ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10 » Ուժի, կամքի, հաղթանակի զորահանդես /Տոնական հանդիսություններ ՝ Ստեփանակերտում/
17:35
Ուժի, կամքի, հաղթանակի զորահանդես /Տոնական հանդիսություններ ՝ Ստեփանակերտում/

Արցախում եթե թոթվախոս երեխային անգամ այսօր հարցնելու լինես, թե իր համար որն է ամենահիշարժան, պայծառ տոնը, նա միանշանակ կպատասխանի՝ Մայիսի 9—ը...
Մեծերից նա լսել է, որ 1945–ին իրենց պապերը պարտության են մատնել ֆաշիստներին։ Իսկ 1992—ին, նույն օրը, 47 տարի անց, պապերի սխրանքը կրկնել են նրանց որդիներն ու թոռները՝ գերությունից փրկելով հայոց բերդաքաղաք Շուշին։ Ու պատահական չէ, որ մեր կյանքում Մայիսի 9—ը նշանավորվեց եւս մեկ հիշարժան իրադարձությամբ՝ մեր տոնացույցում ամրագրվելով որպես պաշպանության բանակի ծննդյան օր։ Բանակ, որի գոյությամբ է պայմանավորված Արցախի 20—ամյա անկախ պետականությունը, նրա ժողովրդի անվտանգությունը, երկրի ապագան։ Այս ճշմարտությունը գիտակցում են բոլորը՝ մեծ ու փոքրով։ Ահա թե ինչու նրանց համար այնքան թանկ է հազարավոր հայորդիների արյամբ նվաճված հաղթանակը, որն աչքի լույսի պես պահպանելու, գուրգուրելու, սիրելու կարիք ունի։ 
Իսկ թե երկրի անվտանգությունն, իրո՞ք, հուսալի ձեռքերում է գտնվում, դրանում համոզվելու եւս մեկ առիթ էր երեկ մայրաքաղաք Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում Եռատոնին նվիրված զորահանդեսը։ 
Տոնական շեփորականչից հետո «Հայկական բանակ» երաժշտության ներքո սկսվում է զորահանդեսի շարասյուների մուտքը դեպի գլխավոր հրապարակ, ուր հանդիսությունը վայելելու են եկել հազարավոր արցախցիներ, Հայաստանից եւ սփյուռքից ժամանած հայրենակիցներ, հյուրեր՝ արտերկրից։
Կենտրոնական տրիբունա են բարձրանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապես Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, դիմելով զորահանդեսի մասնակիցներին եւ ներկաներին, մասնավորապես, ասաց. «Մայիսի 9—ը մեծ Հայրենականում մեր հայրերի ու պապերի հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի լավագույն զավակները մյուս ժողովուրդների հետ ձեռք ձեռքի պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության՝ անձնազոհ սխրանքի ու խիզախության օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար։ Մայիսի 9—ը մեր ազգային—ազատագրական պայքարում համայն հայության հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի բոլոր հատվածները համախմբվեցին Արցախի պաշտպանության վեհ գաղափարի շուրջ՝ դառնալով մի բռունցք, մի մարմին ու ոգի։ Ամեն ինչ արվում էր՝ հանուն մեր սուրբ գործի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի դարավոր նպատակների իրականացման, նրա հարատեւության ու լուսավոր ապագայի։
Հենց այդ գիտակցումով ազատագրեցինք տարիներ շարունակ գերության մեջ գտնվող Շուշին՝ մեր հինավուրց բերդաքաղաքը, հոգեւոր ու մշակութային կենտրոնը, որն այսօր վերածնվում է ու նոր շունչ ստանում։
Հենց այդ գիտակցումով ստեղծվեց պաշտպանության բանակը՝ մեր ժողովրդի ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, նրա հպարտությունն ու մեծագույն նվաճումներից մեկը։ Բանակը ծնունդ առավ արցախյան ազատամարտի բովում եւ պատվով կատարեց ու այսօր էլ շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանի իր սրբազան առաքելությունը։ Հայոց բանակի շնորհիվ է պահպանվում նաեւ խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում։ Սա անժխտելի իրողություն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։
Մենք անում ենք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բանակը միշտ լինի հզոր ու հաղթական, ունենա մարտունակության բարձր մակարդակ ու ամուր ոգի, պատրաստ ամեն պահի իրականացնել իր առջեւ դրված ցանկացած խնդիր»։
Ապա սկսվեց զորահանդեսը։ Հրապարակով անցան ռազմամարզական վարժարանի սաները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, Արցախի ազատամարտիկների միության անդամները, որից հետո շարահրապարակը տրամադրվեց զորամասերին։
Ներկաների վրա մեծ տպավորություն թողեցին Արցախի պաշտպանության բանակի ռազմական տեխնիկան, սպառազինության նորագույն միջոցները, հրթիռները, հրետանային համալիրները, երկնքում սավառնող ավիացիոն ստորաբաժանման ՍՈՒ—25, ՄԻ—24 եւ ՄԻ—8 ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։
Ռազմական շքերթը եզրափակեց պաշտպանության բանակի պատվո պահակային վաշտը՝ ցուցադրելով իր շարային հմտությունները։
Տոնական օրվա առթիվ իր ուղերձն է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որում, մասնավորապես, ասված է. «Շուշիի ազատագրումով Աստծո արդարության լույսը փայլեց մեր կյանքում՝ լիառատ ուրախությամբ համակելով սրտերը մեր ժողովրդի եւ առատացնելով հույսերը պատերազմի հաղթական ավարտի։ Այսօր լռել են պատերազմի ձայները։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ նորոգված ու նորաշուք եկեղեցու զանգակատան բարձունքից հրեշտակները հնչեցնում են օրհներգության փողը հաղթանակի ու խաղաղության, հնչեցնում են շեփորն ազատ կյանքի եւ արդար իրավունքի, որը երբեք եւ ոչ մի ժամանակ չլռեց մեր ժողովրդի հոգում։ Ազատ ապրելու այս ոգով է գրվել մեր դարավոր հերոսական պատմությունը։ Այս ոգով մեր ժողովուրդը, այդ թվում՝ Արցախի քաջարի զավակները, իր արժանի մասնակցությունն ու մեծ ավանդն է բերել Երկրորդ աշխարհամարտում՝ պայքարելով ազգերի լիիրավ ու խաղաղ կյանքի համար։ Այսօր ազգս հայոց, նույն ոգով հաղթանակած Արցախյան ազատամարտում, տերն է իր արդար իրավունքների։
Դժվարին, բայց հույսով, հավատքով ու տեսիլքով լեցուն ուղի ենք անցել, սիրելիներ։ Մենք հաղթեցինք պատերազմում, որը մենք չէինք սկսել։ Այդ պանծալի հաղթանակը մեր ժողովուրդը կերտեց հերոսական մաքառումով, անհամար զոհողություններով, հավատավոր եւ հայրենանվեր հոգու արիությամբ։ Արցախով զորացան սրտերը աշխարհասփյուռ մեր ժողովրդի, եւ համախմբվեց ազգս՝ մեկտեղելով իր ուժերն ու հնարավորությունները հանուն Արցախի պաշտպանության եւ հայրենի պետականության ազատ ու բարօր կյանքի։ Արդարեւ, Արցախի այս հողն ու երկիրը, որ մի բուռ տարածքն է պատմական մեր հայրենիքի, վերջին երկու տասնամյակի իր պատմությամբ վկայությունն է բերում մեր ժողովրդի հայրենասեր ու ազգանվեր հոգու, վճռական կամքի, հաղթական բազկի, միասնականության եւ համատեղ ջանքերի արդյունավորման»։

Շուշին մեր արժանապատվության վկայագիրն է

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախում են  հարյուրավոր հայեր՝ աշխարհի տարբեր անկյուններից, ում համախմբել է միացյալ հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու հետաքրքրությունը, այստեղ են նաեւ տարբեր ազգությունների հյուրեր աշխարհի մի շարք երկրներից։ Նրանք չեն թաքցնում հանդիսություններից, մասնավորապես՝ զորահանդեսից ստացած իրենց տպավորությունները։
Աշոտ Ղուլյան, ԼՂՀ ԱԺ նախագահ. «Իմ խորին համոզմամբ, մայիսի 9—ը ներդաշնակորեն կամրջում, միմյանց է կապում մի քանի սերունդների։ 1992—ից այն եռատոնի իմաստ ձեռք բերեց եւ դառնալով հայրենասիրության, հաղթանակների խորհրդանիշ, կարեւոր հիմնաքար հանդիսացավ ԼՂՀ կայացման եւ պաշտպանության բանակի ձեւավորման համար։ Այն խորհրդանշեց մեր զինվորների, պաշտպանության բանակի ազատության ոգու հաղթանակը։ Շուշի քաղաքի ազատագրումը բախտորոշ նշանակություն ունեցավ մայրաքաղաքի բնակչության անվտանգության ապահովման, հետագա ռազմագործողություններում նոր հաջողություններ ամրագրելու գործում՝ հանդիսանալով ռազմական արվեստի ու սխրանքի փայլուն օրինակ։ Ու այսօր ականատեսը լինելով Արցախի պաշտպանության բանակի՝ Վերածննդի հրապարակում կայացած ուժի, կամքի, գեղեցկության, հաղթանակի զորահանդեսի, մտածում ես՝ միջազգային հանրությունը չի կարող հաշվի չառնել նման իրողությունները ու չհարգել անկախություն հռչակած ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Օլեգ Եսայան, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան. «Ես, ինչպես ասում են, օտար մարդ չեմ այստեղ։ Մեկ անգամ չէ, որ ականատեսն եմ դառնում նման հիշարժան իրադարձությունների։ Սակայն անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ այսօրվա զորահանդեսը գերազանցեց բոլորիս սպասելիքները, ինչի համար ես անչափ ուրախ եմ ու հպարտ, ինձ թվում է, որ մեր բոլոր դիվանագետները այսուհետեւ ավելի ակտիվ ու հետեւողականորեն պիտի լծվեն ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին, եռապատկեն քառապատկեն իրենց ջանքերը՝ հասնելու մեր նպատակին։ Իսկ միջազգային հանրությունը, որ հետեւում էր այստեղ ընթացող հանդիսություններին, հատկապես զորահանդեսին, կարծում եմ, ըմբռնումով կմոտենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ արդար վճիռ կկայացվի»։
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ. «Շուշիի փառավոր հաղթանակը մեզ համար հարթեց մի այնպիսի ուղի, որից շեղվելու իրավունք չունենք, հետեւաբար մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր նվաճումներին ու ամրապնդել ձեռքբերումները։ Ներկայիս սերունդը կարողացավ փայլուն կերպով լուծել իր առջեւ դրած խնդիրը՝ վասն հայրենիքի ու վասն հավատի... Թող Շուշիի հաղթական ոգին զորեղ մնա մեր մատաղ սերունդների երակներում, որպեսզի նրանք կարողանան կրկնապատկել, եռապատկել մեր հաղթանակները»։
Ժաննա Գալստյան, Շուշիի մարտական գործողությունների մասնակից, ԼՂՀ ԱԺ պատգամավոր. «Այսօր տեսնելով 20—ամյա պաշտպանության բանակի զորահանդես— հաշվետվությունը՝ մեծ հպարտություն ապրեցի։ Հայ զինվորի կամքն անկոտրում է, բազուկը՝ զորեղ ինչպես Շուշիի ազատագրության ժամանակ, այնպես էլ այսօր։ Առավել եւս, երբ ծանր ու դժվարին փորձությունների միջով է նա անցել ու ամենաճակատագրական պահերին ապացուցել իր պատրաստակամությունը հայրենիքին, ժողովրդին»։
Կարեն Քեբաբչյան, Մերձավոր Արեւելքի երկրներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ. «Այսօրվա զորահանդեսը վկայությունն է այն իրողության, որ Արցախն անկախ, կայացած երկիր է՝ հաղթանակած իր բանակով, պետական կառույցներով, իր ստեղծարար ժողովրդով։ Զորահանդեսը նաեւ զգուշացում է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք քիչ հոխորտան ու չփորձեն ահաբեկել գոյություն չունեցող իրենց 7 միլիոնով... Ինչպես դա արվում էր 20 տարի առաջ՝ պատերազմ սանձազերծելով արցախահայության դեմ։ Պատերազմ, որն ավարտվեց հակառակորդի խայտառակ պարտությամբ։ Կարծում եմ, դա դաս պիտի հանդիսանա հարեւանների համար։ Եվ որքան Բաքվում շուտ հասկանան եւ հաշվի նստեն Արցախի իշխանությունների, ժողովրդի հետ ու ճանաչեն նրա անկախությունը՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, այնքան շահեկան կլինի հենց Ադրբեջանի համար»։
Գուրգեն Մելիքյան, բարերար, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան. «Վերածննդի հրապարակում կայացած զորահանդեսը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից, ինչպես 1992—ի մայիսի 9—ը, որը նշանավորվեց Շուշիի ազատագրմամբ։ Դիտելով զորահանդեսը՝ փորձում էի համեմատություն որոնել 20 տարի առաջ պատերազմող ու այսօր կայացած բանակի միջեւ։ Կասկած չկա, որ թշնամին եթե փորձելու լինի նորից պատերազմ սանձազերծել, ապա Արցախի պաշտպանության բանակի կողմից արժանի հակահարված կստանա»։
Միջոցառմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի ծնողները՝ Գրետա մայրիկն ու Զավեն Սարգսյանը։ Սպարապետի մայրը ներքին հպարտությամբ, հուզմունքով, արցունքներն աչքերին հետեւում էր ԼՂՀ պաշտպանության բանակի ցուցադրած «ժամանակագրությանը», որում, անշուշտ, մեծ ներդրում ունի նաեւ իր որդին՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանը։
Նրանց կողքին էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Վարպետը հրճվանքով դիտում էր զորահանդեսը եւ ասաց. «Ամեն Աստծու օր աղոթում եմ Շուշիի ազատագրման համար ընկած մարտիկների հոգիների հանգստության համար, նրանց համար, որոնք անձնազոհաբար կռվել են հանուն հայրենիքի»։ 
Հաղթանակի զորահանդեսից հետո տոնական միջոցառումները շարունակվեցին մշակութային եւ մարզական տարբեր ծրագրերի շրջանակներում։ Իսկ երեկոյան հանդիսության մասնակիցներին հյուրընկալել էր մայրաքաղաքի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտը, ուր Հայաստանի եւ Արցախի արվեստի վարպետների, հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ տոնական համերգ։
Մայիսյան եռատոնի միջոցառումները եզրափակվեցին տոնական մեծ հրավառությամբ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 592 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024