Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության եւ ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության եւ ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների եւ էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների եւ հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի եւ ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման եւ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ։
Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան այցելելու եւ Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու կապակցությամբ, ինչը շատ լավ առիթ է եւ հնարավորություն՝ ինչպես համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, այնպես էլ Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար։
Վարչապետը եւ WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների 23—րդ համաշխարհային համաժողովի օրակարգի, ինչպես նաեւ թե՛ տեխնոլոգիական, թե՛ այլ ուղղություններով գործընկերային կապերը զարգացնելու հնարավորությունների շուրջ։
***
Համաժողովի պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին եւ ծառայություններին։
|