նաեւ, որ դուք պետք է ճապոնացիներին ավելի շատ ներկայացնեք, որ Հայաստանը սկզբնաղբյուրն է, օրինակ, քրիստոնեության, գինեգործության եւ այլն։ Այսինքն՝ որքան ավելի շատ նրանց համար Հայաստանը հետաքրքիր լինի, այդքան ավելի շատ ճապոնացիներ կայցելեն այստեղ։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը մեծ գումարներ է ներդնում մարդկային տաղանդի զարգացման հարցում, ապագա ինդուստրիաների, որոնք արդեն մոտ են մեզ։ Ես խոսում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի մասին, եւ հաշվի առնելով երկրի բնակչության թիվը՝ ապշեցուցիչ է, որ դուք ունեք հանճարներ, ինչպես օրինակ՝ հենց շախմատում, մաթեմատիկայի ոլորտում։ Կարծում եմ՝ այդ տաղանդը պետք է ուսումնասիրվի ճապոնացիների կողմից։
–Նշեցիք, որ ճապոնացիները պետք է որ ցանկանան համտեսել հայկական արտադրության ալկոհոլային խմիչք, եւ որ Հայաստանը գինու սկզբնաղբյուրն է։ Արդյոք համտեսե՞լ եք հայկական գինի, ի՞նչ կարծիք ունեք։
–Իհարկե համտեսել եմ, կարծում եմ՝ այն հրաշալի է։
–Պրն Տանիգուչի, գիտեք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Նախորդ տարի այն նաեւ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։ Շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ իրենց կարծիքն են հայտնում Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության մասին. ոմանք այն անվանում են եզակի, ոմանք երբեմն դեմ են արտահայտվում։ Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը. ի՞նչ ազդեցություն այն կունենա հայ—ճապոնական հարաբերությունների վրա։
–Ես հասկանում եմ, որ դա այն ուղին էր, որով Հայաստանը պետք է գնար, այսինքն՝ այն պետք է այդ բալանսը գտներ։ Այն, որ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց համաձայնագիր, հսկայական թռիչք էր, բայց միաժամանակ ես հասկանում եմ, որ այն նաեւ պետք է փնտրի հավասարապես լավ հնարավորություններ Ռուսաստանի, հարեւան երկրների հետ, ինչպես օրինակ՝ Իրանի հետ։ Սա մի բան է, որը շատ հասկանալի է Ճապոնիայի համար։

Հարցազրույցը՝ 
Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024