ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ, ժամը 17։45—ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Մելիք—Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը։ Այդ հասցեում տեղակայված է Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը։ Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Ժամը 18։45—ի դրությամբ հրդեհը մարվել է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ հրշեջների արհեստավարժության շնորհիվ հնարավոր է եղել կրակը շուտ տեղայնացնել եւ հանգցնել, շենքին մեծ վնաս չի հասցվել, հիմնականում այրվել է տանիքը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ վարկածներ դեռեւս չկան։ Վ. Գաբրիելյանի խոսքով, հնարավոր է, որ հրդեհը բռնկված լինի ոչ թե շենքի ներսից, այլ դրսից, միաժամանակ նա հերքել է տեղեկությունները, թե հրդեհը պայթյունի հետեւանք է՝ ասելով, որ պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն, որից հետո լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի։ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքում տեղի ունեցած հրդեհը չի խոչընդոտի առաջիկա հինգշաբթի կուսակցության գործադիր մարմնի նիստի անցկացմանը։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք նիստերն անցկացնում ենք նկուղային հարկում, որին որեւէ վնաս չի հասցվել»,–ասաց նա։ Շարմազանովը նշել է, որ միջադեպի վերաբերյալ համապատասխան մարմինները կքննեն բոլոր վարկածները եւ կտան մասնագիտական եզրահանգում։ hhpress.am
|