Վերջին տարիներին Արմավիրի մարզում ձևավորված ավանդույթի համաձայն և' գարնանային, և' աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում: Հուշահամալիրն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի խոր հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը: Այստեղ են հանգչում նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած տասնյակից ավել արմավիրցի քաջերի շիրիմները: Արմավիրի մարզում 2012 թվականի գարնանային առաջին զորակոչի մեկնարկն այսօր ևս ազդարարվեց այս խորհրդանշական վայրում, Սարդարապատի զանգերի ղողանջների ներքո: Զինակոչիկներին բարի ծառայություն մաղթելու և տոնական օրը նրանց և նրանց մերձավորների հետ կիսելու էին եկել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և համայնքապետեր: Պարտադիր զիվորական ծառայության մեկնող զինակոչիկները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ, նախ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ ողջույնի և բարեմաղթանքի խոսքով: Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մաղթեց զինակոչիկներին` կոչ անելով պատվով կատարել իրենց պարտքն հայրենիքի հանդեպ: <<Սիրելի զինակոչիկներ, դուք միշտ հիշեք, որ ծառայում եք հաղթանակած և տարածաշրջանի ամենահզոր ու մարտունակ բանակում: Պատվով ծառայեք և վերադարձեք ձեր ընտանիքները` բարձր պահելով Արմավիրի մարզի պատիվը: Բարի երթ ձեզ>>,-ասաց մարզպետը: Զինակոչիկներին օրհնության խոսք հղեց և բարի ծառայություն մաղթեց նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: <<Սարդարապատը մեր փրկության պատը եղավ դեռևս 94 տարի առաջ. փոքր ուժերով, բայց մեծ հավատով, սբ. Էջմիածնի ղողանջների ներքո հայ քաջորդիները պաշտպանեցին հայրենիքը, դուք նույնպես պաշտպանեք մեր հայրենի տունը` նույնքան սրբությամբ և հավատով>>,-իր բարեմաղթանքի խոսքում նշեց Սրբազան հայրը: Ապա զինակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և ուղևորվեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին: Նշենք, որ հուշահամալիրում ողջ ընթացքում չդադարեցին հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունները` բարձր տրամադրություն և մեծ ոգևորություն հաղորդելով ինչպես զինակոչիկներին, այնպես էլ նրանց հարազատներին ու ներկաներին: