Մասնագետները մատնանշել են քաղաքական կուսակցությունների պասիվ PR—ի պատճառները Հայաստանում նախընտրական շրջանում կուսակցությունները բավականին միապաղաղ եւ պասիվ PR արշավ են անցկացնում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց SPRING PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը՝ նկատելով, որ բնակչության մեծամասնությունը չի էլ հասկացել, թե ով ինչ էր ուզում ասել։ «Ոչ մի քաղաքական ուժի մոտ դրական PR մշակված չէր. copy—paste իրավիճակն էր։ Ոչ մի հաղորդագրություն մշակված չէր թիրախային լսարանի համար։ Միակ ուղերձը, որը բոլոր կուսակցություններին հաջողվեց հասցնել բնակչությանը, այն էր, որ պիտի լինեն արդար ընտրություններ»,–ասաց նա։ Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ նախընտրական շրջանում ամենալավ PR արշավը Նիկոլ Փաշինյանի 30 վայրկյանն էր։ «Նախընտրական շրջանում ամենաակտիվը mass media—ն էր, որն այդքան բաց վերջին քսան տարվա մեջ դեռ չէր եղել»,–ասաց նա։ Քոչարյանը նշեց, որ բոլոր քաղաքական կուսակցությունները մնացել են հին տեխնոլոգիաների հույսին։ «Ոչ ոք չկիրառեց նոր տեխնոլոգիաներ։ Դուռ առ դուռ տեխնոլոգիաները շատ քչերը արեցին»,–ասաց նա։ Անդրադառնալով բանավեճերի պասիվությանը՝ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ բանավեճի ընթացքում հեղինակազրկվելու հավանակությունը շատ մեծ է, եւ հենց դրանով է պայմանավորված դրանց պակասը։ Քոչարյանի խոսքով՝ բանավեճի մշակույթը մեզանում կայացած չէ։ «Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք»,— ասաց նա։ Երեկ լրագրողներին քարոզարշավի ընթացքի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց նաեւ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը։ Նա քարոզարշավը բաժանեց երեք խմբի. հանրահավաքներին մասնակիցների թվաքանակով առանձնացել են ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն ու ՀԱԿ—ը, ընտրազանգվածի միջին ծավալով ընտրարշավ կազմակերպել են ՀՅԴ—ն, ՕԵԿ—ն ու «Ժառանգությունը», առավել սակավամարդ են ՀԿԿ, ՀԴԿ ու «Միավորված հայեր» կուսակցության ընտրարշավային ակցիաները։ Նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում բավականին արմատական ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս ՀԱԿ—ը, մնացած բոլոր քաղաքական կուսակցությունները համեմատաբար մեղմ դիրքորոշում ունեն իշխանության նկատմամբ, այդ թվում նաեւ ԲՀԿ—ն ու ՀՅԴ—ն։ Գ. Քեռյանի գնահատմամբ, անորոշ քարոզարշավ է ունեցել ՕԵԿ—ը՝ «դժվար էր գտնել՝ որտեղ է սկսվում քննադատությունը, որտեղ լոյալությունը իշխանամետ կուսակցության նկատմամբ»։ Հեռուստաալիքների առումով Գ. Քեռյանը նշեց, որ հավասարապես լուսաբանել են բոլոր քաղաքական ուժերին, ինչը գնահատելի երեւույթ է։ Ըստ նրա, քարոզարշավը կրում էր բարոյախրատական միտումներ, մինչդեռ քաղաքական գովազդի էությունը պետք է լիներ այն, որ ներկայացվեին դրույթները, որոնցով պետք է լուծում ստանային առկա խնդիրները, ոչ մի քաղաքական ուժ խորությամբ չի անդրադարձել արտաքին քաղաքական հարցադրումներին։ Քաղաքագետի դիտարկմամբ, բոլոր քաղաքական ուժերի նախընտրական պլատֆորմները գրեթե նույնն էին։ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս պահի դրությամբ առաջատար կուսակցություններն են ՀՀԿ—ն եւ ԲՀԿ–ն։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Նա նշեց, որ այդ կուսակցությունների առաջատարությունը պայմանավորված է հստակ ծրագրերով եւ նպատակներով։ «Մնացած կուսակցություններից Դաշնակցությունը կհավակնի ձախ կենտրոնի տեղին, իսկ ՀԱԿ—ը, ունենալով դժվարություններ, կլինի աջ կենտրոնի կառույց։ Կոմկուսի եւ ՕԵԿ—ի մասին դժվարանում եմ որեւէ բան ասել, իսկ «Ժառանգություն»—ն ազգային լիբերալ արժեքների կրողն է եւ այս խմբավորումը, եթե անցնի էլ, ապա հետագայում կտրոհվի»,— նշեց քաղաքագետը։ Լեւոն Շիրինյանն ավելացրեց, որ այսօր քաղաքական գաղափարախոսության պակաս կա, եւ կուսակցությունների դժվարությունները պայմանավորված են երկխոսության բացակայությամբ։ «Կուսակցության ղեկավարները հեռուստաէկրանից հաղորդում են միայն իրենց տեսակետները, եւ չկա երկխոսություն»,—բացատրեց քաղաքագետը։
|