ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 10:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » Կորուստները հնարավորինս նվազեցնելը օրախնդիր է դառնում /Մանավանդ որ, սակագնում նաեւ կորուստներն են հաշվարկվում/
15:12
Կորուստները հնարավորինս նվազեցնելը օրախնդիր է դառնում /Մանավանդ որ, սակագնում նաեւ կորուստներն են հաշվարկվում/

Մեր երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի թե՛ տեխնոլոգիական եւ թե՛ փաստացի կորուստների մեծությունները, դրանց առաջացման պատճառներն ու աղբյուրներն ուսումնասիրելու նպատակով 6 ամիս առաջ երկրի ղեկավարության հանձնարարությամբ ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի կարգադրությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որում ընդգրկվել էին նախարարության եւ էներգետիկայի ոլորտի փորձագետները։
Երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում հրավիրած մամլո ասուլիսում փոխնախարարներ Արեգ Գալստյանը եւ Իոսիֆ Իսայանը մանրամասնեցին ուսումնասիրության արդյունքը, խնդիրների լուծման իրագործման պայմանները եւ հեռանկարները։ Ասուլիսին ներկա էին նաեւ «Հաշվարկային կենտրոնի» տնօրեն Սամվել Կարապետյանը եւ էներգետիկայի ինստիտուտի տնօրեն Լեւոն Աղեկյանը, ովքեր խնդիրը քիչ ավելի մասնագիտական եզրույթում պարզաբանեցին։
Հետազոտությունների արդյունքները այս ընթացքում պարբերաբար քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ։ Մշակվել է առաջարկների փաթեթ՝ ուղղված էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգետիկական հաշվառման համակարգի արդիականացմանն ու կորուստների նվազեցմանը։ Մշակված 24 առաջարկներից 13—ն ունեն կազմակերպչական եւ նորմատիվաիրավական բնույթ, իսկ մնացածը վերաբերում են օգտագործվող սարքերն եւ սարքավորումները, հաշվառման համալիրները եւ դրանց ուրվակներն (սխեմաները) արդիականացնելուն։
Աշխատանքային խմբի փորձագիտական գնահատման համաձայն՝ փոքր ներդրումներ պահանջող առաջարկների իրականացումը մոտ 2 տարվա ընթացքում կբերի փաստացի կորուստների նվազմանը 1—1.2%—ով, այդ թվում՝ տեխնոլոգիական կորուստների նվազմանը՝ 0.3—0.5%—ով։ Իսկ եթե առաջարկներն ամբողջությամբ իրագործվեն, ապա դա, նախնական գնահատմամբ, կհանգեցնի այն բանին, որ փաստացի կորուստները կնվազեն շուրջ 2%—ով։
Ըստ Ի. Իսայանի, ոլորտում սակագները հաշվարկվում են էլէներգիայի հաշվեկշռի հիմամբ, եւ տարվա ընթացքում հաշվեկշռի շեղումները Հայաստանի էլցանցերում ստեղծում են ֆինանսական միջոցների պակասուրդ, դրա հետեւանքով՝ նաեւ վնասներ։ Իսկ գործող կարգի համաձայն, դա պետք է փոխհատուցվի երեք տարիների ընթացքում սակագների բարձրացման միջոցով։ «Սակագների վերջին երկու բարձրացումների պատճառներից մեկը եղել է հենց դա»,—ասաց փոխնախարարը։ Այդ ընթացքում Հայաստանի էլցանցերի չստացված հասույթը կազմել է 27.6 մլրդ դրամ։ Ներկայումս մշակվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի հզորության արտադրության, առաքման եւ սպառման կանխատեսվող հաշվեկշռի կազմման մեթոդիկա՝ հետագայում շեղումներից խուսափելու համար։ Այսօրվա դրությամբ արդեն առաջարկներ կան եւ էկոնոմիկայի նախարարությունից, եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, եւ ընդհանրապես էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներից։ Նախարարությունն ուզում է աշխատանքներն ավարտել «մինչեւ սակագների վերանայման առաջիկա շրջանը» (2015թ. հուլիսի 31—ն է,—Ա.Մ.)։
Ինչեւէ, ի՞նչ գործ է արել հիշյալ՝ 6 ամիս առաջ ստեղծված աշխատանքային խումբը։ Դարձյալ ըստ Ի. Իսայանի, ուսումնասիրվել են արտադրող կայաններում, բարձրավոլտ ցանցում եւ բաշխիչ ցանցում էլէներգիայի հաշվառման, համակարգում կորուստների պատճառները, դրանց կառուցվածքը, տեղեկատվության հավաստիությունը, դրա հասանելիությունը շուկայի մասնակիցների համար։ Ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթուղթը ներկայացվել է կառավարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ Հայաստանի էլցանցերին։ Վերջիններիս ղեկավարները, հիմք ընդունելով նախարարության առաջարկները, մշակել եւ հաստատել են 2015—2018թթ. էլեկտրական էներգիայի առեւտրային եւ տեխնոլոգիական կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիր։
Որպեսզի ավելի պարզ դառնա, թե սա ինչու է անհրաժեշտ, Ի. Իսայանը որոշակի թվեր մեջբերեց։ Ըստ այդմ, նախորդ տարվա փաստացի կորուստները կազմել են 13.36%։ Իսկ 2014—2015թթ. սակագնային տարվա համար ՀԾԿՀ—ի կողմից սահմանված մեծությունը 11.2% է։
Միջոցառումներ կան, որոնք ներդրումներ ու երկարատեւ ժամանակ չեն պահանջում։ Բայց կան նաեւ մեծածավալ ներդրումներ ու երկարատեւ աշխատանք պահանջող միջոցառումներ։
Փոխնախարար Արեգ Գալստյանը, խոսելով վերջին տարիների արած կարեւորագույն ծրագրից, մատնանշեց 220 եւ 110կՎ լարումների մակարդակներով ամբողջովին ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրումը։ Ինչը, ցավոք սրտի, չհաջողվեց անել բաշխիչ ցանցերի մասով, քանզի դա շատ թանկ հաճույք է։ Բայց, Ա. Գալստյանի խոսքերով, այստեղ էլ լուրջ նվաճումներ եղան՝ կորուստները նվազեցնելուն ուղղված։ Սակայն, ամեն դեպքում, վիճակը գոհացուցիչ չէ։ Ունենք հաշվարկային կորուստ (տեխնոլոգիական), որն անխուսափելի է, կորուստներ, որոնք դրվում են սակագների հաշվարկման հիմքում, եւ փաստացի կորուստներ, որոնք բարձր են։ Իրավիճակը գոհացուցիչ կլինի այն դեպքում, երբ սակագնի հիմքում դրվող եւ փաստացի կորուստները կմոտենան անխուսափելի կորուստների թվային ցուցանիշին։


Դրամի արժեզրկումը կազդի էլէներգիայի սակագնի վրա
 

«Սովորաբար, մեր երկրի վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ համակարգում խոսվում է կորուստներից, անկախ դրա ծագման պատճառներից ու վերացման հնարավորություններից՝ ելքը լինում է սակագների բարձրացումը։ Հիմա հանրությանը հերթական թանկացմա՞նն ենք պատրաստում». «ՀՀ»—ի հարցին ի պատասխան Արեգ Գալստյանը կրկին ուշադրությունը հրավիրեց կորուստների նվազեցման անհրաժեշտությանը։ Դա առանց ֆինանսի չի լինում, բայց շատ կարեւոր է, ուստի պիտի արվի փուլային՝ հնարավորինս մեղմելով ազդեցությունը սակագնի վրա։
Եթե սակագնի խնդիրը քննարկենք դոլար—դրամ հարաբերակցության ներկայիս պատկերը հաշվի առնելով, երբ դրամը օր առ օր մեծ տեմպերով արժեզրկվում է, ապա հնարավո՞ր է, որ հաջորդ տարվա օգոստոսի 1—ից՝ սակագների վերանայման առաջիկա շրջանից հետո կրկին էլէներգիայի թանկացում լինի։ Այս հարցին էլ ի պատասխան Արեգ Գալստյանը խնդրին խորքային տեսակետից մոտեցավ։ Այլ կերպ՝ հիմա մշակված է ամբողջ համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր։ «Որպեսզի կարողանանք պարտքերը, կուտակված վարկային ռեսուրսները մեկ օր շուտ վերադարձնել»։ Իսկ սակագնի վրա դրամի արժեզրկումը իր արտացոլումը կունանա։ «Եվ այս երեւույթը, որ մենք ունեցանք վերջին մեկ ամսվա ընթացքում, իհարկե, իր արտացոլումն ունի։ Միանշանակ դա մեր հաշվարկների եւ մեր մոտեցումների վրա իր ազդեցությունը կտա։ Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, առավել եւս թվային արժեքներով, ոչ մեկը հիմա չի կարող պատասխանել միանշանակ, բայց որ ազդեցություն կլինի, միանշանակ է»,—ասաց Ա. Գալստյանը։
Ի. Իսայանը լրացրեց, թե դեկտեմբերի 11—ին Հայաստանում էր բաշխիչ ցանցերի սեփականատերը՝ Ինտեր ՌԱՕ ԵԷՍ—ը։ Դեկտեմբերի 24—ին ընկերության խմբի հետ կլինի առաջին քննարկումը, որտեղ կարծարծվեն շատ հարցեր՝ ցանցի աշխատանքերից սկսած մինչեւ ֆինանսական առողջացում (վարկեր կան, որոնք վերցված են դոլարով)։
Հ. Գ. Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ կապված վերջին դեպքերի մասով (խոսվում է փոխտնօրենի կողմից փողերի լվացման մասին, եւ գործ է հարուցված) Արեգ Գալստյանն ասաց, որ կայանի տնօրենն ազատվել է սեփական դիմումի համաձայն. «Կարծում եմ՝ ճիշտ է արել, եւ դիմումը գրել է այն բանից հետո, երբ բացահայտվել է այն, ինչի հետ կապված գործ է հարուցվել»։ Տնօրենի պաշտոնակատարը այժմ կայանի գլխավոր ինժեներն է։
Ե՞րբ կնշանակվի կայանի տնօրենը, առայժմ պարզ չէ։ «Նման կարեւորագույն օբյեկտներում նման որոշումները հեշտ չեն ընդունվում»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 411 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024