«Ապրիլի 26—ի լույս 27—ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար—Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհատվածում տեղի ունեցած դեպքը միանշանակ դիվերսիա է իրականացված ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանական զինված ուժերի քայլերը արդեն ցնցում են նաեւ համաշխարհային հանրությանը»,–մեկնաբանելով Ադրբեջանի կողմից, Տավուշի մարզում իրականացրած գործողությունները՝ «Panorama.am»—ին ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ նրա, միջադեպի հետ կապված՝ միջազգային կառույցների գնահատականներն ու դատապարտման խոսքերը, ցավոք, նորից աչքի չեն ընկնում հստակ հասցեականությամբ, իսկ դատապարտման մեխանիզմները ավելի քան գործուն չեն։ Փորձագետի խոսքերով, մասնագիտական տեսանկյունից սա լիովին տեղավորվում է ադրբեջանական ղեկավարության դատողության եւ բանակի գործողությունների փիլիսոփայության մեջ. անակնկալ հարձակում կատարել անզեն մարդկանց վրա, անասնագողություններ անել եւ այլն։ «Ադրբեջանական քայլերը, իհարկե, սրանով մի քանի նպատակ են հետապնդում՝ մի կողմից բարձրացնել սեփական բանակի ու ժողովրդի ոգին, ցույց տալ իրենց «զորեղությունը»։
Ադրբեջանական կողմն այդ գործողություններն իրականացնելիս նկատի է ունեցել ՀՀ—ում նախընտրական վիճակը, ինչո՞ւ չէ, նաեւ այն հանգամանքը, որ շուտով սկսվելու է գարնանային զորակոչը, որը եւս կարեւոր հանգամանք է։ Նրանք միշտ էլ այս շրջանում ակտիվանում են։
Անխոս, մեր պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը զոհեր է գրանցել, ինչի մասին վերջիններս շարունակ լռում են։ Մեր գործողությունների արդյունքները դեռ երեւալու են։ Նրանց մոտ հետեւյալ տրամաբանությունն է գործում. եթե անգամ ամեն մի հայի դիմաց սպանվի 10 ադրբեջանցի, ամեն ինչ արդարացված է։ Ահա ադրբեջանական պայքարի լոգիկան»,–նշել է նա։
Ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը, մեկնաբանելով հայ—ադրբեջանական սահմանում առկա լարվածությունը, ադրբեջանական կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ իրականացված կրակահերթերը, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, ու այդ ճանապարհին ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում։
Նրա խոսքերով, Ադրբեջանում կարծում են, թե սպառազինության ձեռքբերումը նրանց հզորություն է տվել, այդ քայլերով իրենց ուժն են փորձարկում, իսկ նման պարագայում հայկական կողմի պատասխանը՝ ոչ համարժեք, չպետք է ուշանա։
Ա. Պետրոսյանը ասել է, որ նմանատիպ դեպքերում պետք է այնպիսի պատասխան հարված հասցնել, որ Ադրբեջանը հասկանա իր քայլերի ճակատագրական լինելու հանգամանքը, պետք է սթափվի։
Նրա համոզմամբ՝ այդ կրակահերթերը կարող են փոխարինվել հրետանային հարվածներով ու վերաճել պատերազմական իրավիճակի, սակայն դա մեզ անհանգստացնում է ոչ թե այն պատճառով, որ մենք պատերազմից ենք վախենում, այլ նրանով, որ, ի տարբերություն ադրբեջանցիների, մեզ համար ցանկացած մարդու կյանք շատ թանկ է։