ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 22 » Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
15:36
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով

Ինչ շեշտադրումներ են հնչել Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովում

Մեր թերթի վերջին թողարկումներում պարբերաբար անդրադառնում ենք թուրք-սիրիական հակամարտությանը, Սիրիայի տարածք թուրքական զինուժի ներխուժմանը, սիրիական բանակի եւ քրդերի ինքնավարության զինյալ դիմադրությանը, ինչպես նաեւ այս ամենի վերաբերյալ աշխարհի երկրների ու միջազգային կառույցների արձագանքին։ Այս իրավիճակի ներկայացմանը զուգահեռ զգուշացրել ենք տարածաշրջանում թուրքական եւ համաթուրքական նախանշված ծավալումների եւ այդ համապատկերում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանն առնչվող հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու մասին։
Բացի այն, որ Թուրքիան հարձակվել է մեր բարեկամ արաբական երկրի վրա, այդ ներխուժմանն իր աջակցությունն է հայտնել մեզ հետ պատերազմական վիճակում (այս պահին՝ փաստաթղթային զինադադարի կարգավիճակում) գտնվող Ադրբեջանը։ Բաքուն քանիցս հայտարարել է, որ սատարում է Անկարայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում։ «Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները եւ աջակցում է դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին։ Այդ կապակցությամբ մենք վստահ ենք, որ ինչպես թուրքական կողմն է հայտարարել, իրականացվող գործողությունը ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության եւ համաձայնության ապահովմանը»,–ասված է Բաքվից հնչած հայտարարությունում։
Եթե Բաքվում եւ Անկարայում «թույլ հիշողություն» ունեն, ապա պետք է հիշեցնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարածաշրջանում ստեղծված դաշնակից զորքերի հետ միասին կռիվ էին տալիս նաեւ սիրիական բանակն ու Սիրիայի եւ Իրաքի քրդական ինքնավարությունները։ Ոմանք ամերիկյան կողմի հետ, ոմանք՝ ռուսաստանյան, սակայն մեկ միասնական հակաահաբեկչական դաշինքում։
Իսկ ահա, այդ դաշինքում հայտնված Թուրքիան ու Ադրբեջանը երկակի խաղեր էին ցուցադրում։ Թուրքիան Ստամբուլը վերածել էր աշխարհի տարբեր անկյուններից դեպի «Իսլամական պետություն» եկող ահաբեկիչների որջի, որտեղից էլ տարբեր երկրներից ժամանած մարդասպանները Թուրքիայի տարածքով անցնում էին Սիրիա եւ Իրաք՝ ահաբեկիչների հսկողության տակ անցած տարածքներ։ Սա քիչ համարելով՝ Անկարան ու Բաքուն նաեւ իրենց ահաբեկիչներով էին լրացնում «Իսլամակամ պետության» բանակը։ Հարյուրավոր թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչների թաղումների նկարահանումներ են շրջանառվում համացանցում։ Ահաբեկիչներին մտադիր են հետագայում օգտագործել ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրանի, Հայաստանի ու Արցախի դեմ։ Այսօր համացանցում շրջանառվող տեսաժապավեններում քրդերին գլխատող թուրքերը հենց այդ ահաբեկչության դպրոցն անցած զինվորականներն են, իսկ Ադրբեջանն իր մարդասպաններին հավաքել է Արցախի սահմանամերձ հատվածներում, որտեղ երկար ժամանակ է՝ ամրացնում է առաջնագծի դիրքերը։
Թուրքիան իրականում աշխարհին սպառնացող ահաբեկչության սնուցարան է, ինչը փորձում է ընդօրինակել Ադրբեջանը։ Եվ իզուր չէ, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի նախագահները մտադրվել են իրենց երկրի սահմանադիր օրենքներից հեռացնել պետությանը տրված հանրապետություն ձեւակերպումը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի իսլամական պետություն ձեւակերպմամբ։ Եվ այսօր իրենց երկրներում նրանց շատերն են ընկալում (նաեւ իրենց ծառայող ԶԼՄ—ներն են աներեւույթ հրամցնում) որպես սուլթան Էրդողան եւ Իլհամ խան։
Սակայն «թույլ հիշողություն» ունեցող թուրքերն ու ադրբեջանցիները «մոռացել» են, որ 1990—1994թթ. արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանական բանակի հետ միասին հայկական զինուժի դեմ էին դուրս եկել թուրք «գորշգայլականներ», արաբ վահաբական ծայրահեղականներ (իսլամական շիա եւ սուննի ճյուղերից անջատ գործող), որոնցից շատերն ահաբեկչական խմբավորումների զինյալներ էին, աֆղան մոջահեդներ, չեչեն գրոհայիններ, տարբեր երկրներից եկած վարձկաններ, այդ թվում՝՝ հրաձիգ—նշանառուներ, ինչպես նաեւ ուկրաինացի օդաչուներ եւ այլք։ Եվ արդյունքը հայտնի է։ Անգամ չեչեն գրոհայինները, որ կռվում էին սովետական, ապա ռուսական բանակի դեմ, խոստովանել էին, որ իրենց թիկունքը միայն Արցախում տեսան։ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը եւս ապացուցեց, որ ոչինչ չի փոխվել, հայկական զինուժը մնում է շատ լավ պատրաստված ու մարտունակ բանակ, ինչը ապացուցվում է Արցախի սահմանները զինադադարից մինչ օրս պաշտպանելիս, ինչպեսեւ ՀԱՊԿ—ի ու ՆԱՏՕ—ի տարաբնույթ զորավարժություններին մասնակցելու ընթացքում, ինչը հավաստում են հենց այդ ռազմական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները։ Այսօր էլ հայկական բանակն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում զորավարժություններ է անցկացնում, նաեւ զանգվածային՝ զինվորական պահեստազորի մասնակցությամբ, ինչը շարունակում է մարտունակ պահել հայկական զինուժը՝ պահպանելով նաեւ ժողովրդի հավատը բանակի նկատմամբ։ Իսկ սա կարեւոր է, քանի որ, ինչպես վերը նշվեց, համաթուրքական վտանգն այսօր ավելի է մեծացել, որի առաջին թիրախներից մեկը Հայաստանն է։ Թուրքիան իր անվտանգության հայեցակարգում Հայաստանն ընդգրկել է թշնամիների ցանկում, ինչը հետո ընդօրինակեց Ադրբեջանը։
Բաքուն ամեն ինչ անում է նաեւ Սիրիայում Անկարայի կրկնօրինակը դառնալու համար։1000—ից ավելի ադրբեջանցի ցանկանում են հայտնվել թուրքական բանակի կազմում։ «Հույս ունենք, որ հաղթական թուրքական բանակն ամենակարճ ժամանակահատվածում հաղթանակ կտանի, եւ Ադրբեջանի հերոսներն ու երիտասարդները ցանկանում են կռվել Թուրքիայի բանակի շարքերում»,–ասված է Բաքվի հայտարարությունում։ Վստահ ենք՝ սրանք նույն ահաբեկիչներն են, որ կռվում էին «Իսլամական պետության» կողմից։
Եվ ահա այս օրերին Բաքվում կայացավ Թյուրքական խորհրդի 7—րդ գագաթնաժողովը։ Նախօրոք հայտարարվել էր, որ թյուրքալեզու երկրները շարունակելու են զարգացնել ու խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության եւ, իհարկե, ռազմական։ Ամենաշատ հարցեր քննարկվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը։ Մինչ այդ, երկու երկրների ԱԳ նախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունն ու Մերձավոր Արեւելքում տիրող վիճակը։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարեւորությունը անվտանգության ապահովման համար. ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Բաքու էին ժամանել նշված խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները։ Գագաթնաժողովը նվիրված էր «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» 10—րդ տարեդարձին։ Դրա ստեղծման նախիջեւանյան համաձայնագիրը 2009թ. ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ու Ղրղըզստանի նախագահները։ Այդ խորհրդի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էր։ Բաքվում 7—րդ գագաթնաժողովի շրջանակում պաշտոնապես հայտարարվեց նաեւ Ուզբեկստանի անդամակցության մասին։ Խորհրդին միանալու մասին փաստաթուղթը այդ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը ստորագրել է սեպտեմբերի 14—ին։
Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի Հունգարիան։ Հունգարների թյուրքալեզու լինելու մասին քչերը գիտեն, թերեւս, համարում են եվրոպական երկիր (սակայն հիշեցնենք, թե ինչպես Հունգարիայում ՆԱՏՕ—ի ուսումնական միջոցառմանը մասնակցող մեր Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած հայասպան Ռամիլ Սաֆարովին Բուդապեշտը արտահանձնեց Բաքվին, ինչպես եղբայրը կաներ եղբոր համար…)։ Թյուրքալեզու երկրների կազմակերպության կենտրոնակայանը Ստամբուլում է, եւ խորհուրդը արդեն մտադիր է գրասենյակ բացել նաեւ Հունգարիայի մայրաքաղաքում։
Գագաթնաժողովում Նուրսուլթան Նազարբաեւին հռչակել են խորհրդի պատվավոր նախագահ։ Մեկին, ով ԱՊՀ—ում, ՀԱՊԿ—ում եւ ԵԱՏՄ—ում իր գործունեության ամբողջ ընթացքում գործեց դաշնակից Հայաստանի դեմ՝ ամեն անգամ առիթ գտնելով պաշտպանել համաթուրքական դաշինքի իր գործընկեր Ադրբեջանի շահերը։ Հիշեցնենք, որ ղազախների նախկին նախագահը համաթուրքական դաշինքն ամենակարեւորն էր համարել Ղազախստանի համար բոլոր այն դաշինք—միավորումներից, որոնցում ընդգրկված է իր երկիրը։ Հիշեցնենք նաեւ, թե ինչպես Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովներից մեկում նա կարդաց իր ընկեր Իլհամ Ալիեւի՝ իրեն հանձնած նամակը՝ կապված Արցախի եւ ազատագրված շրջանների «…հայերի կողմից զավթման հետ»։
Եվ թյուրքալեզու պետությունների ղեկավարները փորձում են ամեն հարցում միասնական լինել։ Ստորագրել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես մտադրվել են հիմնել խորհրդի համակարգող հանձնաժողով, թյուրքական ակադեմիա, թյուրքական մշակույթի եւ ժառանգության հիմնադրամ, ինչպես նաեւ թյուրքական առեւտրաարդյունաբերական պալատ։
Հիշեցնենք՝ Թյուրքական խորհրդի անդամ երկու երկրներ՝ Ղազախստանը եւ Ղրղըզստանը, դե յուրե Հայաստանի դաշնակիցներն են ՀԱՊԿ—ի եւ ԵԱՏՄ—ի կազմում, իսկ Ուզբեկստանն արդեն հայտարարել է, որ միանում է ԵԱՏՄ—ին։
Այստեղ տեղին է մեկ անգամ եւս նշել, որ Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Ուզբեկստանը այն 6 երկրների մեջ են (Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ), որոնք համաթուրքական դաշինքում են, որի կարգախոսն է «մեկ ազգ–վեց պետություն»։ Սա եկավ փոխարինելու դեռ Հեյդար Ալիեւի հնչեցրած «մեկ ազգ–երկու պետություն» կարգախոսին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի մասին։ Իմիջիայլոց, նման կարգախոս էլ ստեղծվել է Իսլամաբադում՝ Պակիստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպմանը։ Պակիստանի նախագահը հայտարարել էր, թե չեն ճանաչի Հայաստանի անկախությունը, քանի որ «հայերն օկուպացրել են Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսը», ապա հավելել էր, թե պակիստանցին եւ ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու պետությունում։ Փաստորեն, այս հայտարարությունը ջուր էր լցնում Էրդողանի ջրաղացին, որը ցանկանում է համաթուրանականությունն ու համաիսլամականությունը համադրել եւ ծառայեցնել Թուրքիայի շահերին։

Շարունակելի

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 326 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024