Բուհերի պորֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի պետական համալսարանում էր։
Նախարարը ներկայացրեց ԶՈւ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները։ Նա խոսեց նաեւ ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին։ Ս. Օհանյանը ներկայացրեց նաեւ կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունելով ներկաներին՝ շեշտեց, որ մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ եւ ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին։
Նախարարը համալսարան հյուրեր էր բերել. հանդիպմանը ներկա էին նաեւ ծառայության ժամանակ աչքի ընկած 3 զինծառայող, որոնք ԵՊՀ—ի ուսանողներ են։
Նրանք որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ։ Նախարարի հրամանով բանակ—բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ՀՀ Անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ եւ ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով։
Մեր ունեցածը պատշաճ մակարդակի վրա է
«ԶՈւ—ն այսօր իր կառուցվածքային առումով օրըստօրե համապատասխանեցվում է այն խնդիրներին, որոնք դրված են իր առջեւ։ Լուրջ ուշադրություն է դարձվում զինված ուժերի համալրման խնդիրներին։ Զորակոչի իրականացման բարեփոխումները, թափանցիկ լինելը հանգեցնում են նրան, որ մինչեւ հիմա համալրման խնդիրներ չունենք, եւ այն շարունակական է լինելու»,–ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ուշադրության կենտրոնում է նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր միջոցների ձեռքբերումը։ Միայն թե նա կողմնակից չէ հակառակորդին մեր սպառազինության ու ռազմական տեխնիկայի միջոցները հրապարակավ պարբերաբար ներկայացնելուն։
«Չեմ կարծում, որ զինամթերքի այն քանակությունը, որը ձեռք է բերվել հակառակորդի կողմից, կարճ ժամանակահատվածում կարող է յուրացվել։ Իսկ մեր ունեցած սպառազինությունն ու ռազմական տեխնիկան գտնվում են հմուտ եւ հոգատար ձեռքերում՝ մեր զինվորի ձեռքերում։ Մեր զինվորները դրանք ոչ միայն պահպանում են, այլեւ լիարժեք կերպով տիրապետում են դրանց»,– նշեց նախարարը՝ ավելացնելով, որ մեր ունեցածը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, լիարժեք պատրաստ՝ մարտական գործողությունների ընթացքում օգտագործման։
Հաղթանակներն այսօր բազմապատկվում են
Սեյրան Օհանյանը ԶՈւ—ի զարգացման համար 2014—2015թթ. առանձնահատուկ է համարում. «Սկսում ենք մեր պատմության մեջ երկրորդ պաշտպանական, ռազմավարական վերանայումը, ասել է թե՝ անվտանգության միջավայրի գնահատումը եւ սպառնալիքների բացահայտումը, դրանց նկատմամբ համապատասխան պլանավորման իրականացումը, որը թույլ կտա ԶՈւ—ի զարգացման հեռանկարային պլանների կազմումը՝ ներառելով 2016—2020թթ. գործունեության ողջ ընթացքը»։
Նախարարի տեղեկացմամբ, այսօր ուշադրություն է դարձվում «ղեկավարում առաջադրանքի միջոցով» համակարգի ստեղծմանը։ Այդպիսով, յուրաքանչյուր օղակի հրամանատարական կազմ լիակատար ազատություն եւ հնարավորություն է ունենում իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար։
Ս. Օհանյանն ավելացրեց նաեւ, որ վերջին տարիներին մարտական հերթապահության մեջ առաջին գծում մեր կրտսեր հրամանատարները կարողանում են իրենց առջեւ դրված խնդիրները լիարժեք իրականացնել։ Այսինքն՝ լուրջ ուշադրություն է դարձվում սահմանների պաշտպանությանը։ Հայաստանում եւ Արցախում մարտական հերթապահության համար ստեղծվել է համապատասխան անվտանգային մի այնպիսի միջավայր, որը հնարավորություն է տալիս դիտարկման, հայտնաբերման եւ խելացի խոցման շնորհիվ պաշտպանել սահմանները։
Վերջին տարիներին նաեւ հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքարի համակարգ է ստեղծվել։ Տեղադրվել են ինժեներական այնպիսի սարքավորումներ, որոնք թույլ չեն տալիս հակառակորդի հետեւակին անմիջապես մոտենալ դիրքերին։ Հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողությունները հասել են մինչեւ այդ ինժեներական սարքավորումները եւ դրանց մոտ կանգ առել։ Չեն կարողացել առաջ գնալ։
«Հարց կառաջանա՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբեմն սահմանից մարդիկ են կարողանում անցնել այն կողմ, կամ այս կողմ։ Մեր աշխարհագրական պայմանները հնարավորություն չեն տալիս յուրաքանչյուր մետրը փակել։ Հակառակորդի հետ կնքված չէ խաղաղության լիակատար պայմանագիր, բացի այդ՝ պետք է ամբողջությամբ ուսումնասիրություններ իրականացնել, որոնք մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, եւ այդ ամենը փոխադարձ համաձայնության շրջանակում հետագայում պետք է նաեւ կահավորման ընթացք ստանա։ Դա է պատճառը, որ որոշ տեղերում կան նաեւ բաց տարածքներ»,–ասաց Ս. Օհանյանը՝ նշելով, թե փորձը ցույց է տվել, որ վերջին տարիներին դեպի հակառակորդն անցած մարդկանց մեծ մասը որոշակի խնդիրներ ունեցող անձինք են, որոնք ուշադրություն չեն դարձնում համապատասխան նշաններին։
Բայց, չնայած դրան, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ ԶՈւ—ն բարձր գնահատականով է հանձնում իր քննությունը։
Նախարարը մեծ հպարտությամբ շեշտեց, որ մեր տարած հաղթանակներն այսօր բազմապատկվում են, որովհետեւ հուլիս, օգոստոս ամիսներին 18—20 տարեկան ժամկետային զինծառայողները, հմուտ հրամանատարների ղեկավարության եւ անհրաժեշտության դեպքում նաեւ փորձառու երկրապահների, ազատամարտիկների աջակցությամբ, վնասազերծեցին եւ ետ շպրտեցին դիվերսիոն հետախուզական գործողությունները։
«Գտնում եմ, որ այն զինծառայողները, ովքեր մեր կողմից են զոհվել, հերոսություն, քաջագործություն են կատարել։ Այդ պատճառով մենք փորձեցինք դա ներկայացնել ոչ թե ողբերգություն, այլ հերոսություն։ Հուղարկավորության ժամանակ եղան ծնողներ, ովքեր թույլ չտվեցին որդիների շիրիմների վրա լաց լինել։ Ասում էին՝ պետք չէ լացել, իմ որդին հերոսացել է։
Այդ զինծառայողների հերոսությունների շնորհիվ է, որ մենք փրկեցինք հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը, բանակի ոգին բարձրացավ, եւ նաեւ այդ ամենը հիմք դարձավ համախմբման»,–նկատեց Ս. Օհանյանը՝ ավելացնելով, որ հերոսություններ կատարած զինծառայողները պետք է հանդիպումներ ունենան տարբեր բուհերում։
Նրա խոսքերով, այս տարվա կորուստները հիմնականում առաջին գծում են եղել, հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ։
Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ փողոցային արատավոր բարքերի դեմ միասնական պայքարն առաջին կիսամյակում իր դերակատարությունն ունեցել է. «Սա հանգեցրել է նրան, որ 2014թ. այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են սպանությունը, միտումնավոր սպանությունը, ինքնասպանությունը, ինքնասպանության հասցնելը, հասել են նվազագույնի։ Ամբողջ տարվա ընթացքում մենք ունենք ինքնասպանության դեռեւս չպարզված մեկ դեպք»։
Իսկ զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրների մասով ասաց, որ դրանք իրականացվում են ՀՀ կառավարության որոշումների համաձայն։ Մասնավորապես, մշակվել է աշխատավարձերի կատարելագործման համակարգ, եւ մինչեւ 2017թ. պարբերաբար բարձրացնելու են զինծառայողների աշխատավարձերը։ Բացի այդ, ԶՈւ—ի համար իրականացվում է բնակարանաշինության ծրագիրը։
Պատասխանելով զորակոչից տարկետման իրավունքի վերաբերյալ հարցին, նախարարն ասաց, որ յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է իր ծառայությունը կատարի. «Ես կողմ եմ, որ այդ տարկետումը վերացվի»։
Վստահության մթնոլորտ ստեղծելու առաջարկները չեն ընդունվում
Ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ուղղված «դադարեցնել կրակը» կոչը Սեյրան Օհանյանը մեծ քաղաքականության արդյունք է համարում, որովհետեւ չեն ուզում այս կամ այն կողմին նախապատվություն տալ։ «Այդ իսկ պատճառով ասում են՝ պետք է դադարեցնել կրակը՝ երկու կողմից էլ, չնայած նրան, որ խախտումները 99 տոկոսով լինում են հակառակորդի կողմից։ Մենք միայն պատասխանում ենք դիպուկահարների կրակոցներին, անկանոն կրակոցներին չենք պատասխանում»,–ասաց նախարարը՝ նշելով, որ մենք էլ ենք կողմնակից, որ հայտարարությունների մեջ նաեւ դատապարտվի այն կողմը, որը խախտում է իրականացնում։ Սակայն, ինչպես ասաց Օհանյանը, դեռեւս դրան չենք հասել։
Նա մատնանշեց նաեւ վստահության մթնոլորտի կարեւորությունը, որը ներառում է դիպուկահարների հետքաշումը, կրակի դադարեցումը, դիվերսիոն հետախուզական գործողություններից զերծ մնալը, խախտումների դեպքում միջազգային քննության անցկացման պայմանների ստեղծումը։ Բայց, միաժամանակ ընդգծեց, որ հակառակորդը վստահության մթնոլորտ ստեղծելու առաջարկները չի ընդունում. «Դրա համար մենք ունենք մեր պլանները՝ ե՛ւ պաշտպանության, ե՛ւ նրանց սադրանքների կանխարգելման, որը զսպման մեխանիզմ է ստեղծում։ Այս վերջին ամիսներին գործողությունները հանգեցրին նրան, որ մենք ստեղծեցինք զսպման պայմաններ։ Եվ եռակողմ հանդիպման ժամանակ տեսաք, թե ինչպես էր վստահ խոսում ՀՀ նախագահը, եւ ինչ վիճակում էր Ադրբեջանի նախագահը»։
Իրականացվում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերով, այն բոլոր երեւույթները, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ կամ մոտ, կարող են համապատասխան ազդեցություն ունենալ նաեւ մեր անվտանգության միջավայրի ձեւավորման վրա. «Բայց այսօր այն, ինչ մենք իրականացնում ենք մեր երկրի լիակատար պաշտպանությունը եւ անվտանգությունը ապահովելու համար, լիարժեք է, որպեսզի թույլ չտանք, որ այլ երկիր, այլ կազմակերպություններ համապատասխան ազդեցություն ունենան մեզ վրա, ասել է թե՝ մենք վերահսկում ենք ամբողջ գործընթացը»։
Նա վստահեցրեց, որ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականացնում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն։
Նախարարն անդրադարձավ նաեւ Ադրբեջանում անցկացվող թուրք—ադրբեջանական զորավարժություններին՝ ասելով, որ այդ երկու երկրներն իրար հետ ունեն ռազմավարական միջոցառումների համապատասխան պլաններ, եւ դա իրականացվում է պլանի համապատասխան։ «Զորավարժությունները պլանային են։ Մեր կողմից վերահսկվում են։ Եվ որեւէ վտանգ այսօր մեր հանարապետության համար չեն ներկայացնում»,–նշեց ՀՀ պաշտպանության նախարարը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|