Սահմանադրական քննարկումները շարունակվում են
Նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը քննարկումների փուլում է։ Կարծիքները տարբեր են, հաճախ հակասական, սակայն քննարկումների փուլը հենց այդ էլ ենթադրում է։
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ գոհունակություն է հայտնել այն փաստից, որ «Մարդու իրավունքների գլուխը մեծացել է»։
Նախագծով ամրագրված 100 տոկոս համամասնական ընտրակարգի առումով Ալավերդյանը պարզաբանումների կարիք է տեսնում։ Միաժամանակ շատ կարեւոր է համարում, որ այս գործընթացով իշխանությունը կարողանա ժողովրդի վստահությունը շահել. «Սահմանադրությունը լոկ իրավաբանների գործը չէ։ Ես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չտեսա պրոֆեսիոնալ քաղաքագետների, բարձր մակարդակի հասարակագետների, սոցիոլոգների, ես այնտեղ նաեւ չեմ տեսնում բարձր որակ ունեցող հոգեբանների։ Ես կարծում եմ՝ սա ամենակարեւոր բանն է, որ պետք է արվեր։ Սահմանադրությունը ոչ միայն իրավական, այլեւ մարդկանց հոգեկերտվածքը փոխող փաստաթուղթ է»։
Անդրադառնալով նախագծում նորություն հանդիսացող ընտրիչների ինստիտուտին՝ Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ընտրիչները չեն կարող լինել արդեն իսկ ընտրված մի համակարգի, մի իշխանական ուժի ներքո, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ՝ հիշեցնելով, որ, օրինակ, ԱՄՆ—ում ընտրիչները հատուկ ընտրվում են որպես ընտրիչ։
«Panorama.am»—ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը Սահմանադրության նախագծի (1—7 գլուխներ) շուրջ քննարկումներից եզրակացրել է, որ մեծ մասն ուշադրությունը կենտրոնացրել է կառավարման համակարգի վրա՝ անտեսելով մարդու իրավունքներին վերաբերող հատվածը։ Մինչդեռ մասնագետի խոսքով, մարդու իրավունքների վերաբերյալ գլխում «շատ լավ» նորամուծություններ են կատարվել։
Բուռն քննարկումների առիթ է դարձել, մասնավորապես, Ազգային ժողովի ձեւավորմանն ու գործառույթներին վերաբերող գլուխը, որի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը։ Նա նկատել է, որ մարդիկ մտավախություն ունեն, թե կլինի բացարձակ ու անկառավարելի մեծամասնություն՝ ժողովրդավարության մեխանիզմներից, հանրային վերահսկողությունից դուրս։
Բայց, իրավաբանի խոսքով, դրան հակակշիռ այլ մեխանիզմներ էլ են Սահմանադրությամբ ներմուծել, որոնք հնարավորություն կտան փոքրամասնությանը կառավարության աշխատանքը վերահսկել հանձնաժողովներում ու հասնել հաջողությունների։ Այսինքն, ԱԺ—ում ստեղծվելիք հանձնաժողովներում ոչ թե մեծամասնական կարգով է հարցերը լուծվելու, այլ որակական քվեարկության արդյունքում։
Բացի մշտական ու ժամանակավոր հանձնաժողովներից, Սահմանադրության նախագիծը սահմանում է նաեւ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովների ստեղծում, ինչը Արա Ղազարյանը առաջընթաց քայլ է համարում։
Որոշ առանցքային դեպքերում Սահմանադրության նախագծում հարցերի ընդունումը զուտ մեծամասնություն է պահանջում, օրինակ՝ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելը, ինչի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջ։ Միեւնույն ժամանակ, ԱԺ նիստը կարող է իրավազոր համարվել, եթե մասնակցում է պատգամավորների կեսից ավելին եւ ոչ թե մեկ քառորդը։
Ըստ Արա Ղազարյանի, Ազգային ժողովում ուժերի, տեղերի բաշխման վերաբերյալ շատ հարցերի պատասխաններ կարող է տալ ընտրությունների անցկացմանը վերաբերող բաժինը, որը դեռեւս հրապարակված չէ. «Սկզբունքորեն լավ մեխանիզմ է եւ թվում է, թե այդպես էլ պետք է լինի, եթե երկիրը պառլամենտական երկիր է, պետք է կայուն մեծամասնություն լինի, որ իրերը տեղից շարժվեն։ Մյուս կողմից՝ այն քաղաքական մշակույթը, որ մենք ունենք եւ այն վատ ընտրական ավանդույթները, որ ժառանգել ենք, կարող է հանգեցնել բացարձակ մենիշխանությանը։ Ամեն ինչ կախված է ընտրություններից՝ եթե ընտրությունների լեգիտիմությունը ապահովվի, եւ հանրության բոլոր շերտերը ներկայացնող խմբավորումներն անցնեն Ազգային ժողով, այսինքն, եթե Ազգային ժողովը լինի ներկայացուցչական, ապա այդ դեպքում այս համակարգը կաշխատի։ Ես միշտ ասել եմ՝ սա վատ մեխանիզմ չէ, եթե ընտրությունների լեգիտիմությունը ապահովվի»։
Սահմանադրության նախագծի վերաբերյալ ընդդիմախոսների պնդումները, թե իշխանությունները Սահմանադրական հեղափոխություն են փորձում կատարել՝ հաստատելով միակուսակցական իշխանություն, Արա Ղազարյանը չափազանցված է համարում. «Պառլամենտարիզմում պետք է լինի կայուն մեծամասնություն, հակառակ դեպքում իրերը տեղից չեն շարժվի։ Բայց ամբողջ հարցն է, թե ա) հակակշռող ինչ մեխանիզմներ են առաջարկում եւ բ) քաղաքական ինչ մշակույթ կա։ Որոշ առումով ես մտածում եմ, որ սա կարող է տանել մենիշխանության, բայց ոչ նման բացարձակ տոնայնությամբ եւ նման պոպուլիստական գնահատականներով։ Չէ՞ որ միշտ էլ մեծամասնություն պետք է լինի, վերջ ի վերջո իրերը որոշում է մեծամասնությունը, բայց կարեւոր է նաեւ, թե մեծամասնությունը կարո՞ղ է հարց լուծել, թե՞ ոչ։ Այստեղ որոշ նման հակակշիռներ լինելու են։ 12 մշտական հանձնաժողովներ են լինելու, որոնք հետեւելու են կառավարության աշխատանքին»։
«Tert.am»—ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նախագծում նախատեսված նախագահի 7 տարով պաշտոնավարելու ժամկետը մեծ թիվ է համարել։ Նա նախընտրում է 4 կամ 5 տարով նախագահելը։
Ինչ վերաբերում է երկրի կառավարման համակարգին, նա ասել է, որ այդ հարցում սուբյեկտիվ մոտեցում ունի եւ նախընտրում է նախագահական կառավարման համակարգը. «Ես ինքս ցանկանում եմ, որ նախագահը հայկական պետության քաղաքացիներին ներկայացվող եւ ներկայանալի անձնավորություն լինի, դեմոկրատական ընտրություններով ընտրված գրեթե թագավոր, լինի օրինակելի մարդ, ունենա օրինակելի ընտանիք»։
Ազատ Արշակյանի խոսքով, մասնագետների, իրավաբանների կողմից ներկայացվող տարբեր հիմնավորումները ավելի շատ խճճում են պատկերացումները առաջարկված այդ յոթ գլուխների վերաբերյալ. «Պառլամենտական կառավարման համակարգը շատ լավն է, սակայն դրա տակ կա անցած կուլտուրա, անցած կառավարման փորձ կա»։
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանը նշում է. «Սահմանադրության իմաստը իրավական, քաղաքական նպատակները շարադրելն է, եւ ներկայացված նախագծում այս հնարավորություններն օգտագործվել են»։
Նրա խոսքով, էական է, որ նոր նախագծում ամրագրվում է՝ ոչ թե պետությունը, այլ իշխանությունն է սահմանափակված մարդու հիմնարար իրավունքներով ու ազատություններով։ Այս նախագծի տարբերությունը նախորդ եւ գործող Սահմանադրություններից, ըստ Հարությունյանի, նաեւ այն է, որ այս տարբերակում ամրագրվում է, որ իշխանությունը պատասխանատվություն է, ապա նոր իրավունք։
Պատգամավորը կարծում է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պահանջ Հայաստանում կար, իսկ դա արտահայտողները ընդդիմադիր քաղաքական ուժերն էին։
«Ավելին, ընդդիմադիր ուժերի կողմից առաջ քաշած արգումենտները հիմք են ընդունվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից Սահմանադրությունը բարեփոխելու համար»,–հայտարարել է Խ. Հարությունյանը՝ նկատելով, որ, օրինակ, ընդդիմության պահանջներից էր, որ անձնավորված քաղաքական իշխանություն Հայաստանում չլինի։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|