Կձեւավորվի՞,
արդյոք, նոր կոալիցիա, թե՞ ոչ։ Կոալիցիայի լինել—չլինելը շարունակում է
մնալ Հայաստանում հետընտրական շրջանի ամենաքննարկվող հարցը։
Այս հարցին
եւ այն ամենին, թե ինչ է լինելու առաջիկայում, երեկ անդրադարձավ ԱԺ ՀՀԿ
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Թեպետ Հանրապետական
կուսակցությունը ունի մեծամասնություն, բայց Գ. Սահակյանի կարծիքով, ճիշտ
կլինի, որպեսզի քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը։ Այստեղ
հարցը մեծամասնություն ունենալը եւ օրենսդրական նախաձեռնությունները
օրենքի վերածելը չէ, այլ այն, որ կոալիցիան նպաստում է երկրի կայուն
զարգացմանն ու փոխըմբռնմանը. «Մեծ պատասխանատվության բեռը մեր ուսերին ենք
կրում, բայց պատրաստ ենք գործիքներ տրամադրել նաեւ նրանց, ովքեր երկրի
համար կարող են օգտակար բան անել՝ միաժամանակ հնարավորություն տալով
կատարել իրենց իսկ խոստումները»։ Այս ամենով հանդերձ կոալիցիայի
ձեւավորումը կարծես մի փոքր ուշանում է։ Բայց դա, ըստ Գ. Սահակյանի,
պայմանավորված չէ նրանով, որ կոալիցիա կազմելու հավանական թեկնածու ԲՀԿ—ն
կասկածում է եւ ինչ–որ բան է ուզում ստանալ կոալիցիոն գործընկեր դառնալու
համար։ Համենայն դեպս, նրանք այդպիսի բան չեն ասել։ «Չեմ կարծում, թե Գագիկ
Ծառուկյանը հապաղում է, կարծում եմ՝ ներկուսակցական խնդիրներ կան, այդ
պատճառով էլ դեռեւս քննարկումներ են անցկացվում»,— նշեց պատգամավորը։ Նա
միեւնույն ժամանակ ընդգծեց, որ անիմաստ է կոալիցիա կազմել այն
կուսակցության հետ, որը նախագահական ընտրությունների ժամանակ կունենա իր
թեկնածուն։ «Չի լինի, որ երեք—չորս ուժեր համախմբվեն, մեկն ասի՝ ես իմ
նախագահի թեկնածուն ունեմ, մյուսն էլ ասի՝ ես էլ՝ իմ։ Դա անհնար բան է,
որովհետեւ կոալիցիա կազմելը որոշակի ծրագիր է ենթադրում, այսինքն՝ նախագահի
ընտրությունը պետք է ընթանա համատեղ ուժերով, դա ամենակենտրոնական
խնդիրներից մեկն է»,–ասաց Գ. Սահակյանը։ Գալուստ Սահակյանի խոսքերով,
քարոզարշավը նմանվում է հաճախ «Սուտլիկ որսկանի» հեքիաթին կամ ազարտային
խաղի, երբ մարդիկ անձնական վիրավորանքներ են հասցնում եւ մեղադրանքներ,
բայց ընտրություններից հետո պետք է ամեն ինչ վերանձնային մակարդակի
բարձրանա։ Նա ընդգծեց, որ ընտրական շրջանում իրենք հանդուրժող վերաբերմունք
են ցուցաբերել այն ուժերի նկատմամբ, որոնք փորձել են վիրավորել ՀՀԿ—ին,
համբերել են, որպեսզի քաղաքական լարվածություն չլինի։ «Եթե կոալիցիա ձեւավորվի, ապա այդ դեպքում չպետք է լինի անձնական շահի առաջ մղումը, դա պետք է լինի ի շահ պետության»,— ասաց նա։ Իսկ
թե ի վերջո կձեւավորվի՞ կոալիցիա, թե՞ ոչ, նա չցանկացավ ասել, քանի որ դա
կարող է հնչել որպես պաշտոնական տեսակետ։ Միայն տեղեկացրեց, որ նման
քննարկում չի եղել, ամեն ինչ բաց է եւ թափանցիկ։ Քննարկման դեպքում
լրագրողները անհապաղ կիմանան այդ մասին։ Հայտնի չէ նաեւ՝ դա լինելու է
կոալիցիա, թե պարզապես համաձայնագիր։ Այս հարցերը կպարզվեն առաջիկայում՝
մինչեւ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի սկիզբը։ Գալուստ Սահակյանը խոսեց
նաեւ մյուս կուսակցությունների հետ փոխհարաբերություններից։ ՕԵԿ—ի
դիրքորոշումը պարզ է, կանխատեսելի. այն այնպիսին է, ինչպես ՀՀԿ—ինը։
Կուսակցությունը ճշտումներ է կատարում նաեւ մյուս ուժերի՝ «Ժառանգության»
ու Դաշնակցության հետ փոխհարաբերություններում։ Բացի ՀԱԿ—ից, ՀՀԿ—ն պատրաստ
է բոլոր ուժերի հետ համագործակցության եզրեր փնտրել։ «Բոլոր քաղաքական
ուժերը պետք է կարողանան փոխադարձ համաձայնությունների գալ, եւ եթե դրանք
ճիշտ ուղղորդվեն, ապա նախընտրական շրջանում բարձրացված խնդիրները կգտնեն
իրենց լուծումները»,— ասաց նա։ Որքան ավելի լայն լինի
փոխհամաձայնությունների շրջանակը, այնքան դրանք կարող են առավել մեծ
արդյունքի հանգեցնել։ Անդրադառնալով մյուս հարցերին՝ Գալուստ Սահակյանը
նշեց, որ ինքնաբացարկներ սպասվում են, կան արդեն դիմումներ, որոնց թվում,
սակայն, չկա դիմում Գագիկ Բեգլարյանի կողմից։ Իսկ թե ինչ է նախատեսված
Հովիկ Աբրահամյանի համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բարձր
դերակատարում է ունենալու։ Եվ առհասարակ, ես ուզում եմ, որ Հանրապետական
կուսակցության զարգացման համար կարեւոր դերակատարում ունեցողները բարձր
դերակատարում ունենան երկրի զարգացման գործում»։
Հ. Գ. Ի դեպ,
Գալուստ Սահակյանը թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով հաղթելու
առիթով «Փարվանայում» խնջույք կազմակերպելու եւ Նիկոլ Փաշինյանին
հրավիրելու Սամվել Ալեքսանյանի մտադրությունը անվանեց «մեծ գաղափար» եւ
հավելեց. «Աստված թող Սամվել Ալեքսանյանի ձայնը լսի, որպեսզի եւ
դիմությունը, եւ ընդդիմությունը իրար հետ քեֆ անեն, էս ժողովուրդն էլ
հանգիստ կապրի»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|