Մայիսի
15—ին Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իշխանությունը կփոխանցի
նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Կիրակի օրը կայացած նախագահի
ընտրության երկրորդ փուլում սոցիալիստ թեկնածուն ձայների շուրջ 52 տոկոսով
հաղթել է ընտրապայքարում՝ հետեւում թողնելով Սարկոզիին։ Վերջնական
արդյունքները պետք է 10 օրվա ընթացքում հաստատվեն Սահմանադրական խորհրդի
կողմից։
1981 թվականից ի վեր սա Ֆրանսիայում առաջին նախագահական
ընտրությունն էր, որտեղ գործող նախագահը պարտություն կրեց պաշտոնավարման
առաջին ժամկետի ավարտին։ Այսպիսով, 17 տարի անց Ֆրանսիան կրկին ունենալու է սոցիալիստ նախագահ։ Փարիզում հանդես գալով իր կողմնակիցների առջեւ՝ Սարկոզին ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել է Օլանդին։ Արեւմտյան
լրատվամիջոցները փաստում են, որ Օլանդի հաղթանակը կարող է մեծ
ազդեցություն ունենալ Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի հանգուցալուծման,
տնտեսական զարգացման եւ անգամ Աֆղանստանից ֆրանսիացի զինվորների
դուրսբերման վրա։ Այսօր Սարկոզին եւ Օլանդը կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմի հերթական տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Թուրքիայում
ոգեւորությամբ է ընդունվել Սարկոզիի հեռանալու լուրը։ Էրդողանը, այսպիսով,
հույս է հայտնել, որ ի վերջո կկարգավորվեն թուրք—ֆրանսիական
հարաբերությունները. «Եթե նախընտրական շրջանում իշխանությունների արած
պոպուլիստական հայտարարությունները կիրառվեն, ապա դա բացասաբար կանդրադառնա
թուրք—ֆրանսիական հարաբերությունների վրա»։ Մինչդեռ նախընտրական
շրջանում Օլանդը խոստացել է քրեականացնել ցեղասպանության ժխտումը,
Ֆրանսիայում հիմնել Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ Հայոց
ցեղասպանության ճանաչման հարցը դարձնել նախապայման՝ ԵՄ—ին Թուրքիայի
անդամակցության ճանապարհին։
Ընդդիմությունը հաղթում է Սերբիայում
Սերբիայի
ընդդիմադիր «Առաջ տանենք Սերբիան» կոալիցիայի կազմի մեջ մտնող Տոմիսլավ
Նիկոլիչի առաջադիմական կուսակցությունը կիրակի երկրում տեղի ունեցած
խորհրդարանական ընտրություններից հետո նախնական տվյալներով հավաքել է
ձայների 24.7 տոկոսը։ Երկրորդ տեղում է հայտնվել երկրի նախկին նախագահ
Բորիս Տադիչի Դեմոկրատական կուսակցությունը՝ 23.2 տոկոսով։ Նրան հաջորդում
են փոխվարչապետ Իվիցա Դաչիչի Սոցիալիստական կուսակցությունը (16.6 տոկոս),
Վոիսլավ Կոշտունիցայի «Սերբիայի ժողովրդավարական կուսակցությունը» (7.2
տոկոս) եւ Լիբերալ դեմոկրատների «Շրջադարձ» շարժումը։ ԿԸՀ–ի
ներկայացուցիչները նշել են, որ հրապարակված արդյունքներում ներառված չեն
Կոսովոյում եւ Մետոխիայում ապրող համաքաղաքացիների ձայները, որոնք
կհաշվարկվեն միայն ավելի ուշ։ Անկախ Կոսովոյում քվեարկության
արդյունքներից՝ մայիսի 20—ին Սերբիայում կկայանա նախագահի ընտրությունների
երկրորդ փուլը, որտեղ պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն Բորիս
Տադիչը եւ Տոմիսլավ Նիկոլիչը։ Կիրակի օրը կայացած առաջին փուլում նրանք
հավաքել են քվեների, համապատասխանաբար, 26,8 եւ 25,6 տոկոսը։
Հունաստանի խորհրդարանում առաջին անգամ կհայտնվի ազգայնական կուսակցություն
Հունաստանի
Նոր ժողովրդավարություն եւ Համահունական սոցիալիստական շարժում (ՊԱՍՕԿ)
առաջատար կուսակցությունները միասնաբար մեծամասնություն չեն ստանում
խորհրդարանում, ինչը հարցականի տակ է դնում միայն նրանց մասնակցությամբ
կոալիցիոն կառավարության ստեղծման հարցը։ Երկրի ներքին գործերի
նախարարությունից հայտնել են, որ 99 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո
ՆԺ աջ կենտրոնամետ կուսակցությունը Հունաստանի 300 տեղանոց միապալատ
խորհրդարանի նոր կազմում կստանա 108 տեղ, արմատական ձախ ուժերի կոալիցիան
(ՍԻՌԻԶԱ)՝ 52 տեղ, ՊԱՍՕԿ—ը՝ 41 տեղ, «Անկախ հույները»՝ 33 տեղ, Հունաստանի
կոմունիստական կուսակցությունը] 26 տեղ, աջ ծայրահեղական (նեոնացիստական)
«Խրիստի Ավգին»՝ 21 տեղ, Դեմոկրատական ձախերը՝ 19 տեղ։ Այսպիսով, Նոր
ժողովրդավարությունը եւ ՊԱՍՕԿ—ը՝ միակ կուսակցությունները, որոնք
բյուջետային խնայողության միջոցների շուրջը միջազգային վարկատուների եռյակի
(Եվրամիություն, Եվրոպայի կենտրոնական բանկ եւ ԱՄՀ) հետ համաձայնություն
են ձեռք բերել ավելի քան 130 միլիարդ եվրո գումարի վարկերի դիմաց, ստանում
են միայն 149 տեղ, իսկ խորհրդարանում անկայուն կոալիցիայի համար անհրաժեշտ է
առնվազն 151 տեղ։ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ
Անտոնիս Սամարասը նախագահ Կարոլոս Պապուլիասից 3 օր ժամանակ կստանա՝
կոալիցիոն կառավարություն ձեւավորելու հարցում այլ կուսակցությունների հետ
համաձայնության գալու համար։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից
հետո երեկ երկրի ժամանակավոր անցումային կառավարության ղեկավարի պաշտոնից
իր հրաժարականի մասին է հայտարարել Լուկաս Պապադիմոսը։ Նա ասել է, որ
անցումային կառավարությունը կատարեց իր հիմնական խնդիրը՝
պայմանավորվածության հասավ Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի
հետ 130 մլրդ եվրո վարկի հատկացման հարցում, նաեւ երկրում անցկացվեցին
արտահերթ խորհրդարանական ընտություններ։
Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները
Երեկ
խորհրդարանական ընտրություններ են անցկացվել նաեւ Սիրիայում, որոնք կես
դար անց առաջին անգամ տեղի են ունենում բազմակուսակցական համակարգով։
Սիրիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան քիչ թե շատ
համերաշխ պայմաններում։ Կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ
հրադադարի պահպանմանը հետեւում է ՄԱԿ—ի դիտորդական առաքելությունը։ Սիրիայի
Ազգային ժողովի 250 տեղին հավակնում են 7 հազար թեկնածու։ Աշխատավորների
եւ քրիստոնյաների համար քվորումները չեն փոխվել. նրանց հատկացված է 127
տեղ։ «Բահաս» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է մյուս
կուսակցությունների հետ հավասար հիմունքներով։ Մինչդեռ, ընդդիմադիր
կուսակցությունները կոչ են արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները՝
դրանք անվանելով ընտրությունների ծաղր։ Խորհրդարանական ընտրությունները
բոյկոտելու մասին հայտարարել են նաեւ սիրիացի արտաքսված ընդդիմադիրները։
|