ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 6
Հյուրեր: 6
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հոկտեմբեր » 24 » Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
12:16
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով

Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Պետք է խոսել նաեւ մի կարեւոր իրողության մասին, որը միշտ կոծկում են համաթուրքական ամեն ինչի հետեւից գնացող այս երկրները։ Դա նրանց ամենացավոտ կողմերից մեկն է։ Այս մասին ժամանակին եւ ավելի հանգամանալից անդրադարձել եմ ազգային—ազգայնական ուղղվածությամբ իմ սեփական «Լուսանցք» թերթում։ Այս մասին պետք է խոսել նաեւ այժմ, քանի որ համաթուրքական դաշինքը կամ ճակատը մեծ ճաքեր ունի, ինչը թյուրքալեզու երկրները դեռ կարողանում են քողարկել։ Ժամանակին գրել էի, որ համաթուրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն։ Տարիներ շարունակ «նախաթուրք» հասկացողության կռիվ կա թյուրքական երկրներում։ Իհարկե, թուրքերն իրենց են միանշանակ համարում «թյուրքական գենի կրող», սակայն դրա հետ համաձայն չեն հատկապես թուրքմենները, որոնց նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը թուրքմենբաշի էր կոչվում եւ գրել էր թուրքմենների ազգային եւ հոգեւոր գաղափարախոսությունը։ Անգամ Թուրքիայում բնակվող թուրքմեններն են «վերեւից նայում» թուրքերին։ Սա սկզբունքային վեճ է, որ կարող է հակամարտության տանել։ Թուրքմենբաշի՝ բոլոր թուրքմենների հայր, այսպես էին անվանում արդեն հանգուցյալ նախագահին Թուրքմենստանում։ Նա, ով կառավարեց երկիրը 21 տարի, որպես «ազգի հայր» ավելի հեռուն գնաց, օրացուցային անուններն անգամ անվանափոխեց՝ հունվարը թուրքմենբաշի էր կոչվում, ինչպես իրեն էին անվանում, ապրիլը նրա մոր անունն էր կրում, իսկ սեպտեմբերը՝ ռուխնամա, ինչպես վերնագրված է նրա հեղինակած ազգային ու հոգեւոր գիրքը։
Թուրքմենական պաշտամունքը այնքան խորն էր թափանցել, որ Սափարմուրադ Նիյազովին փոխարինողը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, սահմանադրական փոփոխություններին զուգահեռ, որպեսզի կարողանա շարունակել երկարաժամկետ պաշտոնավարել, սկիզբ դրեց իր անձի պաշտամունքին՝ մոռացության մատնելով թուրքմենբաշու պաշտամունքը։ Այնպես, ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանն է անում Աթաթուրքի պաշտամունքը նսեմացնելու առումով։ Թուրքմենստանի նոր առաջնորդին շնորհվեց արկադագ՝ համայն թուրքմենների պաշտպանի տիտղոսը, որը պիտի վերաճեր համայն թյուրք տեսակի պաշտպանի։
Հետաքրքիր է, որ թաթարները հիմնականում հեռու են մնում թուրք—թաթարական ձեւակերպումից, քանի որ իրենք եւս, ինչպես թուրքմենները, թուրքերից բարձր են դասում իրենց։ Տարիներ առաջ Թաթարստանը մի նախագահ ուներ, ով համաթաթարական միասնության ջատագով էր, նաեւ Ղրիմին տիրելու խնդիրն էր հետապնդում, երեւի թե «Ոսկե հորդան» նկատի ունենալով, գուցե նախատեսում էր նաեւ թաթարներին հռչակել թյուրքական տեսակի նախահայր… Բայց երկար չկառավարեց, Ռուսաստանի Դաշնության կազմում դա իրականացնելն էլ անհավանական էր, չնայած Թաթարստանում նրան համեմատության մեջ աթաթաթար էին ասում շատերը… Այնպես որ, համաթրքական մեծ պատերը իսկապես մեծ ճաքեր ունեն, որ թվում է՝ պատմություն է արդեն՝ Աթաթուրքը, աթաթաթարը, աթաազերը եւ աթաթուրքմենը (թուրքմենբաշին), սակայն այսօր էլ այդ վեճը կա, որը թաքնված ընթանում է «Մեծ թուրան» եւ «Մեծ Ադրբեջան» երազանքներով պարուրված, իրենց ամեն օր եղբայր կոչող Էրդողան—Ալիեւ մրցավազքում։ Այստեղ, այնուամենայնիվ, դեռ Թուրքիայի նախագահն է ավագ եղբայրը։
Իսկ ժամանակին Հեյդար Ալիեւն էր ջանքեր գործադրում Ադրբեջանը թուրքական կենտրոն դարձնել, ադրբեջանցիներին էլ «թուրքական սկզբնաղբյուր», ինչը շատ արագ ձախողվեց, չնայած ԿԳԲ—ական Հեյդար Ալիեւը անգամ խորհրդային տարիներին հայտնի էր ադրբեջանցիներին իսլամական ուղղության վրա պահող—հովանավոր եւ ամեն տեղ նրանց օժանդակող առաջնորդ, ում անգամ այն ժամանակ (այդ օրերի ժամանակագիրների հավաստմամբ) ժողովրդական խոսակցականում ԿԳԲ—ական խան կամ շեյխ էին կոչում… Բայց ԿԳԲ—ական լինելը չէր այն հիմնական պատճառը, որ նա չկարողացավ թուրքական կենտրոն դարձնել Ադրբեջանը։ Այս երկրում «Նախիջեւանյան կլան» համարվող Ալիեւների տունը համարում էին ոչ թե թուրքական, այլ քրդական կլան։ Նրանց արմատները գալիս էին Թուրքիայի քրդերից, ինչքան էլ փորձ արվեց սա քողարկել։ Այժմ էլ Իլհամ Ալիեւն է դա քողարկում։
Ինչպես վերը նշվեց, իրենց երկրներում շատերն են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին ընկալում որպես սուլթան Էրդողան եւ Իլհամ խան։ Եվ նախկին բանավեճը դեռ կա, եթե ուշադրությամբ հետեւենք նրանց քաղաքական քայլերին։ «Մեծ թուրանը» Բաքուն այնքան էլ սրտանց չի շահարկում, քանզի «Մեծ Ադրբեջանի» ստեղծման երազանքն ունի կրկին Հայաստանի ու Իրանի տարածքների հաշվին։
Ադրբեջանի նախագահը խանություն ստեղծելու եւ խան մնալու մակարդակին է դեռ։ Իսկ Թուրքիայի նախագահը նորօսմանականությունը միայն նախաքայլ է դիտարկում մեծթուրանականությանը հասնելու ճանապարհին, եւ մեծ են նաեւ նրա նկրտումները։ Սուլթանի զգեստի տակ իրեն պատկերացնող Էրդողանը նախ կասկածի տակ դրեց «բոլոր թուրքերի հայր» Աթաթուրքի այդ կոչումը, որպեսզի ինքը սուլթանի զգեստը փոխարինի «բոլոր թուրքերի հայր» կոչմանը համապատասխան մի նոր զգեստով։
Չնայած Հունգարիան դեռ լուրջ դիրքեր չունի թուրքական ճակատում, սակայն այս երկրի ազգայնամոլ վարչապետը, թերեւս, կփորձի միջամտել վերոնշյալ մրցակցությանը։ Թյուրքական խորհրդի 7—րդ գագաթնաժողովում Հունգարիան նոր է խորհրդում ընդգրկվել, բայց ի պատասխան ԵՄ—ին ուղղված Թուրքիայի սպառնալիքների (Եվրոպան դեմ է թուրքական ներխուժմանը), վարչապետ Վիկտոր Օրբանը պատասխանել է Թուրքիայի նախագահի սպառնալիքներին, որ Թուրքիան կարող է իր տարածքի փախստականների համար բացել սահմանները դեպի Եվրոպա։ Ըստ նրա՝ 2 տարբերակ կա՝ կամ Անկարան նրանց հետ է ուղարկելու Սիրիա, կամ ուղարկելու է Եվրոպա։ Այդ դեպքում իրենք ստիպված կլինեն ուժ կիրառել երկրի հարավային սահմաններում, իսկ պատասխանը Անկարան կտա… Թուրքիան ապաստանել է 3,6 մլն փախստականների, ինչը լուրջ խնդիր կդառնա Թուրքիա—Եվրոպա սահմանագլխին եւ ոչ միայն հումանիտար աղետի տեսքով։
Համաթուրքական ճաքեր կան նաեւ տնտեսական ասպարեզում, հատկապես Կասպից ծովի բաժանման հետ կապված, որտեղ լուրջ վեճ կա Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջեւ։ Վեճը նավթով հարուստ մի քանի կղզիների մասին է, որոնք ԽՍՀՄ տարիներին թուրքմենական տարածք են եղել, սակայն Խորհրդային Միության կազմաքանդումից հետո հանկարծ դարձել են ադրբեջանական։ Այս խնդիրը մի քանի անգամ մոտեցել է պատերազմական իրավիճակի, բայց միջնորդավորված սրացումը սառեցվել է։ Սահմանային, տարածքային խնդիրներ ունեն Ղրղըզստանը եւ Ուզբեկստանը։ Ուզբեկները խնդիրներ ունեն նաեւ ղազախների եւ թուրքմենների հետ, ինչի բորբոքման համար որեւէ հարմար առիթ է պետք։
Մեծ խնդիր կա նաեւ թուրք—թաթարական հարաբերություններում, թաթարները ինչպես թուրքմենները, այնքան էլ ոգեւորված չեն թուրքերին ավագ եղբայր ճանաչելու պնդումներից կամ մեծթուրանական ծրագրերից։ Պատմությունը հավաստում է, որ մոնղոլ—թաթարական կամ զուտ թաթարական հայտնի ռազմարշավների ժամանակ որեւէ թուրք զինվորականի, առավել եւս թուրքական զորախմբի մասին խոսք չի եղել, եւ թաթարներն էլ իրենց մեծթաթարական ծրագրերն ունեն։ Իզուր չէ, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միավորվելու ժամանակ Սեւ ծովում շրջող թուրքական ռազմանավերն ու սուզանավերը ոչ մի տպավորություն չգործեցին Ղրիմի թաթարների վրա, եւ նրանք մյուսների հետ քվեարկեցին Ռուսաստանին միավորվելու օգտին, չնայած Անկարան հույս ուներ տիրել Ղրիմին՝ թաթարների պահանջով եւ Միացյալ Նահանգների ռազմանավերի օգնությամբ, որոնք տասնյակ տարիներ հետո Սեւ ծով էին ժամանել Թուրքիայով՝ Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներով։
Իմիջիայլոց, Թուրքիայի համար նոր տնտեսական խնդիրներ են առաջ գալիս, Չինաստանը «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը զուգահեռ ներդրումներ է կատարում այդ ծրագրում ներգրավված երկրներում եւ արդեն մեծ ֆինանսական ներդրումներ է արել Միջին Ասիայի թյուրքալեզու պետությունների տնտեսության զարգացման մեջ, ֆինանսատնտեսական ցուցանիշներով գերազանցելով Թուրքիային։ Սա եւս վախեցնում է Անկարային, քանի որ չինական ներդրումները մեծ ոգեւորությամբ են ընդունվում, ինչը ընթացքում կունենա նաեւ ռազմաքաղաքական ազդեցություն։
Համաթուրքական ճակատում կարելի է այլ խնդիրներ էլ գտնել, ինչը հավաստում է, որ այս դաշինքը ինչքան հզոր է երեւում, նույնքան էլ անկայուն հիմքեր ունի, ինչը կարող է սասանել Անկարայի կամ Բաքվի ծավալապաշտական եւ այլ նպատակները։

Շարունակելի

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024