Գլխավոր էջ » 2012»Մայիս»2 » Առողջ հասարակությունը երկրի զարգացման գրավական /Առողջապահության ոլորտի խնդիրները նախընտրական ծրագրերում/
13:53
Առողջ հասարակությունը երկրի զարգացման գրավական /Առողջապահության ոլորտի խնդիրները նախընտրական ծրագրերում/
Առողջապահությունն ազգային եւ պետության անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, իսկ անհատի եւ հասարակության առողջությունը՝ ազգային շահի բաղադրիչ։ Առողջապահության համակարգը բժշկական օգնություն ցուցաբերելուց զատ ներառում է նաեւ հիվանդությունների կանխարգելումն ու առողջության ամրապնդումը։ Բնականաբար, գիտակցելով արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու ռազմավարական նշանակությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրերում ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առողջապահության ոլորտում գերակա խնդիրը համարում է բնակչության բոլոր խմբերի համար որակյալ եւ հասանելի առողջապահական ծառայությունների ապահովումը։ Որպես առաջնահերթություն կուսակցությունն առաջարկում է ընդլայնել անվճար բուժծառայությունների ցանկը եւ բարելավել դրանց որակը, ապահովել անվճար բուժծառայությունների մատուցման նպատակով պետական երաշխիքների ծավալի եւ պետության ֆինանսական հնարավորությունների հաշվեկշռվածությունը, ինչպես նաեւ ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն։ Առողջ հասարակության ձեւավորման կարեւոր ուղղություններից մեկը համարվում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացումը, ինչպես նաեւ այդ ոլորտում բնակչության լայն զանգվածների ընդգրկումը։ Դրան հասնելու համար կարեւորվում է մատչելի ենթակառուցվածքների, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադահլիճների առկայությունը։ «Ժառանգություն» կուսակցությունը եւս իր նախընտրական ծրագրում մեծ ուշադրություն է դարձրել առողջապահության ոլորտին՝ նախատեսելով բժշկական օգնության եւ ծառայությունների ֆիզիկական ու ֆինանսական առումներով ազգաբնակչության, հատկապես նրա սոցիալապես խոցելի խավերի մատչելիության մակարդակի բարձրացում, բնակչության դեղորայքային ապահովվածությանն ու մատչելիությանն ուղղված նպատակային ծրագրի մշակում եւ իրականացում, առողջ ապրելակերպի արմատավորում։ Նշված նպատակների կենսագործման համար կուսակցությունը առաջարկում է օրենսդիր եւ գործադիր քայլեր, այն է՝ վերանայել պետպատվերով անվճար բուժօգնության, դեղորայքի բաշխման ձեւը, բուժսպասարկման համակարգն ու օրենսդրությունը՝ այն դարձնելով հասցեական, արդարացի եւ օրինական, առողջապահական արտոնություններ եւ անվճար բուժսպասարկում ապահովել տարեց, մեկ ծնողից բաղկացած ընտանիքների, պատերազմի վետերանների ու նրանց ընտանիքների, հաշմանդամների եւ կարիքավորների համար, պետական բյուջեում կազմավորել առողջապահական հատուկ բյուջե՝ ի հաշիվ մարդկանց առողջությանը վնասող ապրանքների ակցիզային եւ ավելացված արժեքի հարկերի, բնապահպանական վճարների, կանաչ տարածքների հատման համար տույժերի ու տուգանքների, առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցների ընդհուպ մինչեւ 60 տոկոսն ուղղել մարզերում առողջության առաջնային օղակի պահպանմանը, բոլոր համայնքներում կամ դրանցից 3 կմ շառավղով ոչ հեռու վայրերում ստեղծել եւ պահպանել դեղատներ կամ դեղեր բաշխող կազմակերպություններ։ Հատուկ ուշադրություն դարձնելով բժշկական ապահովագրության համակարգի կայացմանը՝ կուսակցությունն առաջարկում է նաեւ ընդունել համապատասխան օրենք, իսկ առողջության ապահովագրումը խրախուսելու նպատակով օրենքով թույլատրել ՀՀ տնտեսավարող սուբյեկտներին՝ սեփական միջոցներով իրենց աշխատողների առողջության ապահովագրման 30 տոկոսը ֆինանսավորելու դեպքում այդ մասով նվազեցնել շահույթը՝ հաշվարկելով այն որպես ծախս։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացվել էր դեռեւս մարտի 30—ի հանրահավաքի ժամանակ։ Առողջապահության ոլորտում դաշինքն առաջարկում է անցում կատարել պետության կողմից առողջապահության հավաստագրային ֆինանսավորման։ Դա նշանակում է, որ պետք է ֆինանսավորել ոչ թե առողջապահական հիմնարկները, այլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, իսկ առողջապահության պետական ֆինանսավորումը նախատեսել ՀՆԱ—ի առնվազն 3%—ի չափով, ներկայիս 1.6%—ի փոխարեն։ Առաջնահերթություն է համարվում նաեւ պետության կողմից իրականացվող ֆինանսավորման ծավալներում էական տեղաշարժը հիվանդի բուժման ծախսերից դեպի մարդու առողջության պահպանման ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաեւ դեղորայքային ապահովության պետական ֆինանսավորման աճն ու դեղերի մատչելիության մակարդակի բարձրացումը։ ՀԱԿ—ն առաջարկում է նաեւ իրականացնել առողջության առաջնային պահպանմանն ուղղված ազգային միջգերատեսչական նպատակային ծրագրեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով դեռահասների եւ տարեց մարդկանց առողջությունը պահպանող եւ կենսակերպի ակտիվությանը նպաստող պետական նպատակային ծրագրերին։ ՀԱԿ—ի հիմնական նպատակներից է լինելու մինչեւ 2020 թվականը մոր եւ մանկան մահացության ցուցանիշի զգալի կրճատումը, մինչեւ 70 տարեկան անձանց շրջանում սիրտանոթային հիվանդություններից մահացության թվի կրճատումը։ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրում նախանշված է առողջության պարտադիր ապահովագրության պետական—կորպորատիվ վճարումների համակարգի աստիճանաբար ներդրումը։ Ընդ որում, ապահովագրական վճարի չափը պայմանավորված կլինի քաղաքացիների եկամտի չափով, այսինքն՝ աղքատության շեմից ցածր գտնվող քաղաքացիների, երեխաների, թոշակառուների, սոցիալապես խոցելի խմբերի համար ապահովագրական վճարները ամբողջությամբ կֆինանսավորվեն պետական բյուջեից, միջին եկամուտ ունեցող քաղաքացիների ապահովագրական վճարի մի մասը կհատուցվի պետական միջոցների հաշվին, հասարակության ապահով հատվածը կվճարի ապահովագրական վճարն ամբողջությամբ։ Կուսակցությունն արտոնություններ է խոստանում մարզերում եւ հեռավոր բնակավայրերում աշխատող բուժանձնակազմերի անդամներին, նաեւ վերահսկողություն առողջապահական ծառայությունների մատուցման որակի վրա ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում՝ ապահովելով համանման ծառայությունների մատուցում երկրի ցանկացած վայրում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, կարեւորելով քաղաքացուն բժշկական մատչելի եւ որակյալ ծառայության տրամադրումը, առաջարկում է առանձնացնել պետական բուժհիմնարկները՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դիսպանսերներ՝ միաժամանակ վերահսկելով բուժսպասարկում տրամադրող մասնավոր ծառայությունները։ Այդ տրամաբանությունից ելնելով՝ պետք է պետական բժշկական հիմնարկներում աշխատողների վարձատրությունը համապատասխանեցնել ծառայության աստիճանին եւ նրանց որակավորմանը։ Կուսակցությունը խոստանում է անվճար բուժսպասարկում ապահովել նվազագույն կենսաթոշակ ստացողներին, չաշխատող հաշմանդամներին, նաեւ մշակել եւ իրականացնել դեղորայքային ապահովվածությանն ու մատչելիությանն ուղղված նպատակային ծրագրեր։ Կուսակցությունն առաջարկում է նաեւ օրենսդրորեն ամրագրել, որպեսզի 50 եւ ավելի աշխատող ունեցող ձեռնարկատերերը պարտավորվեն տարին մեկ անգամ կազմակերպել նրանց առողջության բժշկական կանխարգելիչ հետազոտում։ Նախընտրական ծրագրում տեղ գտած մյուս դրույթը վերաբերում է գյուղական համայնքների, հատկապես՝ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բուժսպասարկման բարելավմանը՝ ստեղծելով բուժկետեր։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, հավատարիմ մնալով խորհրդային տարիների ավանդույթին, առաջարկում է աստիճանաբար անցում կատարել անվճար առողջապահության համակարգի, իսկ տարիքավոր կենսաթոշակառուներին տրամադրել ստացիոնար բուժման հնարավորություն։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը շարունակելու եւ զարգացնելու է առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերն ու բարեփոխումները։ Շարունակվելու է մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման եւ վերազինման ծրագրի իրականացումը։ Միաժամանակ ոլորտում քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու հիվանդությունների կանխարգելմանը՝ առողջ կենսակերպի համար պայմաններ ստեղծելու միջոցով։ Պետության օրակարգում են լինելու նաեւ սպորտի մասսայականացման, առողջ եւ անվտանգ սննդի երաշխավորման, ծխելու դեմ պայքարի հարցերը։ Պետպատվերի շրջանակներում որոշ հիվանդությունների տեսակների եւ սոցիալապես անապահով խավերի համար ներդրվելու է բժշկական ապահովագրության ինստիտուտը։ Բժիշկների պարտադիր վերապատրաստման, այդ թվում՝ աշխարհի լավագույն առողջապահական կենտրոններում, ինչպես նաեւ համապատասխան մեխանիզմի ներդրման միջոցով ապահովվելու է հիվանդությունների ճշգրիտ եւ վաղ ախտորոշում, որակյալ բուժում, ինչպես նաեւ՝ հետվիրահատական վերականգնողական շրջանի գրագետ վարում։ Նախատեսվում է նաեւ կառուցել եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոց, ինչպես նաեւ հիմնել ուռուցքաբանական կենտրոն, որը կընձեռի ժամանակակից գիտական մեթոդներով նորագոյացությունների հայտնաբերման, ախտորոշման եւ որակյալ բուժման հնարավորություն։ Կուսակցությունը երաշխավորում է առաջին անգամ ՀՀ բոլոր քաղաքացիների համար սրտի անհետաձգելի վիրահատությունը։ «Միավորված հայեր» կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Ոսկանյանի փոխանցմամբ՝ նախընտրական ծրագրում առողջապահության ոլորտի առանցքային դրույթներից է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը, պետության կողմից պետական բուժհաստատությունների ֆինանսավորման խնդիրների կարգավորումը եւ վերահսկողությունը բոլոր օղակների վրա, առողջության պահպանման առաջնային եւ մյուս օղակների միջեւ կապի վերականգնումն ու բժշկական ծառայության դասակարգումը՝ սկսած գյուղերից։ Առաջնային է համարվում առողջապահության ոլորտում օրենսդրական բարեփոխումների անցկացումը, որի միջոցով կլուծվեն բնակչության շրջանում մշտական դժգոհությունների տեղիք տվող մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝ պետպատվերի սահմաններում ֆինանսների ոչ նպատակային օգտագործումը։ Առաջարկվում է պետպատվերով նախատեսված անհրաժեշտ բուժման գումարը տալ հիվանդին՝ իրականացված բժշկական ծառայության դիմաց, այսինքն՝ պետպատվերը լինի հասցեական։ Բուժման համար ծախսված գումարի փոխհատուցման չափը պետք է որոշվի հիվանդի անապահովության աստիճանով (ըստ «Փարոսի» տվյալների)։ Կուսակցությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու բնակչության սոցիալապես անապահով խավի առողջապահական ոլորտի խնդիրներին։ Մյուս կարեւոր հարցը բժշկի «խաթարված կերպարի» վերականգնումն է կամ այլ կերպ ասած՝ կադրային գրագետ քաղաքականության իրականացումը, ինչն անհրաժեշտ է ոչ միայն առողջապահական համակարգին, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու։ Առողջապահության ոլորտի արդյունավետ զարգացման համար բժշկական ասպարեզում պետք են ոչ միայն գիտնականներ, այլեւ գիտակ, փորձառու բժիշկներ։ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է քաղաքացիների որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքի անխտիր պահպանումը, որի համար անհրաժեշտ է անվճար բժշկության ծառայությունների որակի բարելավում եւ ըստ տարածաշրջանների դրանց հասանելիության միանման մակարդակի ապահովում։ Կուսակցությունն առաջարկում է ընդունել «Բուժօգնության պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենք, որը հստակ կսահմանի պետության կողմից երաշխավորվող ժամանակակից բժշկական չափորոշիչները եւ անվճար բուժօգնության ծավալները։ Կարեւորվում են ազգաբնակչության պարտադիր անվճար դիսպանսերիզացիայի համակարգի ներդրումը, առողջ ապրելակերպի նոր ազգային վարվելակերպի քաղաքականության մշակումն ու իրականացումը, պետական աջակցությամբ մասնագիտական բժշկական կենտրոնների ստեղծումը, գյուղական ամբուլատոր ծառայությունների վերազինումն ու արդիականացումը, ինչպես նաեւ անորակ բուժման համար պատասխանատվության խստացումը։ Առողջապահության ոլորտում իրականացվող քայլերը պետք է ուղղված լինեն վերականգնողական բժշկությունից դեպի կանխարգելիչ առողջապահության անցմանը։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերը առաջնահերթ խնդիրների շարքում նշում են նաեւ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը, բնակչության՝ որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքը, բժշկական օգնության եւ ծառայությունների որակի բարձրացումն ու դեղորայքային մատչելիության ապահովումը։ hhpress.am