ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 8 » Համաձայնությունները խախտողը մշտապես Ադրբեջանն է /ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Բազելում/
09:50
Համաձայնությունները խախտողը մշտապես Ադրբեջանն է /ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ Բազելում/

–Պարոն նախարար, կխնդրեի ամփոփեք՝ ինչպես է անցել նախարարական խորհուրդը, հատկապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի մասով։
Էդվարդ Նալբանդյան.
–Ինչպես գիտեք, ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհուրդը կարեւոր հանգրվան է՝ քննարկելու Եվրոպայի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր։
Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, եւ եռանախագահները որոշեցին առանձին՝ եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի եւ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից։
Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները եւս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը։ Ո՞ւմ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։
Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծում են, եւ դուք գիտեք, որ այս տարի 1994թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20—րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն։ Ո՞ւմ է դա ուղղված։ Հայաստանը եւ Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994թ. համաձայնությունը, ինչպես նաեւ 1995թ. փետրվարի հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագիրը, որը Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էր ստորագրված։ Ադրբեջանն է, որ միշտ խախտում է, չի հարգում դրանք։
Սա եւս մեկ առիթ էր եռանախագահների համար՝ ընդգծելու դրա կարեւորությունը, որովհետեւ այս տարվա ընթացքում, ցավոք, Ադրբեջանի կողմից բավականին լայնածավալ ռազմական գործողություններ էին անցկացվում թե՛ շփման գծում, թե՛ Հայաստանի հետ սահմանին, սադրանքներ էին իրականացվում, որոնք բերեցին բազմաթիվ մարդկային զոհերի եւ իրավիճակի լուրջ սրման։ Այդ մասին են խոսում եռանախագահները՝ հիշատակելով հատկապես հուլիս—օգոստոս ամիսների գործողությունները, որոնք ծավալվել էին ադրբեջանցիների կողմից։ Նրանք հղում են կատարում Աստրախանում ձեռքբերված պայմանավորվածություններին եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ ամրագրված է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցաբար անհապաղ փոխանակել ռազմագերիներին եւ վերադարձնել մահացած անձանց դիակները։
Առաջին. Ադրբեջանը այս հարցի շուրջ հրաժարվեց համագործակցել թե՛ համանախագահների, թե՛ Կարմիր խաչի հետ՝ առաջ քաշելով ինչ—ինչ նախապայմաններ։ Երկրորդ. ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել, երբ Ադրբեջանը ուղղաթիռի խոցումից հետո, որը եռանախագահները ողբերգական են անվանում, տասն օրվա ընթացքում ինտենսիվ կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով, որ փրկարար խմբերը, ԵԱՀԿ, Կարմիր խաչի ներկայացուցիչները մոտենան եւ տարհանեն զոհված երեք երիտասարդների դիակները։ Պարզ է, որ մարդասիրության որեւէ նշույլ այստեղ չկա։
Եռանախագահները շատ դիվանագիտական, ես կասեի՝ չափազանց դելիկատ լեզվով են խոսում. ասում են, որ կարելի էր խուսափել այդ ողբերգությունից, այսինքն՝ իրենք ուզում են ասել, որ պետք չէր դա անել, որ դա սխալ էր։
Դուք գիտեք, որ նախորդ հայտարարությունից հետո Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց եռանախագահների դեմ։ Չնայած նրանց կողմից նորից բավականին դիվանագիտական լեզվով էր ասվում, գնահատականն էր տրվում ուղղաթիռի խոցմանը։
Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները կոչ են անում կողմերին, նորից միջնորդների լեզվով են խոսում, բայց պարզ է, որ դա Ադրբեջանին է ուղղված, քանզի պարզ է՝ հենց Բաքուն է զինադադար խախտողը։ Պարզ է նաեւ, որ եթե Ադրբեջանը մշտապես մերժում է եռանախագահների առաջարկը՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ուստի դրանց հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։
–Պարոն նախարար, խոսվում է վստահության ամրապնդման կարեւորության մասին։ Արդյոք կա՞ն կոնկրետ առաջարկներ, թե՞ դա հերթական հերթապահ հայտարարությունն է։
–Հայտարարություններում, իհարկե, ընդհանուր գծերով է ասվում։ Բայց, իհարկե, կողմերին ներկայացված են կոնկրետ առաջարկներ վստահության միջոցների վերաբերյալ։ Դա մի փաթեթ է, որը բազմիցս ներկայացվել է եռանախագահների կողմից։
Ֆրանսիայի նախագահ Օլանդի վերջին տարածաշրջանային այցելության ժամանակ, երբ առաջարկվեց Փարիզում գագաթնաժողով կազմակերպել, վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ փաթեթ ներկայացվեց։
Հայաստանը միանգամայն կողմ է այդ առաջարկություններին։ Ադրբեջանը մերժեց բոլոր առաջարկությունները, որոնք արվել էին Ֆրանսիայի կողմից՝ վստահաբար՝ խորհրդակցաբար այլ եռանախագահող երկրների հետ։ Վեց—յոթ առաջարկից մի ինչ—որ բանի վրա կանգնեցին՝ Կարմիր խաչի միջոցով տեղեկությունների փոխանակման մասին։ Դա, իհարկե, Ֆրանսիայի կողմից եւ, ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում վստահության ամրապնդման առաջարկներից ամենակարեւորը չէ։
Այդ առաջարկները եւս մեկ անգամ վերահաստատվեցին Փարիզի հանդիպումից առաջ՝ Փարիզում Ադրբեջանը չցանկացավ անգամ քննարկել վերոհիշյալ վստահության ամրապնդման այդ միջոցները։
Իրենց պատճառաբանությունը այն է, որ վստահության ամրապնդման միջոցների մասին կարող ենք խոսել, երբ լինի առաջընթաց, երբ գանք հիմնախնդրի կարգավորմանը։ Դա շատ անտրամաբանական մոտեցում է, քանզի եթե գանք հիմնախնդրի կարգավորմանը, ապա վստահության միջոցների այս աստիճանի անհրաժեշտություն չի լինի։ Հենց դրա մասին են եռանախագահները խոսում իրենց վերջին հայտարարության մեջ՝ հետագա միջադեպերից խուսափելու եւ բանակցությունները առաջ մղելու նպատակով առավել նպաստավոր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու մասին։ Դա նաեւ թույլ չէր տա իրավիճակի վատթարացումը, սրումը, որը տեղի ունեցավ հատկապես վերջին շրջանում։
–Քանի որ խոսվեց Փարիզի մասին, մի հարց էլ տամ. համանախագահների երեկվա հայտարարության մեջ նշվում է, որ կարգավորման հիմք են հանդիսանում հատկապես Փարիզում քննարկված սկզբունքները։ Ինչի՞ մասին է խոսքը։
–Փարիզում քննարկվել է այն, ինչ քննարկվում էր վերջին տարիների բանակցային գործընթացում։ Չէի ասի, որ որեւէ նոր բան է քննարկվել։
Համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ հատուկ ընդգծում են այն հայտարարությունները, որոնք արվել էին եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով։ Խոսքը հինգ հայտարարությունների մասին է, որոնք ընդունվել էին ԼÕԱկվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եւ Էնիսկիլենում։ Եռանախագահները ընդգծում են, որ այդ հայտարարություններում պարունակվող սկզբունքները եւ տարրերը հիմնախնդրի կարգավորման հիմք են հանդիսանում։
Եթե Դուք ուշադրություն եք դարձնում նրան, որ խոսքը Փարիզում քննարկված ինչ—որ սկզբունքների մասին է…
Փարիզում առաջարկվել էր համատեղ հայտարարություն ընդունել եւ առաջարկվեց դրա մեջ ներառել երեք հայտնի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն, Ադրբեջանը դեմ դուրս եկավ համատեղ հայտարարության մեջ այդ սկզբունքների հիշատակմանը Դա էր պատճառը, որ միասնական հայտարարություն չեղավ։ Կարծում եմ՝ հենց սրա մասին են խոսում եռանախագահները։
Հիշեցնեմ, որ դեռ 2009թ. Աթենքում՝ ԵԱՀԿ—ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, արտգործնախարարների մակարդակով ընդունվեց հնգակողմ հայտարարություն՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների կողմից, որտեղ հենց այդ երեք սկզբունքները շատ հստակ ձեւով հիշատակված են։ Իսկ հիմա Ադրբեջանը, փաստորեն, հետքայլ է անում։
Ես երեկ իմ ելույթի մեջ էլ նշեցի, որ Ադրբեջանը, փաստորեն, հրաժարվել է հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկներից՝ լինի դա Կազանի վերջին գագաթնաժողովի ժամանակ կամ Կազանից առաջ Սոչիի, Սոչիից առաջ Աստրախանի, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգի։
Պայմանավորվում են ինչ—որ մի բանի շուրջ, հաջորդ օրը կամ ամենաշատը մի քանի օր անց ադրբեջանցիները հետքայլ են անում։ Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որը, փաստորեն, որեւէ վստահության նշույլ չի թողնում այս բանակցությունների ժամանակ։ Եթե կողմերը ինչ—որ պայմանավորվածության են գալիս, եւ նրանցից մեկը ամեն անգամ հետքայլ է անում, ինչպե՞ս կարելի է վստահել, հավատալ, որ բանակցում ես լուրջ մարդկանց հետ, որ հաջորդ անգամ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո դրանք հարգվելու են։
–Իսկ ե՞րբ են լինելու հաջորդ բանակցությունները։
–Բանակցություններին այլընտրանք չկա։ Դա է մեր սկզբունքային դիրքորոշումը։
Այս բավական բարդ իրավիճակը, որ ստեղծվել է ուղղաթիռի խոցման եւ Ադրբեջանի կողմից սադրանքների հետեւանքով, լրացուցիչ քայլեր է պահանջում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու բանակցություններն առաջ տանելու նպատակով։
Ադրբեջանն իր սադրիչ հայտարարություններով, իր գործողություններով չի նպաստում այդպիսի պայմանների ստեղծմանը, տրամագծորեն հակառակն է անում։ Այս շրջանում առաջին հերթին ջանքերը պետք է ուղղվեն բանակցությունների համար համապատասխան, գոնե մինիմալ պայմանների ապահովմանը։
–Պարոն նախարար, այս վերջին հայտարարությունում նշվում է, որ մենք կողմերին կոչ ենք անում to negotiate comprehensive peace agreement, այսինքն՝ համապարփակ համաձայնություն, որը, կարծես, համահունչ է այն ձեւակերպման հետ, որի մասին պարբերաբար նշում է Մամեդյարովը, իսկ մենք ասում ենք, թե՝ ինչպե՞ս կարող ենք դա քննարկել, եթե այդ սկզբունքները դուք մերժում եք։
–Դա այդքան էլ այնպես չէ, ինչպես որ ասում է Մամեդյարովը. նա այդպես մեկնաբանում է, փորձում է ներկայացնել իր ցանկացածը որպես իրականություն։ Եռանախագահները առաջին հերթին հղում են կատարում հայտնի հինգ հայտարարություններին։ Իսկ ի՞նչ է ասվում եռանախագահող երկրների ղեկավարների այդ հինգ հայտարարությունների մեջ. պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կտա սկսելու համապարփակ խաղաղության պայմանագրի մշակումը։
Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, եւ դրան իր համաձայնությունը տա նաեւ Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը։
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչություն
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 342 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024