Մեր երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով
Հայաստանը շարունակում է «Ե՛վ... ե՛ւ»—ի քաղաքականությունը։ Դա եւս մեկ անգամ երեւաց Ռիգայում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այսպիսի արտաքին քաղաքականությունը ողջունում են։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով, Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է մանեւրի. «Անգամ ԵՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի եվրոպական կառույցների հետ հարաբերություններ ունենալու համար։ Եվրոպայից ամբողջությամբ կտրվելը վտանգավոր է Հայաստանի համար»։
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ ճիշտ մոտեցում է որդեգրվում՝ չբացառելով եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը. «Շատ կարեւոր է, որ կա ըմբռնում եվրոպական առաջատար երկրների կողմից։ Չպետք է հաճախ ենթարկվել սադրիչ եւ ոչ հայանպաստ հայտարարությունների, որոնք պարբերաբար հնչում են ադրբեջանամետ կողմերից։ Հարկավոր է զարգացնել հարաբերությունները»։ Նա հիշեցրեց հայտարարությունները, որոնք արվում էին ե՛ւ Հայաստանի նախագահի, ե՛ւ եվրոպական այնպիսի առաջատար երկրների կողմից, ինչպիսին օրինակ՝ Գերմանիայի Դաշնությունն է, այն մասին, որ հնարավոր է զարգացնել նաեւ Հայաստան—ԵՄ եւ Հայաստան—ԵՄ երկրներ հարաբերությունները։ «Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են պետք»,–ասաց նա։
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նկատեց. «Մենք կարեւորում ենք հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, փոխշահավետ փոխգործակցությունը։ Լինելով ԵՏՄ անդամ՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս հեղինակավոր կազմակերպությունների, մասնավորապես ԵՄ—ի հետ շարունակենք բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Մեր պատկերացումներով հսկայածավալ աշխատանք պետք է իրականացվի այս ուղղությամբ։ Որոշակի աշխատանք արդեն կատարվում է, եւ ականատես ենք լինում, որ դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքները երաշխավորելու եւ պաշտպանության հարցերում բազմաթիվ են Եվրամիության եւ Եվրախորհրդի հետ փոխադարձ համագործակցության արդյունքում մեր երկրում կատարվող գործողությունները։ Ասածս վերաբերում է դատաիրավական բարեփոխումների, մարդու իրավունքները երաշխավորելուն, վիզային ռեժիմի դյուրացմանը եւ այլն»։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ շեշտեց. «Մենք մեր հարաբերությունները պետք է կառուցենք այնպես, որ ունենանք լավ հարաբերություններ ե՛ւ ԵՄ—ի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ—ի, ե՛ւ Իրանի, ե՛ւ, ինչո՞ւ ոչ, նաեւ մեր հարեւանների հետ։ Մենք պետք է հասկանանք, որ բոլորի հետ հարաբերությունների իրական բանալին նրանց շահերի ներդաշնակեցումն է»։
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը եւս համոզված է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը պետք է փորձի հնարավորինս խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ. «Տեղեկացանք Սերժ Սարգսյան—Անգելա Մերկել հանդիպման մասին, որը շատ կարեւոր էր այդ առումով, ինչպես նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդները համատեղ հռչակագիր ընդունեցին, որում խոսվում էր Հայաստան—Եվրամիություն համագործակցության խորացման մասին եւ առանձնահատուկ շեշտվում էր, «ե՛ւ... ե՛ւ»—ի առաջնահերթությունը»։
ԵՄ—ի հետ տնտեսական համագործակցություն խորացնելու առումով պատգամավորը կարեւորում է այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է օգտվել GSP+ համակարգի արտոնություններից. «Օրինակ՝ Հայաստանի ողջ թեթեւ արդյունաբերությունը՝ շուրջ 7000 անուն ապրանք, կարող է հանգիստ մտնել այդ արտոնությունների մեջ։ Ես ողջունում եմ դա եւ կարծում եմ, որ, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք շանս ունենք համաչափորեն նաեւ ինտեգրվելու Եվրոպական միությանը»։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ մինչ գագաթնաժողովը հանրապետության նախագահը ելույթ է ունեցել եւ ողջունել ոչ միայն գագաթնաժողովը, այլեւ այն հանգամանքը, որ համագործակցության ցանկությունը փոխադարձ է։
Նա ընդգծեց, որ Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը բավականին բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ԵՄ—ում, եւ այդ մասին նշեց Անգելա Մերկելը՝ բարձր գնահատելով Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը տարածաշրջանում լարվածությունն էլ ավելի չմեծացնելու առումով։ «Համոզված եմ, որ մենք ճանապարհ կգտնենք ԵՄ—ի հետ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական համագործակցությունն ուժեղացնելու համար»,–եզրափակեց Գագիկ Մելիքյանը։
Իսկ Եվրոպայի ժողովրդական կուսակցության առաջնորդները նախօրեին Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ ընդունել են «Արեւելյան գործընկերության» վերաբերյալ հայտարարություն՝ հաստատելով վերջինիս ռազմավարական կարեւորությունը։
«ԵԺԿ —ն ձգտում է մեր արեւելյան հարեւանության անվտանգության եւ զարգացման ապահովմանը։ Արեւելյան գործընկերության նախորդ գագաթնաժողովից ի վեր մենք նշանակալի ջանքեր ենք ներդրել Արեւելյան գործընկերության ծրագիրը ամրապնդելու գործում։ ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երեք արեւելյան հարեւան պետությունները սկսել են դրա ներդրումը, որն արդեն հստակ օգուտներ է ընձեռել մարդկանց»,–ընդգծել է Ժոզեֆ Դոլը, հայտնում են ԵԺԿ մամուլի ծառայությունից։
ԵԺԿ—ն իր գոհունակությունն է հայտնել ԵՄ—Հայաստան համագործակցությունն ամրապնդելու հարցում հայկական կողմից պատրաստակամության առնչությամբ։ «Եվրամիությունը հետագայում էլ ուսումնասիրելու է ապագա երկկողմ համագործակցության հնարավոր շրջանակներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, մարդու իրավունքները, կաշառակերության դեմ պայքարը, շարժունակությունը եւ վիզային ռեժիմի դյուրացումը»,–ընդգծել է Ժոզեֆ Դոլը։
Նշենք, որ հայկական պատվիրակությունը հաստատել է հայտարարությունը որոշակի վերապահումներով մի քանի պարբերություններում։
Մեկնաբանում են քաղաքագետները
Անդրադառնալով «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, ինչպես նաեւ ՀՀ—ԵՄ հարաբերությունների հեռանկարին՝ «Panorama. am»—ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատել է, որ գրեթե բոլոր զարգացումները եւ գործընթացները կանխատեսելի էին։ «Դա վերաբերում է ե՛ւ հնչած դիրքորոշումներին, ե՛ւ որոշ մասնակից երկրների պահանջներին, եւ Եվրոպայում կարեւորագույն դերակատարում ունեցող երկրների ղեկավարների մոտեցումներին։ Հստակ է, որ որոշ երկրների՝ գագաթնաժողովից ակնկալվող լուրջ սպասումները այդքան էլ արդարացված չէին։ Այս տեսանկյունից՝ վերջինների մոտ առկա է որոշակի հիասթափություն։ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո տեղի էին ունեցել լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Փոփոխվել են նաեւ «Արեւելյան գործընկերության» ծրագրին մասնակցող որոշ երկրների դիրքորոշումները։ Նման պայմաններում ընդհանուր հռչակագրի համատեղ ընդունումը դառնում էր գրեթե անհնարին։ Երկրներն ունեն բոլորովին տարբեր մատեցումներ։ Ադրբեջանը ընդհանրապես խուսափում է որեւէ ներգրավվածությունից։ Արդյունքում՝ կա այն ինչ կա»,–ասել է նա։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հարկ է նշել, որ, ի տարբերություն Վիլնյուսի գագաթնաժողովից եւ 2013թ. սեպտեմբերից հետո ստեղծված իրավիճակի, ներկայումս բոլորը հասկացել եւ ընկալել են Հայաստանի դիրքորոշման պրագմատիզմը, որը մեր Եվրոպական գործընկերների կողմից այս անգամ ավելի շուտ դիտարկվում է դրական լույսի ներքո։ Արդյունքում նախատեսվում է մշակել եւ ստորագրման պատրաստել նոր փաստաթուղթ, որը կներառի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական բաղադիչները»,–հավելել է քաղաքագետը։
Ս. Մինասյանի կարծիքով, ԵՄ—ն ընկալել եւ ընդունել է Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը։
«ԵՄ—ն ընդունել է շատ կարեւոր մեկ այլ հանգամանք, որի մասին նախօրեին ԵԺԿ նիստում նշել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առ այն, որ Հայաստանն իր դիրքորոշմամբ եւ որդեգրած քաղաքականությամբ խնդիրներ եւ պրոբլեմներ չի ստեղծելու ո՛չ հետխորհրդային տարածքում եւ ո՛չ էլ ԵՄ—ի համար»,–ասել է Սերգեյ Մինասյանը։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով էլ՝ «Արեւելյան գործընկերության» ծրագրի ապագայի հարցով վերջին տարիներին առկա էին տարբեր մոտեցումներ։
«Հնչում էին կարծիքներ, որ Ռիգայի գագաթնաժողովը կարող է լինել այսպես ասած՝ հիասթափության գագաթնաժողով։ ԵՄ—ի կողմից նախատեսված մաքսիմում ծրագիրը այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ավելին՝ առկա իրողություններում ծրագրի մասնակից եւ ԵՄ—ի հետ սահմանակցող երկրներում կայունության հաստատման խնդիրը դարձավ առաջնային։ Սա բնականաբար առաջին հերթին վերաբերում է Ուկրաինային, որոշ չափով նաեւ Մոլդովային։ Մյուս կողմից՝ ԵՄ—ն որոշակի բանականություն է ներդնում այս գործընթացի մեջ՝ փոփոխության ենթարկելով սեփական ծրագրերը։ Եթե նախկինում բոլոր երկրների դեպքում կիրառվում էր գրեթե նույն ռազմավարությունը, եւ առկա էին միանման ակնկալիքներ, այժմ հին աշխարհամասում հասկանում են, որ բոլորի նկատմամբ հավասարեցված մոտեցումը իրեն չի արդարացնում։ Առկա պայմաններում ԵՄ—ն փորձում է հաշվի առնել թե՛ երկրների զարգացման ներքին տրամաբանությունը եւ թե՛ տարածաշրջանային զարգացումները»,–ասել է Ա. Մարկարովը։
Քաղաքագետը եւս կիսում է այն տեսակետը, որ Բրյուսելում սկսել են հաշվի նստել Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության եւ դրա շարժառիթների հետ։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հարկ է նշել, որ մեր պարագայում իրավիճակը որոշակի չափով փոխվել է։ Նախնական իրավիճակում մենք ունեինք ասոցացման մասին համարյա թե պատրաստ փաստաթուղթ, սակայն անցյալ տարվա սեպտեմբերի 3—ից հետո աշխարհաքաղաքական իրողությունները լրջագույն փոփոխություններ կրեցին։ Հայաստանը ընտրեց Եվրասիական ինտեգրման ուղղությունը, եւ առկա պայմաններում անհրաժեշտ էր մշակել ԵՄ—Հայաստան համագործակցության նոր ձեւաչափ։ Մյուս կողմից՝ պաշտոնական Երեւանը բազմիցս շեշտել է, որ պատրաստ է ԵՄ—ի հետ իրականացնել ծրագրեր եւ շարունակել համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, կառավարումը եւ քաղաքացիական հասարակության զարգացումը»,– հավելել է Ա. Մարկարովը։ hhpress.am
|